...

Գյուղմթերքը կթանկանա

Գյուղմթերքը կթանկանա

Թանկացումներ են սպասվում

Հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Բնակիչ-բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։ Ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար ևս թանկացում կլինի. հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։ Ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար ևս թանկացում կլինի․ հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն։

Գյուղմթերք արտադրողների համար գազի գնի բարձրացումը հաջորդ սեզոնին գնաճի է բերելու: Այսպիսով ջերմոցային տնտեսությունների հետագա գործունեությունն է հարցականի տակ դրվելու: Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Արմեն Սիմոնյանի խոսքով՝ տուժելու են արտադրողն ու սպառողը: Արդեն մոտավոր հաշվարկել է, թե կապույտ վառելիքի գնի բարձրացման հետևանքով ինչքան կարող է թանկանալ գազով տաքացվող ջերմատան արտադրանքը:

«Մոտավոր հաշվարկով 30 տոկոսով թանկանալու է գյուղմթերքի արտադրությունը: Գնաճն անխուսափելի է լինելու՝ կախված նրանից, թե ձմռանն ինչ աստիճանի է ցուրտ գրանցվում: Բերքի ինքնարժեքի մեջ 50-70 տոկոսը գազի գինն է: Իսկ դա շատ մեծ թիվ է: Գյուղմթերքը թանկանալու է, բայց պետք է նշել, որ գազի սակագնի բարձրացումը շղթայական գնաճի է բերելու: Գնաճ արձանագրվելու է նաև տնտեսության մյուս ճյուղերում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց ֆերմերը:

Այսօր Հայաստանում գործող ջերմատների ճնշող մեծամասնությունը գազով է ջեռուցվում: Ցածր և անտոկոս վարկերով գայթակղված՝ շատերն այս տարի սկսել են ջերմատնային բիզնեսով զբաղվել: Ջերմոց են սարքել ու հիմա գազի սակագնի բարձրացման լուրը լսելուց հետո փաստի առաջ են կանգնել:

«Այդ ջերմատներն ինչքանով են կարողանալու սպառած գազի գումարները վճարել այն դեպքում, երբ ունենք նաև ապրանքի նորմալ ռեալիզացման խնդիր: Այսօր լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 300 դրամ է, գազի գինն էլ 25 տոկոսով ավելանում է: Հաշվեք, թե ինչքան ապրանքը թանկացավ: Այստեղ հարց է առաջանում, թե սպառողը որքան գնողունակ է: Այսօր արդեն ժողովուրդը խնդրի առաջ է կանգնել՝ շատերը վիրուսի պատճառով գործազուրկ են դարձել: Աստիճանաբար գնում ենք սնանկացման»,- նշեց մեր զրուցակիցը:

Արմեն Սիմոնյանը նշեց, որ լոլիկի արտահանմամբ զբաղվում են միայն խոշոր արտադրողները: Իրացումից այս տարի դժգոհ չեն: Վիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով որոշ գյուղմթերքի տեսակներ չեն ներկրվել: Սա էլ հնարավորություն է տվել, որ հայ արտադրողն իր ապրանքը կարողանա սպառել: Բայց շուտով իրավիճակը կարող է կրկին փոխվել:

Կապույտ վառելիքի թանկացումը մեր ապրանքը մրցունակ չի դարձնելու ո՛չ դրսի շուկայում և ո՛չ էլ ներսում:

«Արտահանման դեպքում չենք կարող մրցունակ լինել, որովհետև մեր արտադրանքի ինքնարժեքը բարձր է: Օրինակ՝ ռուսական շուկայում Թուրքիայից գյուղմթերք են բերում, որն աճեցվում է առանց էներգակիրների ծախսի: Մենք այս դեպքում գնային առումով չեն կարող մրցակցել»,- հավելեց արտադրողը:

Ջերմոցատերերն անհանգստանում են, որ գազի սակագնի բարձրացումը կանաչ լույս է վառելու ներկրողների համար: Հենց տեղական շուկայում ջերմատներում աճեցված գյուղմթերքը թանկացավ, ներկրումներ կանեն: Արմեն Սիմոնյանն ասում է՝ հիմնական տուժողը փոքր և միջին բիզնեսն է լինելու: Տեղական խոշոր արտադրողը կկարողանա աշխատել՝ հարվածելով փոքրերին:

Ֆերմերները կառավարության ուշադրությունն են հրավիրում իրենց խնդիրների վրա՝ պահանջելով, որ գյուղատնտեսության ոլորտին առանձնակի վերաբերմունք ցույց տան:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1136 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ