2020 թվականի հոկտեմբերի 22: Վարչապետի առաջարկով Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին շնորհվել է ազգային հերոսի կոչում:
2021 թվականի փետրվարի 24: Վարչապետի առաջարկով պաշտոնից ազատվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը:
Սոցիալական ցանցերում հազար ու մի մեկնաբանություն կա այս առթիվ: Բայց կարծում ենք, այնուամենայնիվ, վերջին խոսքը պետք է մնա Նիկոլ Փաշինյանին:
Օրինակ՝ նա կարող է փակել թեման՝ նշելով, որ սա իշխանության հերթական աննախադեպ որոշումն է: Կառավարության կամքի դրսևորումը: Այս քայլը միանշանակ ցուցադրում է, որ իշխանության համար չկան մերոնքականներ ու օտարներ:
Հոկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ հենց այս պահին Տիրան Խաչատրյանը բեկում է մտցնում պատերազմի մեջ, շնորհեց հերոսի կոչում, իսկ հիմա հեռացնում է աշխատանքից՝ չնշելով պատճառը: Թեպետ բոլորը գիտեն պատճառը: Հերոս գեներալը ծիծաղել է Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ տված գնահատականի վրա: Տիրան Խաչատրյանի բախտը բերել է, որ լրագրողը իրեն չի զանգահարել հոկտեմբերի 23-ին: Գուցե կրկին ծիծաղեր՝ լսելով, որ բեկում է մտցնում պատերազմի մեջ: Եվ Փաշինյանը, առանց աչքը թարթելու, հենց հաջորդ օրը աշխատանքից կհեռացներ այլևս ազգային հերոսին:
Փաշինյանը հայտարարում է, որ գալով իշխանության՝ քանդեցին միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան: Չի կարելի այսքան համեստ գտնվել: Քանդած կառույցներ էլի կան: Օրինակ՝ ազգային հերոսի ինստիտուտը նորմալ խարխլվել է: