Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչները համատարած պատռել և պատերից պոկել են Գորիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի թեկնածու Կարեն Լազարյանի քարոզչական պաստառները:
Մի քիչ ուրիշ կերպ ներկայացնենք այս տեղեկությունը. Գորիսում ընդդիմադիր համարվող քաղաքական ուժի ներկայացուցիչները պատռել և պոկել են մեկ այլ քաղաքական ուժի քարոզչական պաստառները: Այսպես որ գրում ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Որպեսզի հասկանալի լինի, որ պաստառներ պատռողները ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչներ են:
Սա է քոչարյանականների իրական դեմքն ու էությունը: Բա որ սրանք ընդդիմադիր (իբր՝ ընդդիմադիր) հալով են այսպիսի բաներ անում, մի հատ պատկերացրեք, թե ինչեր են արել, երբ իշխանություն էին: Սրանք կյանքում փոխվողը չեն: Սրանց ԴՆԹ-ի մեջ պինդ նստած է ջարդելու, փշրելու, վնաս հասցնելու, գյադայություններ անելու, սպանելու գենը: Դա կապ չունի ժամանակների հետ: Իշխանություն կլինեն, ընդդիմություն կլինեն, դրսում, թե բանտում, նույն գյադեքն են:
Էս էն նույն քոչարյանականներն են, որ 1998-ին Կարեն Դեմիրճյանի, 2003-ին Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները դնում էին Քոչարյանի քվեաթերթիկների վրա՝ ծեծելով հանձնաժողովի անդամներին, վստահված անդամներին: Դե, չենք ասում, որ պաստառներ պոկելը, ընդդիմադիրների նախընտրական շտաբներ վնասելը և այս կարգի մունդռիկությունները սովորական երևույթ էին: Կամ ընդդիմադիր գործիչների մասին վարկաբեկող լուրերի, բամբասանքների, զառանցանքների տարածումը՝ իրենց լիակատար վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով, ընդհուպ՝ Հ1-ով:
Այնպես որ՝ եթե սկսենք սրանց արածները հերթով հիշեցնել, մի տարին չի բավականացնի: Նույնն են մնացել. ավելի շուտ արեգակը կսկսի երկրագնդի շուրջ պտտվել, քան թե սրանք կփոխվեն: Ոնց էին ընդդիմադիր գործիչների կին վստահված անձանց ծեծում, շորերը պատռում, ձեռները ոլորում, գետնին գցում, հարվածում: Ի՞նչ ասենք. հազար հատ տեսանյութ կա, կարող եք ինքներդ էլ բացել, նայել:
Հիմա կարող է հարց առաջանալ. բայց ինչո՞ւ են քոչարյանականները ՀԱԿ-ի թեկնածուի պաստառները պոկել ու պատռել, այլ ոչ թե ՔՊ-ի թեկնածուի: Առավոտից իրիկուն իշխանության, ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ ասես, որ չեն ասում. կապիտուլյանտ, դավաճան, հող հանձնող և այլն, և եթե պատռեին ՔՊ-ի թեկնածուի պաստառները, կասեինք՝ դե հա, նրանց ատում են, չեն սիրում, Առուշ Առուշանյանի մուռն են հանում, էմոցիոնալ վարքագիծ են դրսևորում:
Բայց չէ, այդպես են վարվել մեկ այլ ընդդիմադիր ուժի հանդեպ: Որը կարծես թե սրանց հասցեին բառ անգամ չի ասել:
Հաջորդ հարցն է առաջանում. քոչարյանականների արածի իմաստը ո՞րն է: Ի՞նչ են շահում դրանից: Այ, այստեղ արդեն նորից պետք է հիշեցնենք մեր նախորդ հրապարակումները, որ ըստ էության, հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ Փաշինյանը պահպանեց իշխանությունը, իսկ Փաշինյանի շնորհիվ էլ Քոչարյանը ոչ միայն մարտի 1-ի տակից դուրս եկավ, այլ նաև քաղաքական դիակից վերածվեց երկրի թիվ մեկ ընդդիմադիրի: Երկուսին էլ ձեռնտու ստատուս-քվո: Երեկ մեր աչքով ընկավ, թե ինչպես է արմատական ընդդիմության մի ներկայացուցիչ այս ստատուս-քվոն անվանել «Քոշինյան դաշինք»: Այսինքն՝ Քոչարյանը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմադիր դաշտում որևէ այլ ուժ չլինի, ամեն ինչ անում է, որ ընդդիմության կոնսոլիդացիան բացառվի, և այս դաշտում մենակ ինքը լինի: Իսկ սա ո՞ւմ է ձեռնտու: Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանին: Երկուսին էլ շատ հարմար տարբերակ է այս ստատուս-քվոն, ինչի՞ պիտի թույլ տան, որ փոխվի: Դրա համար էլ Գորիսում ոչ թե իշխանության դեմ են պայքարում, այլ մյուս ընդդիմադիր ուժի:
Որ այս տեմպը չթուլացնեն, մի երկու հոգու էլ ծեծեն, Առուշ Առուշանյանին ազատ արձակելու հարցն էլ կլուծվի: Շուկայական հարաբերությունների տրամաբանությունը դա է հուշում: Հաճախորդների գինն էլ այդ հարաբերություններն են որոշում: