Անցնող շաբաթ կորոնավիրուսի և ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումների հորձանուտում մի տեսակ աննկատ մնաց Արցախի ազգային անվտանգության նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությունը, որ այսուհետ Արցախից որևէ մեկը իր քիթը չի խցկելու Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ: «Նույն ձև Հայաստանից էլ չպետք է ամեն մի փոքր բանի համար միջամտեն Արցախի ներքին քաղաքական խնդիրներին: Ես գտնում եմ, որ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները լուծվեն Հայաստանում առանց Արցախի և առանց Արցախն ու Արցախի հարցը շահարկելու»:
Սա բավական կարևոր հարց է, և եթե Սամվել Բաբայանն իսկապես անկեղծ է ասում, ապա Հայաստանի և Արցախի միջև հարաբերություններում որոշակի հստակություն կհաստատվի և կվերականգնվի փոխադարձ վստահության միջավայրը, որին Ռոբերտ Քոչարյանի օրոք ահավոր հարված հասցվեց:
Արդեն 1998 թվականին Քոչարյանը ակտիվորեն Արցախի իշխանություններին ներքաշեց հեղաշրջման ծրագրի մեջ: Հեղաշրջումից հետո Ռ. Քոչարյանը Արցախը մշտապես օգտագործել է որպես մահակ՝ Հայաստանում ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այդ մասին մասամբ ակնարկեց Վանո Սիրադեղյանը, երբ խորհրդարանում իր հայտնի ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանից Արցախում ծառայող զորակոչիկներին պատանդի կարգավիճակով են պահում և դրանով շանտաժի ենթարկում Հայաստանի իշխանություններին, հետո՝ ընդդիմությանը:
Հենց 1998 թվականին շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» հասկացությունը: Դա Քոչարյանի գլխավորությամբ այն քրեաօլիգարխիկ խումբն էր, որն ընդամենը մի քանի տարում իր ձեռքում կենտրոնացրեց Հայաստանի տնտեսական, ֆինանսական և քաղաքական բոլոր լծակները: Եվ քաղցկեղի մետաստազների պես այդ կլանը նորանոր դիրքեր էր գրավում, զավթում պետական ունեցվածքը, փոշիացնում տնտեսությունը: Այդ կլանը Հայաստանի համար խորթ բարքեր էր սերմանում. գեղցիություն, միջակություն, քծնանք, պալատական մտավորականություն, ասիական հոռի մտածելակերպ և ամենավատը՝ ղարաբաղցի-հայաստանցի արհեստական հակասությունը հենց այդ կլանն էր ստեղծել և դա միտումնավոր, նպատակաուղղված էր անում: Այդ իսկ պատճառով տարիներ շարունակ Հայաստանում արցախցու բացասական իմիջ էր ձևավորվել, ինչը քոչարյանական ավազակախումբը միայն խորացնում էր:
2004 թվականի ապրիլի 12-ին ընդդիմությանը դաժանաբար ճնշելու գործողություններում առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը անթաքույց զինված խմբեր և բանդաներ բերեց Արցախից: Սարսափելի խոշտանգումները, մարդկանց ծեծը, լրագրողների ջարդը հիմնականում հենց այդ բանդաներն իրականացրեցին:
2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության մասին շատ է խոսվել, այստեղ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ չափով են Արցախից բերված զորքերը դերակատարություն ունեցել ընդդիմության ջարդի, Երևանի կենտրոնում մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու գործողություններում: Բայց սա՝ նույնպես Քոչարյանի նախաձեռնությունն է եղել:
Քոչարյանից հետո Արցախը երկու ղեկավար է ունեցել. Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Երկուսն էլ մշտապես միջամտել են Հայաստանի ներքաղաքական գործերին, կամ՝ թույլ են տվել, որպեսզի Արցախը ներքաշեն Հայաստանի ներքաղաքական գործընթացներում: Երկուսն էլ միջամտեցին Հայաստանում ընթացող Մարտի 1-ի դատավարությանը և միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի Քոչարյանի խափանման միջոցը փոխվի: Ինչը պարզապես խայտառակություն էր՝ հաշվի առնելով, որ նախկինում այս մարդիկ նման միջնորդություններով հանդես չէին եկել, երբ Հայաստանում հարյուրավոր քաղբանտարկյալներ կային: Այսինքն, սա ավելի շատ ոչ թե միջնորդություն էր, այլ Քոչարյանի հետ հանցակից լինելու ուղղակի հայտ: Ոնց կա, այդպես ենք ասում:
Այն, ինչ ասաց Սամվել Բաբայանը, իրականում պետք է ասեր Արցախի ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հենց ինքը պետք է հայտարարեր, որ Արցախը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին և նույնկերպ էլ Հայաստանը պետք է հարգի Արցախի ինքնիշխանությունը: Բայց, երևի հիշում եք, ինչ եղավ: Նրան ներքաշեցին կեղտոտ խաղերի մեջ, Հայաստանի իշխանությունների դեմ պայքարում հնարավորինս օգտագործեցին, հետո՝ դեն շպրտեցին: Ու թող հանկարծ մեզ չասեն, վայ, էս ի՞նչ եք ասում, բա ո՞նց կարելի է հերոսի մասին այդպես արտահայտվել: Էդ հերոս-մերոս ճոճելը մեր դեպքում չի անցնում, քանի որ մենք մարդուն գնահատում ենք առաջին հերթին իր մարդկային որակներով, այլ ոչ թե՝ անցյալով: Մենք հերոս գիտենք, որը մի բարևի համար մարդ էր սպանում, կամ էլ ամիսներ շարունակ «Իզմիրլյանում» մահճակալի տակ թաքնված էր: Դրա ի՞նչն է հերոս:
Այնպես որ, Արցախի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ուղղակի պատասխանատվություն են կրում հայաստանցի-ղարաբաղցի արհեստական հակասություններ և փոխադարձ ատելության մթնոլորտ ստեղծելու, զարգացնելու մեջ: Պատասխանատվություն են կրում Հայաստանի ներքաղաքական գործերին միջամտելու, Հայաստանում իշխանություն զավթելու, հեղաշրջում իրականացնելու և իշխանության յուրացման հանցագործությանը աջակցելու, նպաստելու համար:
Իհարկե, Սամվել Բաբայանն էլ է ժամանակին միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, 1999-ին Գեղամյանի ու Բաբուխանյանի պես տիպերին էր հովանավորում, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դրանց դաշինքին աջակցում: Շատ բան է եղել: Բայց, համարենք, որ նոր ժամանակներ են, Արցախում նոր իշխանություն է ձևավորվել, որը չի կրկնի նախորդների քայլերը, և նույն Սամվել Բաբայանը՝ գիտակցելով Հայաստան-Արցախ հարաբերությունների կարևորությունը, արտահայտում է ոչ միայն իր, այլ նաև՝ Արցախի նոր իշխանությունների տեսակետը: Դա ողջունելի է: Սամվել Բաբայանը լավ էլ գիտի, թե ինչպես են հենց հիմա էլ նախկին իշխանությունները Արցախի տարբեր գործիչների, ուժերի փորձում ներքաշել Հայաստանի իշխանությունների դեմ տարվող պատերազմում: Գիտի և ոնց հայտարարել է, պետք է այդպես էլ գործի և կանխի նման բոլոր քայլերը, իրականում՝ դավաճանական քայլերը: Թե չէ դրա հետևանքները ծանր կնստեն Հայաստանի վրա էլ, Արցախի էլ: