Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի սկանդալային հայտարարությանը, ասել է. «Բաներ կան, որ բոլորս, բայց նախևառաջ իշխանությունները, պետք է լավ հասկանանք։ Օրինակ, որ առանց Բալասանյանի ու նրա պես մարդկանց՝ մեր պետությունը դատապարտված է ոչնչացման»:
«ՉԻ». Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կարող են հաշիվ պահանջել Հրանտ Մելիք-Շահնազարյանից. չէ՞ որ քոչարյանականները օրումեջ իրենց լրատվամիջոցներով վանկարկում են, որ հենց Քոչարյանն է Հայաստանն ու Արցախը փրկել ոչնչացումից, չի թողել, որ ադրբեջանցիները թեյ խմեն Ստեփանակերտում, մուրաբա ուտեն Երևանում, և հիմա էլ Հայաստանի միակ փրկիչը նա կարող է լինել:
Սերժ Սարգսյանի կողմնակիցները նույնպես կարող են դժգոհ լինել: Ո՞ւր էր Վիտալի Բալասանյանը, երբ Սերժ Սարգսյանը ազատագրում էր Արցախը, Հայաստանը, և պատրաստվում էր ցմահ փրկել Հայաստանը, թե չլիներ թավշյա հեղափոխությունը:
Իսկ ընդհանրապես, դատապարտված է այն պետությունը, որի հույսը պիտի մնան տեռորի և մարդկանց ոչնչացնելու սպառնալիքներով հրապարակավ հանդես եկող «փրկիչները»:
«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019