...

ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը վերջին պահին փոխվել է

ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը վերջին պահին փոխվել է

Մեր տեղեկությունների համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե բոլորովին այլ՝ շատ ավելի անմիջական ելույթ է պատրաստած եղել, բայց վերջին պահին որոշել է փոխել տեքստը։ Ամեն դեպքում՝ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ելույթի նախնական տարբերակը, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

«Գլխավոր վեհաժողովի հպարտ մասնակիցներ,

Գերազանցություններ, 

Միջակություններ,

Տիկնայք և պարոնայք։

Ինձ համար չափազանց հաճելի է հանդես գալ Տապակայի․․․ ներողություն՝ Ապագայի գագաթնաժողովում, որովհետև, դուք կծիծաղեք, բայց ես իմ ընթացիկ մանդատը ստացել եմ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով։ Երեկ ես ու Աննան հեծանիվից իջանք, որ Նյու-Յորքի Սենթրալ պարկում մի կտոր խոզի իքի-բիր ուտենք, էն էլ սոխը մի տեսակ շատ կծու էր․․․  Բայց անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել։ Դրա համար էլ կարևոր է, որ այսուհետ խոզիտիվ սոխույթ․․․ ներողություն՝ պոզիտիվ խոսույթ գեներացնենք, և ոչ թե կշտամբենք միմյանց։ Բայց այսօրը նույնպես ինչ-որ չափով անցյալ է, որովհետև Աննան իրիկվա համար արդեն բադրիջանով սուշի ու ավելուկով մախիտո է պատվիրել, ու դա նույնպես այլևս փոխել հնարավոր չէ։

Ինչևէ։ Այսօրվա գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկն էլ այն է, որ բոլորդ այստեղ հավաքվել՝ լուրջ-լուրջ թեմաներից եք խոսում։ Չեմ հասկանում, դուք հեծանիվ չունե՞ք։ Անձամբ ես, օրինակ, ամենօրյա հեծանվային արշավներով մարզում եմ իմ մարմնի այն մասը, որով սովորաբար մտածում եմ, և նույնն էլ ձե՛զ եմ խորհուրդ տալիս։ Ու հնարավոր է՝ դա ինձ հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն է տալիս, դրա համար էլ ես հնարավոր եմ համարում հնարավորինս շատ խոսել հնարավորությունների մասին, և ոչ թե կշտամբել մեր հարևաններին։ Եկեք լավ բաների մասին խոսենք, որովհետև ի սկզբանե բանն էր․․․ Բան ասեցի՝ հիշեցի։ Տիկին Մակունց, մի հատ էն բանը․․․ ատամի չոփը կփոխանցե՞ս, պորտֆելիս մեջ ա․․․ 

Այո, տիկնայք և պարոնայք, եկեք լավ բաներից խոսենք, որովհետև այն, ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքում։ Օրինակ, եթե նախապես իմ մտքում նման բան տեղի չունենար՝ մեր հարևանը հազիվ թե վերականգներ իր տարածքային ամբողջականությունը։ Սա ոչ թե թեորեմ է, այլ աքսիոմ, որն ապացուցման կարիք չունի։ Եվ ուրեմն՝ կեցցե ապագան, կեցցեն այն մտքերը, որոնք դեռ ծնվելու են իմ գլխում, և կեցցե իմ ժողովուրդը, որը կարծում է, թե իմ արածները դեռ պետք է ձևակերպել որպես թեորեմ ու ապացուցել։

Շնորհակալություն ուշադրության համար»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ