...

Մեզ ասելու փոխարեն շեֆիդ ասա

Մեզ ասելու փոխարեն շեֆիդ ասա

«Հասկացեք, բուհի կառավարումը լրիվ այլ խնդիր է, հարգելի հայրենակիցներ, որևիցե մեկին այդ աստիճան չպետք է հետաքրքրի ռեկտորի անձը, պետք է հետաքրքրի բուհի գործունեությունը, պայմանները, որտեղ պրոֆեսիոնալ աշխատանք է տեղի ունենում՝ ուսանողները սովորում են, դասախոսները դասավանդում են և զբաղվում են գիտամանկավարժական գործունեությամբ»։ Սա հատված էր ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանի՝ «Հրապարակ» թերթին տրված պարզաբանումներից, թե ինչու են փոխվարչապետներին, նախարարներին ու փոխնախարարներին կրկին նշանակում համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմում:

«ՉԻ». Այդ դեպքում ինչո՞ւ էր Դումանյանի ներկայիս ղեկավարը այդքան կենտրոնացած ԵՊՀ նախկին ռեկտորների անձերի վրա: Ինչո՞ւ էր իր թերթում օրումեջ տեղադրում Ռադիկ Մարտիրոսյանի և Արամ Սիմոնյանի լուսանկարները, հեգնում նրանց կանգնելու կամ բարևելու ձևը: Թող կենտրոնանար բուհերի գործունեության ու պայմանների վրա, քննադատեր այնտեղ առկա բացերը և ոչ թե ծաղրեր Սիմոնյանի քաշը:

Ուրեմն՝ Դումանյանը ճիշտ կանի իր բարոյախրատական ելույթները առաջին հերթին ուղղի Փաշինյանին, ասի, որ պետք չէ ամեն գնով Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտոր դարձնել, Լևոն Շիրինյանը լավ ստատուսագիր է, բայց պարտադիր չէ, որ դառնա Մանկավարժական համալսարանի ռեկտոր: Օգնական Նաիրիին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում նշանակելը արհամարհանք է մայր բուհի նկատմամբ: Անպայման չէ չստացած դիպլոմի վրեժը այդպես հանել:

Հիմա, եթե որևէ ուսապարկի նշանակեք ռեկտոր, ի՞նչ, չհետաքրքրվե՞նք ռեկտորի անձով, սպասենք, թե նա ինչպիսի ավերածություններ կբերի իքս համալսարանում, հետո պոստֆակտո՞ւմ անդրադառնանք թեմային: Հետաքրքիր տրամաբանություն է. բնական գիտությունների մասնագետները սովորաբար ուրիշ մոտեցումներ են ունենում: Բայց թերևս Փաշինյանի հետ աշխատելը փոխել է նաև Դումանյանի մտածողությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ