...

Քոչարյանի ականջները նորից պետք եկան

Քոչարյանի ականջները նորից պետք եկան

«Կոլցո» օպերացիայի շարունակությունը

Ծանր է, չէ՞, շաբաթը շաբաթի ետևից տեսնել, թե ինչպես է մաշվում Արցախը: Կարծես «Կոլցո» օպերացիայի շարունակությունը լինի: 1990-91 թվականներին «Կոլցոյի» արդյունքում հայաթափվեց Գետաշենի ենթաշրջանն ու Շահումյանը, իսկ հիմա նույնը սպառնում է ամբողջ Արցախին:

Բայց այսքանից հետո, պարզվում է, որ Արցախում լուրջ ներքաղաքական առճակատումներ են ընթանում, տարբեր խմբերի միջև հարաբերություններ պարզելու գործընթացներ են: Էս նեղ մաջալին, երբ խանութներից ապրանքները  վերացել են, հումանիտար աղետ է մոլեգնում, Վիտալի Բալասանյանին են ձերբակալում, լրագրող են ծեծում, փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ժամանակ են գտել: Հասկանալի է, որ ինչ-որ ներքին խմորումներ կան, որոնց տեղյակ չենք, բայց ինչքան համախմբման կոչեր են հնչում, այնքան հակառակն է ստացվում:

Ու սրան գումարած, Արցախից Հայաստանի հասցեին երբեմն այնպիսի մուննաթ-լուտանքներ են թափում... ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ հենց Հայաստանի: Ոնց որ ինադու անեն, մարդկանց իրենց դեմ լարեն: Հատկապես մեկը կա, պատգամավորուհի, սպառնում է մեր ոտ ու ձեռը կտրել, ինչ է, թե Վիտալի Բալասանյանին փորձել են այստեղից զորակցություն հայտնել: Աղջիկ ջան, մի հատ հանգստացիր, էլի:

Նեղ օրվա ընկերը

Իսկ ահա այստեղ ամեն ինչ լավ է, հանգիստ, ամառային սեզոնը սկսվել է, մարդիկ գնում են հանգստանալու, սրճարանները տրաքում են այցելուների առատությունից: Դե, ի՞նչ ա եղել, Արցախում խնդիրներ կան, բայց դրանք արցախցիների ու ռուսների խնդիրներն են:

Ընդդիմությունը, կամ, չգիտենք, ընդդիմադիր շրջանակները, «Հայաքվեի» գործընթաց են իրականացնում, ստորագրահավաք են անում, մարզերով շրջում: Իշխանություններն էլ, բնականաբար, սրա դեմ քայլեր են ձեռնարկում: Դրանցից մեկը այն քարոզչությունն է, որ այս «Հայաքվեն» իր այդ գործողություններով Ադրբեջանին հրահրում է պատերազմ սկսել Հայաստանի ու Արցախի դեմ:  Կարծես այդ պատերազմն ավարտվել էր, որ մի հատ էլ նորը սկսվի:

Մյուս քայլը, որն իշխանությունները կատարեցին «Հայաքվեն» հեղինակազրկելու համար, և դա շատ սպասելի էր, տրամաբանական էր, Ռոբերտ Քոչարյանի մասին հիշեցնելն էր: Նախ, անընդհատ ցույց էին տալիս, թե ինչպես են «Հայաքվեին» մասնակցում, ակտիվություն ցուցաբերում Քոչարյանի հետ կապ ունեցող անձինք, նրա աջակիցները, փաստաբանները և այլն:

Իսկ հետո գործի դրվեց ծանր հրետանին. գլխավոր դատախազությունը: Երեկ հայտարարեցին, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքերի նկատմամբ:

Ըստ այդմ, ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝

  • 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.
  • Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր,
  • Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
  • Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

Նոր ընդդիմություն, նոր մարդիկ

Սովորական մարդը, քաղաքացին որ սա կարդում է, ծանոթանում, ի՞նչ պիտի մտածի, ի վերջո, մենք սոցցանցերում հետևում ենք արձագանքներին: Ասում են. ու էս մարդը այսքան ունեցվածք ունի, Ղարաբաղի մասին պիտի մտածի՞: Այսքան հարստություն է դիզել, փոխանակ Ղարաբաղի հարցը լուծեր: Սեփական բարօրության մասին է մտածում: Միայն դրամական միջոցներն, առանց անշարժ գույքի, իրավաբանական անձերում մասնակցության, կազմում են մոտ 85 մլն դոլար: Քանի՞ քաղաքացի այս ունեցվածքի մասին կարդալուց հետո կաջակցի «Հայաքվեին»: Մանավանդ, որ ասում են, թե այս նախաձեռնության ետևում Քոչարյանն է կանգնած, կամ ինքն է ֆինանսավորում:

Կապ չունի, ճիշտ են ասում, թե չէ, կապ ունի այն, որ ընդդիմությունը վերջապես պետք է նոր մարդկանցով ներկայանա, որոնք գաղափարներ կրող են, ոչ թե կապիտալ: Թե չէ իշխանության համար մեկից մեկ է չեզոքացնել ցանկացած նախաձեռնություն, միավորում, եթե նրան հաջողվի դա կապել նախկին իշխանությունների հետ: Քանի անգամ դա հաջողությամբ արել են, ու էլի կանեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   872 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ