...

Նվերներ է, որ անում են իշխանությանը

Նվերներ է, որ անում են իշխանությանը

Վայ: Ի՞նչ Ուկրաինա: Սպասեք, ստեղ ավելի հետաքրքիր թեմա կա: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ներողություն խնդրելու շուրջ ավելի զարմանալի վեճեր են գնում: 

Երեկ մենք գրել էինք, որ Նաիրա Զոհրաբյանը շան լափ էր թափել Մխիթար Զաքարյանի վրա, որ վերջինս ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից՝ վիրավորական արտահայտություններ անելու համար: Փաշինյանի ու նրա ընտանիքի հասցեին: Հետո «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հակոբյանը, մի սրտնեղած ստատուս էր գրել, որտեղ Մխիթար Զաքարյանի հասցեին քննադատությունը ինչ-որ պատվեր էր որակել, ամոթանք տվել, որ կռված տղուն այդպես վիրավորում են ներողության համար:

Դրանից հետո կրքերն ավելի են բորբոքվել: Նարեկ Սամսոնյանը, հայտնի ընդդիմադիր գործիչ, եթե ճիշտ ենք հիշում, Antifake-ի կուրատորը, լայվ է մտնում ու հայտնում, որ կալանքից ազատվելուց հետո Մխիթար Զաքարյանը եկել է Վահե Հակոբյանի մոտ և ասել, թե դուք ինձ քցել եք, դուք ինձ ընդհանրապես չեք օգնել, երբ կալանքի տակ եմ եղել, սրանից հետո ես ձեր հետ գործ չունեմ: Վահե Հակոբյանն էլ հակադարձել է, թե մեղավոր չենք, եթե հաղթեինք ընտրություններում, դու էլ էիր շահելու, հիմա ռիսկի ես գնացել, ի՞նչ անեինք:

Դրանից հետո Մխիթար Զաքարյանը գնացել է Ալեն Սիմոնյանի մոտ և հայտնել՝ սրանից հետո ձեր հետ եմ: Ալեն Սիմոնյանն էլ ասել է՝ դե որ այդպես է, հիմա Civic.am-ի լրագրողը կգա, և դու տեսախցիկի առջև մի հատ ներողություն կխնդրես Նիկոլից: Մխիթար Զաքարյանն այդպես էլ անում է: Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը Մխիթար Զաքարյանին տեղեկացնում է, որ ներողությունդ այնքան էլ լավ չէր, Նիկոլի դուրը չի եկել, մի հատ էլ Civic.am-ի լրագրողի հետ նույնը կկրկնես: Ու Մխիթար Զաքարյանը երկրորդ անգամ է ներողություն խնդրում:

Սա, ինչ որ ասում ենք՝ Նարեկ Սամսոնյանի պատմածն ենք մեջբերում:

Ու հիմա բազմաթիվ ընդդիմադիրներ ամենավերջին լուտանքներն են տեղում Մխիթար Զաքարյանի հասցեին: Որ նա ներողություն է խնդրել Փաշինյանից: Նաիրա Զոհրաբյանն է այնտեղ գժվել, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հեգնանքով գրել է՝ Մխիթար Իզվինյան: Մի խոսքով՝ բոլորը չնշենք:

Ի՞նչն է այստեղ հետաքրքիր. այս ընդդիմադիրները՝ առայժմ ակնարկներով, ենթատեքստերով են քննադատում Ռոբերտ Քոչարյանին, թե էս ի՞նչ ես անում, ո՞նց ես թողել, որ քո պատգամավորը ներողություն խնդրի Փաշինյանից: Դու վատ ընդդիմություն ես: 

Այսինքն՝ մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ ճիշտ էր անում, էս մի ներողությունը սաղ համը հանե՞ց: Ձեր համար ամենակարևորն այն է եղել, որ քոչարյանականները, «Հայաստան» դաշինքի պատգամավորները առավոտից երեկո Նիկոլին քրֆեն, տեսարաններ ու թամաշաներ սարքե՞ն, լավ տղու պոզաներով տեսախցիկների առջև իրենց «ճիշտը» առաջ տանե՞ն: 

Մխիթար Զաքարյանի ներողությունն ամենաանշառ բանն է, որի համար կարելի է քննադատել Քոչարյանին: Քննադատող եք, քննադատեիք, կամ գոնե հիմա քննադատեք նրա համար, որ 2021-ի խորհրդարանական ընտրություններում Քոչարյանը մենակ մի նպատակ է ունեցել. թույլ չտալ, որ իշխանություններին այլընտրանք ձևավորվի: Երբ դրա շանսը կար: Ամեն ինչ արել է, որ իշխանության ընդդիմությունը մենակ ինքը լինի: Ոչ թե՝ նաև ինքը, այլ՝ մենակ ինքը: Մի բան, որը լրիվ Նիկոլ Փաշինյանի սրտով էր: 

Խորհրդարանական ընտրություններում բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ համայնքապետեր, գործարարներ, այսպես ասած՝ «խաղադրույք» կատարեցին Քոչարյանի վրա՝ հուսալով, որ նրա միջոցով իշխանափոխություն կլինի: Հիմա նրանց մեծ մասը դրա համար փոշմանել է, քանի որ Քոչարյանը պարզապես նրանց քցել է: Օգտագործել, քցել է: Ոնց որ 1990-ականներին Ղարաբաղում իր շատ զինակիցների քցեց, ոնց որ 1998-ից հետո Հայաստանում բազմաթիվ զինակիցների, թիմակիցների քցեց, նույնն էլ հիմա արեց: 

Էս ամեն ինչը թողած, թե բա՝ Մխիթար Զաքարյանը ներողություն է խնդրել: Վայ, էլ ոնց կլիներ: Վերջ, այ հիմա Հայաստանը կկործանվի: Ոչ մի խնդիր չունեինք, սա էր կարևորը: 

Էս պարզապես ցույց ենք տալիս, թե ով է այսօր Փաշինյանի ընդդիմությունը: Այս որակի ընդդիմությունը, լինի դա քրֆող, թե՝ ներողություն խնդրող, մուրազ է ցանկացած իշխանության համար, որը նպատակ ունի պահպանել իր աթոռները: 

Հ.Գ. Այս ներողության շուրջ թատրոնի փոխարեն ավելի լավ է խոսեք նրանից, որ վերջին մեկ տարում Սևանի լճի մակարդակը նվազել է 16 սանտիմետրով: Հազար անգամ ավելի կարևոր թեմա է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ