...

Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն արժանի ընդդիմախոս չունեցավ

Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն արժանի ընդդիմախոս չունեցավ

Մտածե՞լ եք՝ ինչու են մինչ օրս հայաստանյան կարևոր խնդիրները դիտարկում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անվան հետ կապելով: Ասենք: Որովհետև միայն նա է ռեալիստական լուծումներ առաջարկել, ավելին՝ հենց նրա լայնախոհության շնորհիվ ենք 90-ականների սկզբին դուրս եկել ծանրագույն ճգնաժամերից և հաղթել պատերազմում: Որովհետև ի տարբերություն բազմաթիվ ընդդիմախոսների՝ տեսել է ամբողջական պատկերը, տեսել է իրականությունը և կարողացել է կողմնորոշվել այնպես, որ չվնասի մեր երիտասարդ պետականությանը:

Ափսոս, իհարկե, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն արժանի ընդդիմախոս չունեցավ: Գուցե նորմալ բանավեճ ստացվեր: Բայց նրան հակադրվողները, հաճախ անձնական անլիարժեքության բարդույթից ելնելով, հարստացնում էին և են հայոց առասպելաբանությունը: Հիմա էլ նույնն են անում, թեպետ 1998 թվականից ՀՀ առաջին նախագահը իշխանություն չունի: Այսօր ձեզ կներկայացնենք այդ «ընդդիմախոսություններից» 2-ը, որոնք արագ տարածվում են մեր առանց այդ էլ շփոթահար հանրության մեջ:

1. Լ. Տեր-Պետրոսյանը 1994-ին պետք է կապիտուլյացիա պարտադրեր Ադրբեջանին, այսինքն՝ աներ մոտավորապես այն, ինչ հիմա անում է Իլհամ Ալիևը: Նման կարծիք տարածողները գրագետ մարդիկ են, որոնք իրենց մտավորական են համարում: Իսկ սրա ավելի ժողովրդական, ֆիդայական տարբերակը հետևյալն է. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չխանգարեր, Բաքվում չայ կխմեինք»: 

Հազարավոր անգամներ այս մարդկանց ներկայացվել են փաստեր 94-ին Հայաստանի և Արցախի, մեր զինված ուժերի հնարավորությունների մասին: Հազարավոր անգամներ ներկայացվել են փաստեր միջազգային իրադրության մասին, պատերազմը շարունակելու պայմաններում Հայաստանին սպառնացող վտանգների մասին, բայց ո՛չ, նույն ապուշությունը պնդում են 2 տասնամյակից ավելի: Այս մարդիկ ներկա և նախկին իշխանությունների թիմակիցներն են: Հիմա հակադարձ հարց տանք հատկապես դաշնակ-քոչարյանական շրջապատին. 98-ից իշխանություն եք, ինչո՞ւ պատերազմ չհայտարարեցիք Ադրբեջանին: Ուժեղ էիք, ձեզ հաղթած երկիր էին ժառանգություն թողել: Ինչո՞ւ հերոս,վոյին տղերքով Բաքուն չգրավեցիք: Հը՞:

Ձեր իրական հետևորդը՝ Նիկոլ Փաշինյանը, բանակցություններից դուրս եկավ,սկսվեց պատերազմը: Արդյունքն ինչպիսի՞ն է, գո՞հ եք:

2. Երկրորդ «հանճարեղ» միտքն առայժմ տարածվում է «ժողովրդական» ճանապարհով: Թեպետ դժվար է այն ձևակերպելը, փորձենք: «Եթե Լ. Տեր-Պետրոսյանը գիտեր, որ վերջը սա է լինելու, ինչո՞ւ սկսեց Արցախյան շարժումը»: Լավն է, չէ՞: Դե գնա՛ ու բացատրի՛ր, որ շարժումն անխուսափելի էր, որ շարժումը մեր ազատագրումն էր, որ շարժումը վերածվեց Անկախության շարժման: 30 տարի է՝ չենք կարողանում մեր հեքիաթասացներին բացատրել, որ կայսրությունների փլուզումն օրինաչափություն է, որ Խորհրդային Միությունն այլևս կենսունակ չէր և պետք է մեռներ: Եվ եթե Հայաստանում չլիներ շարժումը, մենք շատ ավելի վատ վիճակում կարող էինք հայտնվել…

Ո՛չ, չեն հասկանալու, հասկանան էլ, չեն ընդունելու: Որովհետև 30 տարի պայքարել են Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, պայքարել են, բայց այդպես էլ չեն հաղթահարել սեփական բարդույթները: Ուստի չեն կարող ընդունել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր և է, իսկ իրենք ուղղակի վնասարարներ են, ոչ թե ընդդիմախոսներ:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1343 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ