Իրեն 2 օրով բաց են թողել, որ գնա Արցախի ընտրություններին մասնակցի: Խիստ շտապում է, ժամանակ չի մնացել, Վիտոյի ռեյտինգը 5,21 տոկոս է, պետք է մի բան անի, որ ընտրությունների արդյունքներով Վիտոն ստանա 52,1 տոկոս: Զանգում է Ալրաղացի Լյովին. «Ալո, կներեք, Լյովին կարելի՞ է... մեկուսարանո՞ւմ է...»,- սփրթնած հեռախոսն անջատում է, նորից զանգում. «Ալո, Վահագին կարելի՞ է.. Ռուսաստանո՞ւմ է: Ում զանգում է, կամ փախած է, կամ դրսում բուժվում է, կամ էլ՝ նստած է: Լֆիկին էլ զանգում է, հեռախոսը չի վերցնում: 18-րդ փորձից մեկը վերցնում է ու ասում, որ պրն Ալեքսանյանը չի, վարորդն է ու հեռախոսը անջատում է:
Մի խոսքով, ընտրակեղծարարներից ոչ մեկին չի գտնում, վերջին հույսը մնում է Հրայր Թովմասյանը. «Ասել էր, չէ՞, Արցախի վերջին բաստիոնն եմ»,- մտածում է ինքը ու զանգում. «Ալո, այ չ... չ... չնաշխարհիկ մարդ, մի հատ որոշում կայացրու, որ Վիտոն Արցախի նախագահ ճանաչվի: Ի՞նչ հիմքով... յանի էս ի՞նչ ես ասում, պատերազմում կռվելու հիմքով, մենակ ինքն է կռվել: 2 օրում չես հասցնի՞: Ինչի՞... Պրինտերն ա փչացե՞լ: Վարպետ կանչեք... Կարանտինի տակ ա՞: Վայ ես քո...»,- զայրացած հեռախոսը շպրտում է:
«Ճար չկա, Արմենչիկին վերցնեմ, գնամ, տենամ ինչ եմ անում»: Արմենչիկի հետ ճամփա են ընկնում: Բայց հենց Էրեբունիում մի խումբ դիմակավորված անձինք մեքենան կանգնեցնում են: «Էս ի՞նչ ա, Թոխմախի տղերքը ինձ տեղը չեն բերո՞ւմ»,- զարմանում է ինքը: «Շեֆ, էս պարետի տղերքն են, սաղի առողջությունը ստուգում են»,- ասում է Արմենչիկը:
Դիմակավորվածներից մեկը մոտենում է. «Բարև ձեզ, հիմա դուք պետք է թեստ հանձնեք, թե չէ Երևանից չեք կարող դուրս գալ»: «Ոնց որ 2008 թիվը լինի»,- քթի տակ մրթմրթում է ինքը ու Արմենչիկի հետ անալիզ հանձնում:
Սպասում են: 10 րոպե, 20 րոպե, մի ժամ, այ մարդ, էս ինչի՞ են ուշանում: Մեկ էլ տարածք են լցվում մի քանի շտապօգնության մեքենաներ, տասնյակ դիմակավորված բժիշկներ ու ոստիկաններ, տարածքից բոլորին էվակուացնում են, շտապ տարածքում ախտահանիչ նյութեր են պզզցնում: Ու դրանից հետո մեքենային է մոտենում սկաֆանդր հագած մի մարդ. «Ձեզանից ո՞վ է Ռոբերտ Քոչարյանը: Դո՞ւք: Դուք չեք կարող Երևանը լքել. ձեր թեստի պատասխանը ցույց տվեց, որ վերջին մեկ տարում դուք ձեռք եք բերել ավիտամինոզ, կրետինիզմ, ինֆեկցիոն էնդոկարդիտ, թարախակույտ, պարանոյա, պառկելախոց, Ստոկհոլմի համախտանիշ, իշեմիկ տագնապ: Սա էլ ձեր հիվանդությունների պատմությունը, որը ներկայացրել եք տարբեր դատարաններին»:
«Էս ի՞նչ ես ասում, ես առողջ մարդ եմ, հեսա, ԺԵԿ-ից էլ տեղեկանք եմ վերցրել, որ վերջին 10 տարում ոչ մի հիվանդություն չեմ ունեցել»,- ջղայնանում է ինքը: «Չգիտեմ, ինձ համար մենակ պարետի տեղեկանքն է հիմք: Էն ձեր հետի ընկերն էլ նարցիսիզմով է տառապում»,- հայտնում է սկաֆանդրով մարդն ու կարգադրում. «Էս երկուսին շտապ մեկուսացրեք: Ծաղկաձորում տեղ չկա, տարեք Սովետաշենի գաղութ»:
«Ո՞նց Սովետաշեն: Ես կբողոքեմ»,- ասում է ինքը ու վռազ հեռախոսը ձեռքն է վերցնում: «Ալո՛, Ալումյա՛ն, Վիկտոր, Օրբելյա՛ն, Դավի՛թ, շտապ եկեք, ինձ ապօրինի մեկուսացնում են...»: Բայց չի հասցնում տեղն ասել, հեռախոսը խլում են, իրեն բժշկական «կուտուզկա» մտցնում:
Արթնանում է Նորքի Սուրբ ինֆեկցիոն մեկուսարանում: