...

Մերժվածների քաոտիկ զառանցանքները

Մերժվածների քաոտիկ զառանցանքները

Ռևանշիստական դիրքերից իշխանություններին քննադատողներն ապրում են զույգ իրականությունում։ 

Առաջինը ֆեյսբուքյան, սոցցանցային ու ապատեղեկատվական հոսքեր ապահովող լրատվամիջոցների ստեղծած-մատուցած կեղծ իրականությունն է, որը փորձ է կատարում հասարակությանը հրամցնել հայաստանյան կյանքի մի քաոտիկ պատկեր, իբր գործող իշխանություններն այնքան վատն են, որ կործանում են երկիրը, տապալում են պետությունն ու պետական համակարգերը, ծախում են Արցախը, բարոյալքում են հանրությանը, խաբում, կեղեքում են ժողովրդին, և հանրային դժգոհությունները հասել են այնպիսի անասելի չափերի, որ էլ դու սուս։

Երկրորդը բուն իրականությունն է, որը որևէ աղերս չունի այդ շրջանակների հորինած-գծած իրականության հետ։ Կամ շատ քիչ աղերս ունի։ Հանրությունն ապրում է նախկինների երազած քաոտիկ իրականությունից դուրս և ունի բոլորովին այլ խնդիրներ ու հոգսեր, քան ներկայացնում են հասարակությունից մերժվածները։

Իհարկե, իշխանությունների շատ քայլեր քննադատելի են, բայց ոչ այն տրամաբանության մեջ, ինչ կեղծիքի ու հորինվածքի մեծ դոզայով գուժում են պետության ու հանրության շահերի մասին «տառապող» մտահոգվածները։
Իհարկե, տարբեր հարցերի շուրջ հանրության մեջ կան դժգոհություններ, բայց ոչ այն չափի ու բովանդակության, որ ներկայացնում են ռևանշիստներն ու իրենց արբանյակները։ 

Օրինակ, իշխանությունից հանրության ամենամեծ դժգոհությունն այն է, որ հեղափոխությունից երկու տարի անց էլ այդ ռևանշիստները ոչ միայն դեռ ջրի երեսին են, այլ մի բան էլ ամեն օր հոխորտում ու մատ են թափ տալիս։ Կլասիկ կոռուպցիոներն ու թալանչին փոխանակ վաղուց կանգնած լիներ արդարադատության առաջ, սրբի դիմակ հագած՝ գործող իշխանությանն է մեղադրում թալանի ու կոռուպցիայի մեջ։

Հանրությունը դժգոհում է, որ իշխանությունը ոչ միայն ուշացրել է դատաիրավական բարեփոխումները, այլև ետ է կանգնում նախապես ծրագրվածից ու հրաժարվում դեռ մեկ տարի առաջ հռչակած վեթինգի գաղափարից՝ փոխարենն առաջարկելով ինչ-որ անորոշություն։

Հանրությունը դժգոհում է, որ իշխանությունը փոխանակ շուտափույթ մաքրվի պետական համակարգում իրենց դիրքերը պահպանած սերժական տարրերից, որոնք պարարտ հող են ստեղծում բոլոր մերժվածների ամենօրյա հոխորտանքների համար, դրա փոխարեն ինչ-որ կասկածելի տեսություններ է առաջ քաշում ու արդարացումներ փնտրում այդ տարրերին համակարգում պահելու համար։ Դեռ մի բան էլ պետական համակարգից հեռացնում կարող ու նվիրյալ անհատների։

Այո, հանրությունը այս ու շատ այլ քայլերի համար դժգոհում է իշխանություններից, բայց այդ դժգոհությունները որևէ աղերս չունեն ռևանշիստների ու իրենց արբանյակների արտահայտած ու հորինած «մտահոգությունների» հետ։ Այդ «մտահոգությունների» գերակշիռ մասը պարզապես զառանցանքներ են և սև շուկաներին արժանի սպեկուլյացիաներ։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1157 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ