...

Թանկացումների նոր ալիք է սպասվում

Թանկացումների նոր ալիք է սպասվում

Գյուղմթերքը կթանկանա

Թեև գազի սակագնի մոտ 4․5 տոկոսով բարձրացումը շրջանցում է շարքային սպառողներին, սակայն որոշակի բացասական հետևանքներ է ունենալու տնտեսության վրա, ինչն անխուսափելիորեն անդրադառնալու է քաղաքացու գնողունակության վրա:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։ Ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար ևս թանկացում կլինի․ հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն։

Գյուղմթերք արտադրողների համար գազի գնի բարձրացումը հաջորդ սեզոնին գնաճի է բերելու: Ջերմոցային տնտեսությունների հետագա գործունեությունն է հարցականի տակ դրվելու:

«Ոչ մի լավ բանի չի բերելու: Գնաճն անխուսափելի է լինելու: Հաջորդ տարվանից արդեն գյուղմթերքի գները կբարձրանան: Կախված նրանից, թե ձմռանն ինչ աստիճանի է ցուրտ գրանցվում՝ բերքի ինքնարժեքի մեջ 50-70 տոկոսը գազի գինն է: Իսկ դա շատ մեծ թիվ է: Դեռ չեմ հաշվարկել, թե քանի տոկոսով գյուղմթերքը կթանկանա, բայց գների բարձրացում է տեղի ունենալու»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ տնօրեն Պողոս Գևորգյանը:

Փոքր և միջին բիզնեսը՝ հարվածի տակ

Այսօր Հայատանում գործող ջերմատների ճնշող մեծամասնությունը գազով են ջեռուցվում, իսկ կապույտ վառելիքի թանկացումը մեր ապրանքը մրցունակ չի դարձնելու ո՛չ դրսի շուկայում և ո՛չ էլ ներսում:

«Արտահանման դեպքում չենք կարող մրցունակ լինել, որովհետև մեր արտադրանքի ինքնարժեքը բարձր է: Օրինակ՝ ռուսական շուկայում Թուրքիայից գյուղմթերք են բերում, որն աճեցվում է առանց էներգակիրների ծախսի: Մենք այս դեպքում գնային առումով չեն կարող մրցակցել»,- նշեց փորձագետը:

«Ջերմոցային ասոցիացիայի» տնօրենին անհանգստացնում է, որ գազի սակագնի բարձրացումը կանաչ լույս է վառելու ներկրողների համար: Հենց տեղական շուկայում ջերմատներում աճեցված գյուղմթերքը թանկացավ, Պարսկաստանից ներկրումներ կանեն: Ասում է՝ հիմնական տուժողը փոքր և միջին բիզնեսն է լինելու: Տեղական խոշոր արտադրողը կկարողանա աշխատել՝ հարվածելով փոքրերին:

«Այսօր խոշոր ջերմոցային տնտեսություններ կան, որոնք իրենց ապրանքի առաջին սորտը դուրս են հանելու: Իսկ երկրորդ սորտն էլ էժան գնով տեղական շուկայում են վաճառում: Այս դեպքում գյուղացին չի կարող գոյատևել, արած ծախսերի տակից չի կարողանալու դուրս գալ: Փոքր և միջին ջերմոցային տնտեսությունները կսկսեն «սկել» և կամաց-կամաց փակվել»,- տեսակետ հայտնեց նա:

Գազը՝ ներդրումների խոչընդոտ

Հենց գազի սակագինն էլ ներդրումների համար հիմնական խոչընդոտն է: Արդեն երկար ժամանակ է՝ ջերմոցաշինության տարբեր ծրագրեր են ներդրվել: Դրանցից օգտվելու համար «Ջերմոցային ասոցիացիային» ամեն օր դիմում են, բայց ոչ ոք դեռ ռիսկ չի արել մտնել այդ բեռի տակ:

«Մեզ դիմում են 3000-5000 մետր ջերմոց սարքելու համար: Մենք Չինաստանից ջերմոցի համար էժան և որակյալ «մատերիալ» ենք ներկրում: Մարդիկ գալիս և հետաքրքրվում են: Ամեն օր մեզ դիմում են, բայց դեռ մի հոգի չկա, որ ջերմոց սարքի: Ասում են, որ գազը թանկանալու է, ո՞նց ռիսկ անենք ու մտնենք դրա տակ»,- փոխանցեց Պողոս Գևորգյանը:

Նրա խոսքով՝ գազի գնի բարձրացումից հետո կառավարությունը պետք է աջակցության ծրագրեր մշակի հարվածի տակ ընկնող տնտեսվարողների համար։ Բայց չի կարծում, թե պետությունը նման քայլի գնա:

«Կառավարությունը նույնիսկ չկարողացավ «Գազպրոմի» վրա ազդել, որ այս սահմանափակումների ժամանակ տնտեսությունները «կռախի» առաջ չկանգնեին: Այս ընթացքում ծաղիկ աճեցնող ջերմոցային տնտեսությունները ընդհանրապես քաշվեցին՝ ապրանք չծախեցին: Առաջարկում էին՝ «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքեն, որպեսզի գազի գումարների մարման ժամանակացույցը հետաձգեին, նոր գրաֆիկ սահմանեին, ապրանքը վաճառելուց հետո գումարը մուծեին: Կառավարության այդ առաջարկությունը, սակայն, «Գազպրոմը» չընդունեց»,- նշեց նա:

Շուկայում գնաճ կլինի

Պողոս Գևորգյանը ստեղծված իրավիճակի ելքը համարում է նոր տեխնոլոգիաների ներդրումը, որպեսզի հնարավորինս ջեռուցման ծախսերը կրճատվեն և էժան գնով ապրանք արտադրվի:

Գազի սակագնի փոփոխությունն ուժի մեջ մտելուց հետո թանկացումների ալիք է սպասվում՝ կարծում է Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը: Հիմա հաշվարկում է, թե այս որոշումը որքան է հարվածելու իր բիզնեսին:

«Թանկացավ, ավելի վատ վիճակ է լինելու: Մի քանի շաբաթից արդեն մեր ապրանքի գինը կբարձրացնենք, որ կարողանանք տակից դուրս գալ: Մենակ ես չէ, բոլոր տնտեսվարողներն էլ իրենց ապրանքը թանկացնելու են»,- նկատեց տնտեսվարողը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ