...

Լավ էլ միաբան եք՝ անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար...

Լավ էլ միաբան եք՝ անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար...

Եթե ձեր բանականությունը դեռ չեք կորցրել, ապա չեք կարող չնկատել, որ այսօրվա ընդդիմությունը ոչ միայն նույնքան անգաղափար է, որքան իշխանությունը, այլև իր իռացիոնալ աղմուկով օգնում է իմքայլականներին: 

Քանի որ չեմ ուզում պատմական երկարաշունչ ակնարկ գրել, կարճ կձևակերպեմ:

Սկսենք խորհրդարանական ընդդիմությունից: Ի՞նչ հստակ ծրագիր են ներկայացրել արցախյան հարցը լուծելու համար ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն: Ոչ մի: Որպես նախկին և ներկա իշխանությունների հավատարիմ դաշնակիցներ նրանք լավագույն դեպքում խուսափել են այդ խնդիրն արծարծելուց: ԲՀԿ-ն հանդես է եկել որպես Գագիկ Ծառուկյանի անձնական կուսակցություն, որին առավելաբար հետաքրքրել են տնտեսական ինչ-ինչ խնդիրներ, ԼՀԿ-ն իբր ժողովրդավար և արևմտամետ է, բայց որևէ հստակ գաղափարախոսության կրող չէ, արցախյան հարցում դիրքորոշում չի արտահայտել: Ավելին, սեպտեմբերի 28-ին՝ ԱԺ արտահերթ նիստում, վարչապետին ձայնակցելով, մեկը մեկից հայրենասեր էին ուզում ներկայանալ՝ թունդ և սարսափազդու բառեր սփռելով, թշնամուն և աշխարհին սպառնալով:

Հիմա էլ, հենց այսօր, նրանց հակասական հայտարարությունները միայն մի բան են խորհրդանշում՝ իշխանության դեմ պայքարի իմիտացիա: Ինչու՞ իմիտացիա: Որովհետև շատ լավ էլ գիտեն, որ մեծ աջակցություն հասարակությունից սպասել չեն կարող: Հետևաբար փորձում են այլընտրանք ներկայանալ իշխող ուժին՝ ռուսներին հուշելով, որ իրենք կարող են փոխարինել ներկաներին:

Արտախորհրդարանականները նույնպես լավ հասկանում են, որ ուժեղ հենարան Հայաստանում չունեն: Սրանց հույսն իրենց տիկնիկավարների ազդեցությունն է, փողի՛ ազդեցությունը: 

Բայց կրկնեմ՝ սրանք օգնում են իշխող ուժին իրենց գոյությամբ և «պայքարով», քանի որ հայդատականությունից, ոչմիթիզականությունից ոչ մի միլիմետր հեռանալ չեն ուզում: Ի դեպ, մե՛կ մեղադրում են վարչապետին, որ հողերը ծախեց, մե՛կ պնդում են, որ կարող էր համաձայնագիրն ավելի շուտ ստորագրել: Սակայն ոչ ոք չի ուզում խոսել պատերազմից խուսափելու մասին:

Գրեթե նույն վիճակում է հանրապետության նախագահը, որը ինչ- որ հանդիպումներ է ունեցել ինչ-որ ուժերի հետ: Սա էլ չի տեսնում իր մեղքի բաժինը: Մոտ երեք տարի է՝ նախագահ է: Հասկացանք՝ առավելաբար արարողակարգային պաշտոն ունի, բայց մեր պետության կարևորագույն խնդրի մասին կարո՞ղ էր իր կարծիքն ունենալ և ասել: Ո՛չ, չի ասել: Փոխարենը կրկնել է համաշխարհային ազգի մասին վազգենմանուկյանական ցնդաբանությունը, գերագույն հաճույքով խոսել Սևրի վաղուց մեռած դաշնագրով մեզ տրվող «օգուտներից»:

Հետո էլ բողոքում են անմիաբանությունից: Հանգստացե՛ք, տիկնա՛յք և պարոնա՛յք, բոլորդ էլ միաբան եք, անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար...

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ