Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, իր վերջին ուղիղ եթերներում արված հայտարարություններով, գրառումներով Նիկոլ Փաշինյանը ներհասարակական թշնամության երկրորդ ալիքն է բարձրացնում:
«Եթե մարդը կենսական անհրաժեշտությունից ելնելով՝ գնում է բանկ կամ ուրիշ տեղ է հերթ կանգնում, Փաշինյանի հայտարարություններից հետո նրա հարևանը նրան սկսում է դիտարկել՝ որպես թշնամի, որպես սպառնալիքի աղբյուր։ Լավ օրից չէ, որ մարդը, օրինակ՝ Մեյմանդարի շուկայում առևտուր է անում, այլ փորձում է կենսական անհրաժեշտության խնդիրներ լուծել, և դա պետք է մեր իշխանությունը հաշվի առնի»,- 168.am-ի հետ զրույցում նման մտքեր է արտահայտել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«ՉԻ». Հայաստանում բոլոր տեսակի գործունեությունների լիցենզիաները մանրամասն ստուգվում են, և կարծես թե միակ ոլորտը, որտեղ բացարձակ ամենաթողություն է տիրում՝ քաղաքագիտությունն է և քաղաքագետի մասնագիտական որակավորումը:
Նմաններին օրենքով պետք է արգելել քաղաքագետ կոչվել: Թող էլի կանչեն հարցազրույցների, ասուլիսների, բամբասանք փարթիների, բայց ուրիշ կերպ ներկայացնեն: Ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող: Կամ՝ Սերժ և Ռիտա Սարգսյանների բարձր հովանու ներքո գործող «Խավար» հիմնադրամի աշխատակից:
Այսինքն, երբ կառավարությունը և պարետատունը ուշացումով կարգուկանոն հաստատեցին բանկերի առաջ խոյացող հերթերում, ներհասարակական թշնամության երկրորդ ալիք բարձրացրեցին: Առաջինն էլ երևի հասարակական տրանսպորտում իրար հպվելու արգելքն էր: Մյուս կողմից՝ ասածի մեջ կա ճշմարտություն: Երբ չեք թողնում, որ տրանսպորտում իրար հպվեն, գոնե գիտե՞ք, թե որքան է դժվարանում գրպանահատների գործը: Իսկ գոնե պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, իսկ տրանսպորտի 2 ամիս չաշխատելու պայմաններում ընդհանրապես զրկվել են մի կտոր հացից:
Մելիք-Շահնազարյանը իհարկե ներհասարակական ատելություն չի տարածում, բայց մեկ այլ բան է տարածում՝ ամբողջ ուժով արհամարհանք քաղաքագետի մասնագիտության հանդեպ:
Իմիջիայլոց, Մելիք-Շահնազարյանը միշտ չի եղել այսպիսին: Կոնկրետ հեղափոխությունն է ազդել այս տղայի վարքագծի վրա: Օրինակ՝ ինքը ծպտուն չհանեց, երբ Սերժ Սարգսյանի կառավարությունը ներդրեց Ազդարարի ինստիտուտը: Թերևս ձայն չհանելու պատճառը եղել է համոզմունքը՝ միևնույն է Սարգսյանը դա կյանքի կոչողը չէ, հերթական թղթի վրա մնացող նախաձեռնությունն է, ինչ իմաստ ունի մտահոգվել հնարավոր ներհասարակական թշնամության մասին: