ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանի առաջին նիստում ասել է. «Այս խորհրդարանում 90-ական թվականներից բազմիցս եղել են դեպքեր, երբ քաղաքական մեծամասնությունը թվաքանակով ունեցել է բացարձակ առավելություն: Եվ հարցերը լուծելիս ասել է. մի լսեք, կանոնակարգով մի շարժվեք, քշեք, թող գնա: Բոլոր նրանք, ովքեր այդպես են վարվել, իրենց են քշել: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում»:
«ՉԻ». Հազիվ, այ մարդ: Մեռանք սպասելով այս նոր խորհրդարանի բացմանը: Թե չէ թթվել էինք հայ-ադրբեջանական հակամարտության, սահմաններում փոխհրաձգության և նմանատիպ այլ «մանր-մունր» թեմաների վրա:
7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը խիստ հուսադրում է: Նոր և «քյարթու» դեմքերի մի ծաղկաբույլ է հավաքվել, որից պարբերաբար մտքի գոհարներ ենք ստանալու: Առաջին իսկ նիստից երևում է, որ կրկեսային համարների պակաս չի զգացվելու:
Ուրախալի է, որ Քոչարյանի հիմնական հաճախորդներից մեկը՝ Աղվան Վարդանյանը, որը նաև մեր երկարամյա ու ստաբիլ հաճախորդներից մեկն է, արդեն առաջին օրով դրսևորվում է իր բոլոր վառ գույներով: Մանկատան սան լինենք, թե խաբում ենք:
Մեծ հաշվով, Աղվան Վարդանյանի այս հայտարարությանը պետք է պատասխանեն «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները, քանի որ ակնհայտորեն ակնարկը վերաբերում էր նրանց առաջնորդին՝ Սերժ Սարգսյանին: Ոնց որ թե նրան են ժամանակին քշել:
Ինչևէ, կլոունադայի սկիզբը դրված է: Ի զեն... այսինքն՝ էս ի՞նչ ենք ասում. ի գրիչ: