...

Մաֆիան միշտ սև է

Մաֆիան միշտ սև է

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճախ մեղադրում են այն բանում, որ նա քաղաքական դաշտը արհեստականորեն բաժանել է սևերի ու սպիտակների, այդ սևերին՝ ի դեմս ռոբասերժական մերժված ռեժիմի, դարձրել իշխանության հիմնական մրցակից ու հեղափոխության թշնամի, ապա հրապարակ նետել այն թեզը, թե՝ եթե ոչ ես, ապա իշխանության կգան Ռոբը կամ Սերժը։ 

Այս մտայնությունը տարածողներն ուզում են ասել, թե իբր իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը հանրությանը կանգնեցրել է երկընտրանքի առաջ՝ ընտրություն կատարելու իր ու ռոբասերժերի միջև, հետո էլ այն միտքն են զարգացնում, թե քանի որ Ռոբն ու Սերժը որևէ հնարավորություն չունեն իշխանության վերադառնալու, ուրեմն Նիկոլն այդկերպ թույլ չի տալիս, որ քաղաքական դաշտը զարգանա ու ժողովրդին զրկում է այլընտրանքներից։ 

Այս մտայնությունը զարգացնում են թե՛ մերժվածների շուրջուբոլորը պտտվողները, թե՛ այդ դաշտից դուրս գտնվող ու արմատական հեղափոխության դիրքերից հանդես եկողները։ Նման սցենար առաջադրելու՝ այս երկու շրջանակների քաղաքական դրդապատճառները տարբեր են. առաջիններն այդկերպ փորձում են քողարկել որոշ նորաթուխ ուժերի կապը նախկինների հետ, երկրորդները՝ որոշակի ստվեր գցել իշխանության վրա ու արդարացնել իրենց անհաջողությունները քաղաքական պայքարում։

Քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքները թյուր են։ Մերժված քաղաքական համակարգին ու դրա տարատեսակ սպասարկուներին հանրությունը սև համարում է ոչ թե Փաշինյանի ցուցումով ու ուզելով, այլ իր փորձով ու տեսածով, ինչպես անցյալ տարիների, այնպես էլ այսօրվա։ 
Հանրությունը քսան տարի տեսել է այդ համակարգի սև գործերը՝ որպես իշխանություն։ Այդ սև գործերի անգամ վերնագրային շարադրումը կարող է էջեր լցնել։ 

Այսօր էլ հանրությունը տեսնում է նրանց սևությունը՝ արդեն «ընդդիմության» դերում։ Նրանց վերաբերյալ «ընդդիմություն» բառի օգտագործումը խիստ պայմանական է, քանի որ ինչպես վերջերս իրավացիորեն նշել էր մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, այդ ուժերը ոչ թե քաղաքական համակարգ են ներկայացնում, այլ կազմակերպված հանցավոր համագործակցություն՝ մաֆիա։ Իսկ մաֆիան միշտ սև է։

Այն, որ Ռոբը, Սերժը, ՀՀԿ-ն այլևս երբեք իշխանություն չեն լինելու, անվիճարկելի է։ Մաֆիան ու նրան սպասարկողներն էլ դա շատ լավ գիտեն, իրենց ծրագրերում դա չկա էլ։ Սակայն սա չի նշանակում, թե ռևանշի ցանկություն ու ծրագրեր չունեն։ Պարտադիր չէ, որ դա լինի իրենց դեմքով։ Նախկիններն այս նպատակով փորձարկում են տարբեր սցենարներ ու ստեղծվող-ստեղծվելիք խմբավորումներ, որոնք ինչ-որ պահի կարող են միավորվել մեկ միասնական ճամբարում ու անվան տակ։ 

Հեղափոխությունից հետո հիմնադրվել են մի քանի կուսակցություններ, ստեղծվել հասարակական-քաղաքական նախաձեռնություններ (թվարկենք մի քանիսը՝ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը, օրերս ստեղծված Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, Վահե Հովհաննիսյանի «Այլընտրանքային նախագծեր խումբը», անադեկվատներն էլ կան ու կան), որոնք ինչքան էլ փորձեն անվանապես իրենց դուրս դնել նախկինների շրջանակից, բայց նրանց ետևում մաֆիայի ականջները լավ երևում են։ Երևում են այդ նորաթուխների հռետորաբանությունից, ասելիքից, մի կենտրոնից կառավարվող գործողություններից։ 

Հանրությունը լավ ճանաչում է ինչպես մաֆիային, այնպես էլ դրան ծառայողներին, ինչքան էլ վերջիններս փորձեն քողարկվել։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ