...

Գազի հարցում խոսելու տեղ չունեք

Գազի հարցում խոսելու տեղ չունեք

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ռուսական գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ ընթացող բանակցություններին, ասել է. «Գազի գնի հարցը փորձագիտական շրջանակ տանելը Հայաստանի համար լրացուցիչ դժվարություններ կառաջացնի, ինչին մենք արժանացանք ինքնագոչ արտաքին քաղաքականության պատճառով»:

«ՉԻ». Այս իշխանություններին կարելի է ամեն ինչում քննադատել, բայց գազի գնի, գազաէներգետիկ քաղաքականության հարցերում նախկիններն ընդհանրապես խոսելու տեղ չունեն: Այս իրավիճակը նախկինների հանցավոր գործունեության արդյունքն է:
Ոնց որ թե նախկիններն էին, որ 2013թ. նոյեմբերին «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոսը հանձնեցին Ռուսաստանին, այսինքն՝ «Գազպրոմ-Արմենիային»՝ 300 մլն դոլարի պարտքի դիմաց:

300 միլիոն պարտքը ինչպե՞ս էր ձևավորվել. պարզապես կերել էին: Գազը Ռուսաստանից ներմուծել են, մեզ վրա վաճառել, մենք՝ քաղաքացիներս, հասարակ վճարողներս, պարտաճանաչ վճարել ենք այդ գազի դիմաց, բայց մեկ է, 300 մլն դոլարի պարտք է առաջացել: 2000 թվականին էլ է այդպես եղել, 2003-ին էլ, 2004-ին էլ, մինչև 2013-ի վերջը: Անընդհատ, կերել են, դիմացը հերթական օբյեկտն են տվել ռուսներին, կերել են, հանձնել են: Մեր հէկ-երը, ատոմակայանը, բաշխիչ ցանցերը, Սևան-Հրազդան հէկ-երը, Իրանից եկող գազատարը: Ինչ հնարավոր էր վաճառել, նվիրել, հանձնել են:

2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիր են ստորագրել, որի տակից մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ:

Վերցրել են, ու մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը «Գազպրոմին» բացառիկ մենաշնորհային իրավունքներ տվել: Այսինքն, մինչև 2043 թվականը միայն «Գազպրոմից» կարող ենք գազ ներմուծել, կամ պիտի իր թույլատվությունն ունենանք, գազի ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունք ենք տվել, այսինքն, եթե նույնիսկ Իրանից ցանկանանք գազ ներմուծել, կամ պիտի առանձին խողովակաշար կառուցենք, կամ պիտի «Գազպրոմի» թույլատվությունը ստանանք: Կամ «Գազպրոմը» իրավունք է ստացել «ՀայՌուսգազարդի» գույքը և իրավունքները օտարել՝ «առանց Հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության», այսինքն՝ «Գազպրոմը» կարող է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները և իր այլ սեփականությունը հանձնել, օրինակ՝ Թուրքիային:

Կամ «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդ»-ի վերաբերյալ բոլոր տվյալները, տեղեկությունները կարող է տրամադրել ցանկացած երրորդ կողմի: ՀՀ կառավարությունը համաձայնագրի 6-րդ հոդվածով վայր է դրել «Գազպրոմ»-ին պատկանող գույքի ազգայնացման կամ ռեկվիզիցայի որևէ իրավունք, այսինքն՝ երաշխավորել է, որ ՀՀ ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն ոտնահարի «Գազպրոմ» ընկերության և դրա իրավահաջորդների իրավունքները և շահերը:

Այնպես որ, ինքնագոչը նախկիններն էին, որ այսպիսի կապիտուլյացիոն պայմաններով Հայաստանի ու Արցախի անվտանգությունը վաճառեցին ու հանձնեցին օտարներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ