Ծանր ու երկարատև ընդմիջումից հետո «ՉԻ»-ն վերստին հասանելի է ընթերցողների համար, ընթերցողներն էլ մեզ են հասանելի:
Այս մեկ տարվա ընթացքում մեր երկրում կան բաներ, որ փոխվել են, կան նաև բաներ, որ ընդհանրապես նույնն են մնացել: Օրինակ, Հայաստան-Արցախ հարաբերություններում փոփոխություններ են եղել: Ցավոք սրտի, դրանցում լարվածությունն է աճել: Ավելի ճիշտ, լարվածություն կա Արցախի իշխանություն - Հայաստանի իշխանություն հարաբերություններում:
Արցախի իշխանությունները որոշակի զգուշավորությամբ և կասկածանքով ընդունեցին Հայաստանում հեղափոխության փաստը: Հետագայում հարաբերական անդորր տիրեց այդ հարաբերություններում, փոխադարձ այցելություններ, իրար հասկանալու փորձեր: Բայց երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը միջնորդություն ներկայացրեցին Հայաստանի դատարան՝ Ռ. Քոչարյանի կալանքը երաշխավորությամբ փոխելու և վերջինիս ազատ արձակելու համար, ակնհայտ էր, սա միայն սրելու է Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունները: Այդպես էլ եղավ:
Բայց այն, ինչ օրերս «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, սա ընդհանրապես փոթորկեց հասարակական տրամադրությունները, ինչը շատ վտանգավոր է:
Վիտալի Բալասանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բացեիբաց հանցագործ է համարել՝ վերջինիս մեղադրելով իշխանության բռնազավթման մեջ, 2018թ. ԱԺ ընտրություններն էլ համարել անօրինական:
Զայրույթի և նման աննախադեպ կոշտ հայտարարությունների պատճառը կամ առիթն այն է, որ ՀՀ կառավարության որոշել է Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել երկու ՀԿ-ների`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին (17 մլն 480 հազար դրամ)։
Թվում է, թե ինչ արտառոց բան կա այստեղ. բայց ոչ, ըստ Վ. Բալասանյանի, սա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը:
«Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը և կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ»:
ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու»:
Եվ ըստ Վ. Բալասանյանի, ՀՀ կառավարության այս որոշմամբ խիստ կասկածի տակ է դրվում Արցախում առ այսօր կայացած բոլոր ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ, թե սահմանադրական հանրաքվե:
Վ. Բալասանյանի այս հայտարարություններն այնքան հակասական են, իրարամերժ, որ չգիտենք, թե որտեղից սկսենք:
Նախ՝ Արցախի սուվերենության մասին: Այնքան էլ պարզ չէ, թե ինչպես են դիտորդական առաքելությունները սպառնում ինքնիշխանությանը, բայց հարց է առաջանում. Հայաստանի զինվորները պաշտպանում են Արցախի սահմանները. դա Արցախի սուվերենության խախտո՞ւմ է: Հարցն ինքնին ծիծաղելի է հնչում: Իսկ երբ 2004թ. ապրիլին կամ 2008թ. մարտին Արցախից զինվորականներ և սպեցնազ էր բերվում՝ Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելու համար, դա Հայաստանի սուվերենության խախտո՞ւմ էր: Մենակ չասեն, նման բան չի եղել, եթե բաց ենք խոսում, ուրեմն՝ իրերն իրենց անուններով պետք է նշել:
Հաջորդը. Արցախում բազմաթիվ ընտրություններ են անցկացվել այս տարիների ընթացքում, և միշտ այդ ընտրություններին տասնյակ, հարյուրավոր դիտորդներ են մասնակցել Հայաստանից և արտերկրից: Օրինակ, 2015 թվականին ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ավելի քան 100 միջազգային դիտորդ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Հայաստանից։ Գերմանիայից Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն էր մասնակցել:
2017 թվականին Արցախի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մոտ 3400 դիտորդ ունեցել ավելի քան 1500 ընտրատեղամասերում: 38 շրջիկ դիտորդական խմբեր և 42 իրավաբաններից բաղկացած թիմ է եղել, որը խորհրդատվություն է տրամադրել և դիտորդների արձանագրած խախտումների հիման վրա բողոքներ է հավաքել:
Ինչ-որ չենք հիշում, որ Վիտալի Բալասանյանը այս դիտորդական առաքելությունների վերաբերյալ վերապահումներ ունենար: Կամ Արցախի իշխանություններն այն որակեին սպառնալիք: Եկել են, հետևել են ընտրությունների ընթացքին, զեկույցներ են պատրաստել, հրապարակել, գնացել իրենց գործերով, Արցախում էլ կյանքը շարունակվել է:
Մենք նյութին կցում ենք նաև տեսանյութեր՝ Արցախի ընտրություններում դիտորդական առաքելությունների գործունեության մասին: Տեսեք, ովքեր են որպես դիտորդ եղել Արցախում, ինչ են ասել, ոնց են ասել: Այսինքն, դիտորդների մի ամբողջ ռուսական դեսանտ է եղել, դա միջամտություն չէ Արցախի սուվերենությանը, իսկ Հայաստանից երկու ՀԿ-ի մասնակցությունը՝ համաշխարհային դավադրությո՞ւն է:
Ահա այսպես՝ Վիտալի Բալասանյանի ցանկացած հայտարություն հակասում է արդեն առկա իրողություններին: Լրիվ ընտրովի, կողմնակալ վարքագիծ, որը հարվածելու է թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին:
Մի հարց էլ, առիթ լիներ, Վիտալի Բալասանյանից ճշտեին. եթե Արցախը այդքան սուվերեն է, և Հայաստանի իշխանություններին էլ սպառնում է, թե մի միջամտեք սուվերեն երկրի գործերին, ո՞նց է ստացվել, որ սուվերեն երկրի ղեկավարը հետո մեկ այլ սուվերեն երկրի ղեկավարի պաշտոն է զավթել: Դժվար թե այս հարցին Արցախի հերոսը պատասխանի. լավ հարց չի:
Իսկ ընդհանրապես, պատկերացնո՞ւմ եք, Վիտալի Բալասանյանը Արցախի նախագահ ընտրվի: Այսպես շարունակվի, մի օր էլ Հայաստանին պատերազմ կհայտարարի:
Մհեր Ղալեչյան