...

Մի երկու բան հիշեցնենք Ալվինա Գյուլումյանին

Մի երկու բան հիշեցնենք Ալվինա Գյուլումյանին

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ազգային Ժողովի որոշմանը, ասել է. «Ես խորհրդային տարիներին այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել և Գերագույն խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին: Ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որը չնայած ամեն տեսակ ճնշումներին, կարողացել է Դաշնակցության գործը երկրորդ անգամ չկասեցնել: Դա իմ վարույթում էր գտնվում, և ես այն ուղղակի առանց քննության եմ թողել: Ես այն դատավորն եմ եղել, որ 1995 թվականի ընտրությունների արդյունքում գործ քննելուց կարողացավ դահլիճում կանգնել ու հայտարարել, որ դատարանը ձեզ համար ստալինյան տրոյկա չի, որ ինչ բերեք՝ դակենք: Ի վերջո, ես այն դատավորն եմ, որն արդեն ՄԻԵԴ-ում կայացրել եմ որոշումներ, քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել և երկրորդ նախագահի, և երրորդ նախագահի իշխանության օրոք»։

Շատ լավ է, որ Ալվինա Գյուլումյանը ստալինյան տրոյկաների մասին գիտի: Եվ քաջաբար այդ մասին 1990-ականներին խոսել է: Ասում է՝ ես խիզախ եմ, անկախ եմ, անաչառ եմ: Թե ինչպիսի դատավոր է եղել 1990-ականներին, չգիտենք: Կարող է հեքիաթներ էլ պատմել, ստուգելը բարդ է:

Բայց այդքան վատ իշխանությունների օրոք, Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՍԴ անդամ։ 

Անցնենք հաջորդ փուլին, երբ Ալվինա Գյուլումյանը 2003-2014 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր էր: Ասում է՝ «քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել և երկրորդ նախագահի, և երրորդ նախագահի իշխանության օրոք»։ Մի հատ թող ինքը ներկայացնի, թե այդ ինչ գործեր են եղել: Մեզ շատ հետաքրքիր է: Ինքը ինչքան օրինակ բերի, մենք դրան ի պատասխան տասնապատիկ օրինակներ կբերենք, թե ինչպես են իր օրոք Հայաստանի ՄԻԵԴ ուղարկված գանգատները մերժվել, շատ հաճախ՝ պարզապես չեն գրանցվել դատարանում: Չգիտե՞ր Ալվինա Գյուլումյանը, որ հարյուրավոր գործեր չեն մուտքագրվել ՄԻԵԴ: Արա Շահզադեյանի մասին լսած չկա՞: Ոնց որ իրար հետ էին գործ անում՝ Դավիթ Հարությունյանի քավորությամբ: 

Իսկ ՄԻԵԴ-ի կայացրած հարյուրավոր որոշումներ, որոնցով փաստացի ամրագրվել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այդ գործերին սկսել են ընթացք տալ միայն այն բանից հետո, երբ Ալվինա Գյուլումյանին այնտեղից բերեցին և նորից նշանակեցին ՍԴ անդամ: Ի դեպ, սա միակ դեպքն է, որ նույն մարդուն երկու անգամ ՍԴ անդամ են նշանակում: Իսկ ինչո՞ւ էին նշանակում. բնականաբար, նախկին իշխանություններին մատուցած ծառայությունների դիմաց: Նշանակելուց գիտեին, որ ոնց ծառայել է իշխանություններին, այդպես էլ շարունակելու է ծառայել: 

Եվ վերջապես, երբ Ալվինա Գյուլումյանը իրեն հերոս է ներկայացնում, թե իբր Տեր-Պետրոսյանի օրոք իշխանությունների դեմ է խոսել, որոշումներ կայացրել, դուք իր ձայնը երբևիցե լսած կա՞ք Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Մի թթու խոսք ասած կա՞: Այդ ժամանակահատվածում ապօրինություններ չե՞ն եղել: Գիշերային դատավարություններ չե՞ն եղել, տրոյկայի սկզբունքով մարդկանց չե՞ն դատել: Բիրիքով: Հարյուրավոր աղաղակող դատավարություններ, որոնք հետևանքը մինչև հիմա զգում ենք: Ընտրություններ չե՞ն կեղծվել, կեղծված ընտրությունների արդյունքները չե՞ն դակվել: Նաև ՍԴ-ով: 

Դե թող պատասխանի. ինչպե՞ս է այդպես հնարավոր լինում: Որ 20 տարի ձայն չի հանել, երբ երկիրը գտնվում էր բանդիտների ձեռքում: Իր իսկ խոսքերից է ակնհայտ դառնում, որ գործ ունենք շողոքորթ, կամակատար, նախկին իշխանությունների ձեռքում խաղալիք դարձած մի անձնավորության հետ, որը դեռ պետք է պատասխան տա ՄԻԵԴ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած զեղծարարությունների համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ