...

Մի երկու հիշեցում Զարուհի Փոստանջյանին

Մի երկու հիշեցում Զարուհի Փոստանջյանին

Անժելա Թովմասյանի և Հայելի ակումբի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակման դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է և ասել. «Ակնհայտ է, որ հարձակվողների խումբը ՀՀ-ում գործում է հովանավորչությամբ, որը տեղի է ունենում անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ կերպ սա գնահատել հնարավոր չէ: Եթե կարճման մասին որոշումը վերջնական կայացված լինի, մենք այդ որոշումը բողոքարկելու ենք դատական կարգով՝ ընդհուպ մինչև ՄԻԵԴ, համապատասխան հոդվածներով և կունենանք հաջողություն: Մինչ այդ մենք այստեղ նահանջ ենք արձանագրում խոսքի ազատության ոտնահարման համատեքստում»:

Ուղղակի հիշեցնենք, որ մի քանի հոգի գնացել էին «Հայելիի» խմբագրություն, որտեղ այդ պահին մարդ չի եղել, դուռը փակ է եղել, հետո լայվ են մտել, իրենց անհամաձայնությունը հայտնել «Հայելիի» մի հրապարակման հետ, պատերին գրել, եթե ճիշտ ենք հիշում, ձվերով խփել ու հեռացել: Որևէ մեկը չի տուժել, որևէ գույք չի վնասվել:

Սա նրա համար չենք ասում, թե եղածը մի բան չի, այդ երիտասարդներն առանձնապես բան չեն արել: Տեղի ունեցածը բոլոր դեպքերում դատապարտելի է, անթույլատրելի է: Լրատվամիջոցների գործունեության հետ չհամաձայնվելու և դժգոհություն հայտնելու այլ ճանապարհներ կան, ավելի քաղաքակիրթ և ավելի արդյունավետ: Պարզապես, երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ հարձակվողները Նիկոլ Փաշինյանի կողմից են պատվեր ստացել, հովանավորվում են, այստեղ, ինչպես ասում են՝ «палку перегнула»:

Ուղղակի Զ. Փոստանջյանին հիշեցնենք, որ մեր խմբագրությունը բազմիցս է հարձակման և ահաբեկումների ենթարկվել: Մեր խմբագրության դուռը պայթեցրել են, այսինքն՝ ահաբեկչական գործողություն են իրականացրել, մեր լրագրողին դաժան ծեծի են ենթարկել հենց խմբագրության տարածքում, մեր նկատմամբ հարկային տեռոր է իրականացվել տարիներ շարունակ, մեր բազմաթիվ լրագրողներ օրը ցերեկով բռնությունների են ենթարկվել քրեական հեղինակությունների և ոստիկանների կողմից, մեր լրագրողներին բազմիցս ձերբակալել են, քրեական գործեր են հարուցել... պատվերով, հրահանգված հալածանքները սրանք էին, ու Զարուհի Փոստանջյանը դա լավ գիտի, ոչ թե մի խումբ բառադի տղաների արարքը: 

Ու այսօր մամուլի դեմ հարձակումների մասին ճամարտակողները, այդ թվում՝ Անժելա Թովմասյանը, ծպտուն անգամ չեն հանել, երբ տարիներ շարունակ մամուլին իրապես ճնշում էին: Ամեն մեկը իշխանություններից մի կտոր փայ փախցնելով էր զբաղված:

Այնպես որ, ինչ-ինչ, բայց գոնե մամուլի դեմ հրահանգավորված ճնշումների մասին մի խոսեք: Դուք չգիտեք՝ դա ինչ բան է:

Հ.Գ. Իսկ Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ՝ Աննա Հակոբյանին, մեծ ամոթ, որ Զարուհի Փոստանջյանին չթողեցին Հրապարակում ցույցի ժամանակ ելույթ ունենալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ