Երբ ասում էինք՝ ռոբասերժական համակարգի խմբավորումներն ու դերակատարները ոչ իշխանության եղած ժամանակ էին կարգին իշխանություն, ոչ էլ ընդդիմության դերում են պիտանի ընդդիմություն, բնավ չափազանցություն չէր։ Ու այս դառը իրականությունն ամեն օր ապացուցվում է։
Թվում էր, թե այդ մարդիկ ու շրջանակները միայն սովորական, կյանքի բնականոն ընթացքի օրերին կգտնվեն անպիտան ընդդիմության դերում ու այդ դերից դուրս կգան ոչ ստանդարտ, երկրի կյանքի համար օրհասական ժամանակահատվածներում։ Բայց, ինչպես երևում է, այդպես մտածելով, հոգու խորքում բավական «դրական» կարծիք ենք ունեցել նրանց մասին։ Ու չարաչար սխալվել ենք։
Օրհասական, ոչ ստանդարտ իրավիճակների առումով սույն «ընդդիմադիրները» իրենց ապապետական դեմքը բացահայտել էին կորոնավիրուսային թեմայի մեջ, երբ ձեռք-ձեռքի տված համաճարակի հետ՝ գրոհում էին ու են համաճարակի դեմ պայքարող իշխանության և ժողովրդի վրա։
Ոմանց ապապետական դեմքը ամբողջացավ այս երկու-երեք օրերին, երբ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում ու փաստացի ռազմական գործողություններ են ընթանում, այսինքն՝ լոկալ պատերազմ։
Եվ ահա, մինչ հայոց բանակը մարտեր է մղում Տավուշի սահմանային գծում ու ակնառու հաջողություններ գրանցում, երբ հանրությունը մի բռունցք դարձած, սրտատրոփ լուրերի է սպասում ռազմի դաշտից, հայտնի շրջանակները մի քանի ուղղություններով և տարբեր գործողություններով ու քարոզչական հնարներով երկրորդ ճակատն են բացել իշխանության ու հանրության դեմ։
Անադեկվատները հակաիշխանական ինչ-որ ավտոերթ են կազմակերպում՝ պահանջելով իրենց հանրահավաքներ ու ցույցեր անցկացնելու իրավունք տալ, որոնք արգելված են համաճարակի պատճառով։ Հատկանշական է, որ այդ անադեկվատ, ավելին՝ դավաճանական ակցիայի պաշտպանությամբ ու նրանց բերման ենթարկելու դեմ հանդես են գալիս ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները, քոչարյանական պիցայիստները (պիցայիստների կողքին սրանց համար նոր բառ է ի հայտ եկել՝ աջարակիցներ, որը ներմուծել է իրենց սրտի херос Քոչարյանը), սրանց աղբյուրներից սնվող նորելուկ քաղաքական ուժեր ու գործիչներ։
Այս նույն շրջանակները իշխանության դեմ հակաքարոզչական նոր «բարձունքների» են հասնում՝ շահարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արած այն արտահայտությունը, ավելի ճիշտ՝ հարցադրումը, թե կարո՞ղ է ադրբեջանցի զինվորները եկել էին ՈՒԱԶ-ի հետևից։ Փոխանակ այդ հարցադրման հետևում փորձեին տեսնել նախօրոք պատրաստված ու հատուկ նպատակով արված դիվանագիտական արտահայտություն՝ համեմված հեգնանքի բաղադրամասով, այդ շրջանակները մեղադրանքների տարափ են տեղում վարչապետի հասցեին։
Միշիկական տափակ քարոզիչ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ մի ամբողջ ջրալի տրակտատ է երկնել այն մասին, թե ամաչում է, որ ժամանակին շփվել է Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, փոխանակ ամաչի իր ու իր քաղաքական հայրերի անփառունակ գործունեության ու անիմաստ գոյության համար։
Այս ամենի «թագն ու պսակը» ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայան-Բոզիկյանի (ու ոչ միայն նրա) անամոթության գագաթնակետ արտահայտությունն է, թե Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ միգուցե պայմանավորվել էր, որ վարչապետի որդու՝ բանակից զորացրվելուց հետո սկսելու են ռազմական գործողություններ։ Այս արտահայտությունն ու դրա հեղինակ(ներ)ին նորմալ մարդկային տրամաբանության մեջ հնարավոր չէ մեկնաբանել, այստեղ անելիք ունեն հոգեբաններն ու հոգեվերլուծաբանները։
Ուշադրության արժանի հատուկ հարց է, թե ինչու են ՀՀԿ-ական ու քոչարյանական շրջանակները հայոց բանակի մարտական հաջողությունների թեման արծարծելիս առանձնացնում Յուրի Խաչատուրովի որդու՝ ՀՀ Պաշտպանության բանակի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի անունը՝ հերոսի լուսապսակը դնելով միմիայն նրա գլխին։ Մտորելու հարց է, հատկապես արդեն տարիներ շարունակ այդ նույն շրջանակների կողմից քարոզվող ու շրջանառվող՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր Շուշիի ազատագրման գործողությունից» առասպելի համատեքստում։
Համլետ Կիրակոսյան