Ճանապարհ՝ դեպի ոչինչ
Այս շաբաթ մենք ավելի մոտեցանք ոչնչին: Դա ո՞րն է. երբ ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, ո՛չ ներկա, ո՛չ ապագա: Միակ հստակ բանը ոչինչն է: Թղթի վրա դեռ գոյություն ունենք, ասում են՝ նույնիսկ իշխանություններ և ընդդիմություն կա, որոնք պայքարում են այդ ոչնչի համար:
Մարգարիտա Սիմոնյանը՝ հայտնի ռուսական պրոպագանդիստը, օրինակ, առաջարկում է այդ ոչնչի վիճակից դուրս գալու համար միանալ Ռուսաստանին: Բնական է, որ դա անմիջապես աղմուկ հանեց, հայ-բուրույ-մուրույ:
Կարելի է, իհարկե, դատապարտել տիկին Մարգարիտային, ուղղակի, մեծ հաշվով, Հայաստանը վաղուց Ռուսաստանի կազմի մեջ է, պարզապես մենք դա չենք նկատում կամ չնկատելու ենք տալիս:
Եկեք տեսնենք. Հայաստանի բոլոր կարևորագույն, ռազմավարական օբյեկտները Ռուսաստանինն են․ բաշխիչ ցանցերը, ատոմակայանը, գազախողովակաշարերը, կապի օպերատորները՝ MTS, Beeline, ՀԷԿ-երը: Հայաստանի անվտանգությունն էլ՝ ամբողջությամբ կախված է Ռուսաստանից: Սրա համար առանձնահատուկ շնորհակալություն պետք է հայտնել Ռոբերտ Քոչարյանին: Իբր բանակ ունենք, բայց իրականում ռուսական ռազմաբազան է մեր անվտանգությունը ապահովում: Եվ գնալով ռուսական զինուժի ներկայությունը միայն ավելանում է. Սյունիքում շուտով ռազմակայան կլինի, Գեղարքունիքում: Բա չեղա՞վ, որ Ռուսաստանի կազմում ենք: Տակն ի՞նչ մնաց. հենց էն մեր ասածը՝ ոչինչը, մեկ էլ Հայաստանի անունից պաշտոնական հաղորդագրություններ, իրար շնորհավորելու, ցավակցելու և դատապարտելու իրավունքը: Այդ մեկը առայժմ մեր ձեռքում է: Պինդ պահում ենք:
Դաշնակները գտան թիվ 1 մեղավորին
Ու այս զրոյական վիճակում իշխանություններն ու ընդդիմությունը շարունակում են ամբողջ աշխարհին մեղադրել իրենց անհաջողությունների և պատուհասությունների համար: Իշխանությունները տակից, գյոզերով քլնգում են Ռուսաստանին՝ չմոռանալով նորանոր արտոնություններ և զիջումներ անել նրանց, ինչպես պահանջում է հայի խասյաթը: Ամեն զիջումն անելուց հետո անպայման հիշեցնում են, որ Ռուսաստանը մատը մատին չխփեց, որ պատերազմում մենք հաղթենք:
Ընդդիմությունն էլ վերջապես կողմնորոշվեց, թե ովքեր են իր ազգային գործունեությունը տապալում: Այո, բնականաբար՝ Եվրոպան: Ասում են՝ մատը մատին չխփեց, որ պատերազմում մեզ աջակցի, հաղթենք թուրք-ազերի-ադրբեջանա-ասկյարախառն ագրեսորներին:
Այնպես որ, ԵԽ նախագահ Շառլ Միշելը դեռ շատ կփոշմանի, որ ժամանակին մեզ չի օգնել: Մարդը պաշտոնական այցով ժամանել է Երևան, դաշնակցական ինչ-որ մանր-մունր ջահելներ հյուրանոցի առջև, որտեղ ԵԽ նախագահն է, ցույց են կազմակերպել, հայհոյանք, քֆուր-քյաֆարը կապել են, «Shame on you» են վանկարկում: ԵԽ նախագահը դեռ գոհ պետք է լինի, որ ռումբ չեն նետել հյուրանոցի իր համարի վրա:
Ընդհանրապես, ցույցեր, ակցիաներ, պատժիչ գործողություններ անելու նոմինացիայում դաշնակները աշխարհի չեմպիոն են: Արդեն 130 տարի է, ինչ թքում են մարդկության ճակատին, քանի թքում են, այնքան տարածք ենք կորցնում, քանի մեղադրում են աշխարհին, այնքան պարտություն ու կապիտուլյացիա ենք տեսնում: Չգիտենք, եթե սրանց նպատակը Հայաստանը քարտեզի երեսից վերացնելն է, ապա ճիշտ ուղղության վրա են: Ինչ 1920 թվին չկարողացան անել, հիմա փորձելու են ավարտին հասցնեն: Դա կլինի նրանց ամենափայլուն բարոյական հաղթանակը: Հետաքրքիր է, իսկ ԵԽ-ի կամ Շառլ Միշելի լուսանկար, դրոշ-մրոշ չե՞ն այրելու:
Գոլդեն Փալասը՝ Սյունիքում
Իմիջիայլոց, երբ ժամանակին դաշնակները Քոչարյանի դռան փալասի գործառույթներն էին իրականացնում, այն ժամանակվա նմանատիպ ակցիաները խիստ դատապարտում էին, ասում էին՝ դավաճանություն է, պետությանն եք հարվածում, թուրքի ջրաղացին ջուր եք լցնում: Իսկ հիմա իրենց կարելի է:
Ու մինչ Քոչարյանը կմտածի, թե այս անգամ դաշնակներին ոնց օգտագործի, այդ ընթացքում նրան աջակցած Սյունյաց համայնքապետերին իշխանությունը հերթով հնձում է:
Այս պահին կալանավորված կամ ձերբակալված են. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ 2 ամսով կալանավորված է, Մեղրիի՝ արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը՝ 2 ամսով կալանավորված է, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ 2 ամսով կալանավորված է, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալված է, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը՝ 2 ամսով կալանավորված է, Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը՝ կալանավորված է։
Այս կալանքների ու ձերբակալությունների պահով հարցեր կան հենց Քոչարյանին: Սրա մասին՝ հաջորդիվ: