...

Մի հատ մեծ «բայց» կա

Մի հատ մեծ «բայց» կա

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրել է. «Խորհրդարանական ընդդիմությունը նոր պատերազմի պատասխանատվությունը իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա։

Ուստի «Հայաքվեն» ունի միայն մեկ քաղաքական հետևանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, իսկ նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին հայտարարել պատերազմ Հայաստանին և Արցախին»:

«ՉԻ». Նախ սկսենք նրանից, որ 2020-ի պատերազմի, դրա աղետալի հետևանքների համար արդեն 3 տարի է, իշխանությունն է պատասխանատվությունն իր վրայից գցում, ընդ որում ոչ միայն ընդդիմության, այլ նաև ժողովրդի վրա: 

Երկրորդ. շատ հնարավոր է, որ իսկապես ընդդիմությունը շահարկում է Արցախի հարցը, կատարում է քայլեր, որոնք մեծացնում են պատերազմի հավանականությունը:

Բայց... այստեղ մի հատ մեծ, քյոք բայց կա: Դա Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ու վարքագիծն էր, երբ ինքն էր ընդդիմություն: Թող իշխանավորներն ասեն. Փաշինյանն իր կեցվածքով, որպես ընդդիմադիր գործիչ արդյոք Արցախի հարցում կառուցողական է եղել: 

2017 թվականին Փաշինյանը Խորենացի փողոցում դավաճանություն համարեց Լավրովի պլանին համաձայնվելը: Հիմա ինքը դրանով այն ժամանակ նպաստե՞լ է խաղաղության գործընթացին, թե՞ մեծացրել է պատերազմի հավանականությունը: Մի հատ դրեք, համեմատեք, թե ինչ է դրված եղել այն ժամանակ բանակցությունների սեղանին, ինչ էին առաջարկում: Չես կարող համեմատել նրա հետ, ինչ այսօր մեզ... ոչ թե առաջարկում, այլ պարտադրում են: 

Այսինքն՝ Փաշինյանը շահարկել է Արցախի հարցը, քարկոծել է իրական խաղաղության հասնելու գործընթացը: 

Հիմա նույն բանը ընդդիմությունն է անում, ասում է, որ իշխանությունների քաղաքականությունը դավաճանություն է համարում, ու խաղաղության գործընթացը տապալածները հայտարարում են, թե ընդդիմությունը Ադրբեջանին պատերազմ սկսելու առիթ է տալիս: Երբևիցե ձեզ պատասխանատու զգացե՞լ եք, որ ինքներդ Ադրբեջանին պատերազմ սկսելու բազմաթիվ առիթներ եք տվել: Երբ պատասխանատվություն կունենաք, այ էն ժամանակ էլ այս ընդդիմությանը կարող եք ասել այն ամենը, ինչ մտածում եք: Այս ընդդիմությունն անում է ճիշտ այն, ինչ դուք եք արել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ