Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը սպառնալիքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր»-ի հասցեին:
Նա Livenews.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «Սասնա ծռերն» ի դեմս Փաշինյանի, կարող են ահաբեկչություն իրականացնել մեր պետության դեմ: Եթե Փաշինյանը հանդգնի մեր պետության, ժողովրդի դեմ ահաբեկչություն անել՝ բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Փաշինյանը և «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում են, ու նրանք իշխանությունը բռնազավթել են: Նա նաև ասել է, որ դա չարեցին 2016-ին, երբ գրավել էին ՊՊԾ գունդը, այն ժամանակ ներեցին, հիմա ոչնչացնելու են, եթե հանդգնեն ահաբեկչություն անել:
Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցը երեկվանից ակտիվ քննարկվում է սոցիալական հարթակներում:
«ՉԻ»-ն փորձեց լսել նաև նրանց կարծիքը, որոնք ի պաշտպանություն Մարտի 1-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ էին հանդես եկել: Նրանք իշխանություններին կոչ են արել դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող իրենց բնորոշմամբ հակասահմանադրական գործընթացը:
Ժիրայր Դադասյան - Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ- (Հարցը լսելուց հետո ծիծաղում է ) Ես քաղաքական գործիչ չեմ, որ խորանամ նման հայտարարությունների մեջ, ես բեմադրիչ եմ, իմ ասելիքը բեմադրության մեջ եմ ասում: Այն ժամանակ, երբ ՊՊԾ գնդի գրավումը եղավ, իմ կարծիքը հայտնել եմ, որ դա ահաբեկչություն էր, ահաբեկչություն էր պետության դեմ և իմ կարծիքը չի փոխվել: Ես ասում եմ, դա իմ աձնական կարծիքն է, որ զինված հարձակումով ոստիկաններ սպանելը, պետական պահպանվող տարածք գրավելը դա ահաբեկչություն է: Դա այդպես է, ես չգիտեմ մարդիկ ինչքան են ուզում չհավատալ դրան, բայց դա ահաբեկչություն է կոչվում:
Ալեքսանդր Մանասյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-
Այս պրոցնեսները՝ սևերի և սպիտակների բաժանումը, տանում են դեպի հասարակության մեջ խրամատների, բաժանարար գծերի խորացումը, հենց ակտիվորեն տարվող այս քաղաքականությունն է, որ շատերի մոտ առաջ է բերում այնպիսի մտավախություններ, ինչպիսին Վիտալի Բալասանյանի մոտ է դա դրսևորվում: Ես այդպիսի հայտարարությունն այդ ձևով չէի անի: Քաղաքական գործիչներն ասում են իրար, մենակ հո ինքը չի ասում, մեկն էլ ասում է, դրանց պետք է ծեփել պատին: Այսինքն՝ քաղաքական գործիչները հայտնվել են իրավիճակում, երբ արդեն քաղաքական դիսկուրսի կանոններն են խախտված:
Գեորգի Պողոսյան - բժիշկ- Եթե ինձ բժշկական հարցեր տաք, ես կպատասխանեմ: Ես չեմ մեկնաբանում: Քոչարյանի դեպքում իրավական խախտում է տեղի ունեցել, հիմա ես չեմ մեկնաբանում:
Միհրդատ Մադաթյան- հոգեբան- Մարդն ասել է իր սրտի խոսքը, նորմալ արտահայտվել է: Վերջին մի ամսում բազմաթիվ սպառնալիքներ են այդ մարդու հասցեին հնչեցվել, ինքը ոչ մի կերպ պատասխաններ չտվեց, նա էլ է մարդ, կարող է այդ ընթացքում ինչ-որ բաներ ասի: Նորմալ է, որ մարդն արտահայտել է իր կարծիքը, ու շատերն այսօր Հայաստանում այդ հարցում նրա հետ համակարծիք են: Որ «Սասնա ծռերն» ահաբեկիչ են, որևէ մեկը դրանում կասկածո՞ւմ է: