...

Մի անգամ Հայաստանում

Մի անգամ Հայաստանում

Բա Ալեն Սիմոնյա՞նը

Լեհական «Մարիսիան և Նապոլեոնը» ֆիլմում մի դրվագ կա, երբ ֆրանսիական կայսրի հետ հանդիպումից առաջ գեղեցկուհի Մարիսիային լեհ ազնվականները բացատրում են, որ հանդիպման ժամանակ, ինչ էլ Նապոլեոնն անի, ասի, ինչ էլ տեղի ունենա, աղջիկը մենակ մի բան ասի. «Բա Լեհաստա՞նը»:

Հիմա, երբ վարչապետի զավակ Աշոտ Փաշինյանի հետ կապված դեպքի շուրջ թեժ կրքեր են, համացանցը մի քանի օր է, միայն դեպքի մանրամասներից է խոսում, հազար ու մի վարկած է առաջ քաշվում, մենք միայն մի բան կարող ենք ասել. «Բա Ալեն Սիմոնյա՞նը»:

Այո, հենց Ալեն Սիմոնյանը: Այն անձնավորությունը, որը, թվում է, ոչ մի կապ չունի Աշոտ Փաշինյանի դեպքի հետ, բայց իրականում կապն անմիջական է: 

Բանն այն է, որ Արցախյան պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին մեղադրանք են ներկայացրել, որ նա փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին: Տեսանյութերը տեսել եք, ասում է՝ նստի մեքենա, Աշոտը նստում է, հետո դուրս է թռչում, և այլն: 

Իշխանական քարոզիչները, նրանց համախոհները համարում են, որ Գայանե Հակոբյանին ճիշտ են կալանավորել: Մարդուն առևանգելը ո՞րս է: Աշոտն ի՞նչ մեղավոր է իր հոր վարած քաղաքականության համար: Զավակները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքների համար: Հա, հետո ի՞նչ, Գայանեն զոհված զինվորի մայր է: Դա արդարացում չէ: Առևանգել է, իսկ դա քրեական հանցանք է, ուրեմն, պետք է օրենքով առաջնորդվել:

Մարդ կա, մարդ է, մարդ էլ կա, ուղտ է

Բայց ոչ ոք չասաց մի շատ կարևոր բան. որ Գայանե Հակոբյանը... մարդ է: Նույնպիսի մարդ, ինչպիսին Ալեն Սիմոնյանն է: Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու դեմքին, վարչապետը նրա արարքն արդարացնում է նրանով, որ Ալեն Սիմոնյանը մարդ է: Դե, հիմա, պահի տակ էմոցիոնալ արարք է թույլ տվել, վիրավորել են իրեն, ինքն էլ թքել է: Անցավ, գնաց: Չէ, չանցավ:

Իսկ ահա որդեկորույս ծնողի դեպքում դա հանցանք է: Դե թող ասեին, որ նա էլ է մարդ, զավակ է կորցրել, պահի տակ էմոցիաները չի կարողացել զսպել, ընդ որում, հազարապատիկ ավելի ծանր էմոցիաներ է ապրում, քան Ալեն Սիմոնյանը: Պատճառահետևանքային կապը երկու դեպքում էլ նույնն է: Եվ եթե Ալեն Սիմոնյանի արարքն արդարացնում եք, բարի եղեք, արդարացրեք նաև Ժորա Մարտիրոսյանի մորը: Երբ բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, քաղհասարակության հարյուրավոր ներկայացուցիչներ պահանջում էին, որ Ալեն Սիմոնյանը պատժվի և առնվազն պաշտոնանկ արվի, դա նաև նրա համար էին պահանջում, որպեսզի նմանատիպ արարքները, դեպքերը չկրկնվեն: 

Ձեզ զգուշացրել են

Չեք պատժել, ոչ մեկին շան տեղ չեք դրել, տեղի է ունեցել այս դեպքը: Ու սա վերջին նման դեպքը չի լինելու: Մարդիկ են լինելու, որ տեսնելով պահի ազդեցության տակ թույլ տված հանցանքը, անվայել արարքը անպատիժ է մնում, ասելու են՝ իսկ ինչո՞վ ենք մենք պակաս: Եթե Ալեն Սիմոնյանին թույլ է տրված, ուրեմն, մեզ էլ է թույլ տրված: Չէ՞ որ մեր մոտ ժողովրդավարություն է, օրենքի առջև էլ բոլորը հավասար են: Ահա թե ինչ հետևանքներ ունեցավ և դեռ կունենա Ալեն Սիմոնյանի դեպքը: 

Դրա համար, այսօր Հայաստանում ինչ դեպք էլ տեղի ունենա, որքան էլ դա անթույլատրելի ու դատապարտելի լինի, հանրությունը միշտ այդ հարցը պիտի տա. բա Ալեն Սիմոնյա՞նը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ