...

Գազի գինը կախված է քաղաքական առևտրի ընթացքից

Գազի գինը կախված է քաղաքական առևտրի ընթացքից

Հայաստանից ինչ-որ բան են վերցրել

Սխալ է ասել, որ Հայաստանին էժան գազ է վաճառվել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հակադարձում է «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ նախագահ, էներգետիկ ոլորտի փորձագետ Արամ Գրիգորյանը: Իսկ Լավրովը հայտարարել է՝ երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ընկալվում էր, որ դա այդպես էլ պետք է լինի։ 

Գրիգորյանի խոսքով՝ եթե Հայաստանին Ռուսաստանն էժան գազ է վաճառել, ուրեմն հայկական կողմը դրա դիմաց ինչ-որ բան է զիջել:

«Ցանկացած էժան ապրանք որ վաճառել է, հավատացեք, որ Հայաստանից վերցրել են ինչ-որ մի բան: Բայց ասել, որ Հայաստանի սահմանին ինչ-որ գնով գազ է գնվում, սա էլ է աբսուրդ, որովհետև սահմանին ՀՀ-ն գազ չի գնում: Ռուսական Գազպրոմ ընկերությունը գազ է վաճառում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Երկուսն էլ իրենց կազմակերպություններն են: Եթե խոսում են այդ 150-160 դրամի մասին, սպառողին էլի էժան գնով չի վաճառվել, գինը բարձր եղել է և այդպես էլ մնում է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց նա:

Էներգետիկ ոլորտի փորձագետ Արամ Գրիգորյանի կարծիքով՝ Լավրովի հայտարարությունը ավելի շատ քաղաքական հնչերանգ ուներ: Նա տողատակերով բան էր ուզում հասկացնել իշխանություններին:

«Գազը որպես տնտեսական սուբյեկտ արդեն դուրս է եկել: Այն միայն ու միայն քաղաքական է, որովհետև քաղաքական հարաբերություններով է որոշվում արժեքը: Այստեղ տնտեսագիտություն չկա, հաշվարկներ չկան»,- մատնանշեց փորձագետը:

Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան գործընկերությանը՝ Լավրովը նշել էր, որ այն պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում։ Նա ակնարկել է, որ իրենց մտահոգում է Հարավ-կովկասյան երկաթուղիների դեմ հարուցված քրեական գործը։

«Գիտենք, որ երկաթուղին կոնցեսիոս պայմանագրով է աշխատում: Հայկական երկաթուղին շահագործման է հանձնվում ռուսական կողմից: Այդ երկաթուղու վրա այնքան խնդիրներ կան, որ հանձնել են Ռուսաստանին շահագործելու, և բնականաբար Լավրովը պետք է դա շոշափի և քաղաքական հնչերանգներ տա, որ ընկերությունում շատ ուսումնասիրություններ չարվեն: Եվ շատ հստակ ասեց: Այս բոլորը նման է քաղաքական առևտրի: Ասում է՝ եթե մի բանի կպնեք, կարող ենք գազի գինը բարձրացնել»,- հավելեց ՀԿ նախագահը:

Ըստ Լավրովի՝ մի քանի տարի չլուծված խնդիրներից մեկը Հայաստանում ներքին սակագներն են, որոնք այնպիսին են, որ բարդացնում են գնագոյացման հարցում առավել գերադասելի մոտեցումների կիրառումը:

«Գազպրոմ Արմենիա»-ն այս ամսվա սկզբին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ հայաստանցի սպառողների համար սահմանվի գազի վճարման միասնական սակագին, և այդ սակագինը բարձրացնել 11 տոկոսով:

Գնդակը մեր դաշտում է

Արամ Գրիգորյանը նկատում է, որ «Գազպրոմ Արմենիայի» այս և նախորդ ներկայացրած հայտերում հակասություններ կան: Ըստ նրա՝ հաշվարկներ կարվեն, բայց իշխանության վարած քաղաքականությունը կազդի ՀԾԿՀ-ի հայտարարության վրա:

««Գազպրոմ Արմենիա»-ն իր հայտով գազի բարձրացում չի ներկայացրել: Այստեղ էլ է մանիպուլյացիա: Ինքը բոլոր շերտերի համար վճարվող գինը հավասարեցնում է իրար: Այն 100 դրամները, որ անապահով խավին էր տրամադրում, դառնում է 136 դրամ: Իրականում դրանով այդ ընկերության շահույթները չեն բարձրանում: Գնդակը մեր դաշտում է, և խաղացողը հանձնաժողովն է: Նա կարող է այդ հայտը հիմնավորելով հետ ուղարկել կամ թողնել նույնը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է գործառույթ իրականացնի, ցավոք, ո՛չ հասկանում է՝ որն է իր գործառույթը, ո՛չ կարողանում է իրականացնել: Հանձնաժողովը որպես գործառույթ պետք է իրականացնի կողմերի՝ «Գազպրոմ Արմենիայի» և հայ սպառողների կողմերի հավասարակշռում: Սա ընթացակարգ է, բայց երբեք հայ սպառողի իրավունքը ներկայացված չի եղել որևէ որոշում ընդունելիս: Սա կարևոր գործիք է, որը պետք է լինի գազային այս քաղաքական խնդիրը մի փոքր տնտեսական ուղղություն տեղափոխելու մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ գազի գինը կախված է քաղաքական առևտրի հետագա ընթացքից: Եթե հայ-ռուսական հարաբերությունները չջերմանան, չի բացառվում, որ գազը թանկանա:

Մանյա Պողոսյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ