...

Միքայել Մինասյանի երազը

Միքայել Մինասյանի երազը

Ինքը Հայաստան է վերադարձել ու հիմա «Jazzve Plaza» պալատում թագադրման արարողությունն է, որտեղ պետք է հռչակվի Վերածնված Հայաստանի արքայից արքա: Գարեգին Բ.-ն իրեն օծում է, հատկապես՝ մազերը ու աղոթում. «Մենք աղօթակից եւ մասնակից դարձանք Միշիկ Սրբ. Մինասյանի թագադրութեան, Հօրը, Աներօջը եւ Սուրբ Ֆէյքին շնորհքովը զինք հրաւիրեցինք քայս կոչումին եւ մեր Հայրապետներու աղօթքներով խնդրեցինք Աստուծմէ, որ պայծառապէս փայլեցնէ ընծայեալը իր սուրբ պարգեւներով»:

Ինքը երանության մեջ պալատական վեզիրներից Կոնստանտին Նակալացուն ձայն է տալիս. «Ներս հրավիրիր հաճախորդներին»: Կոնստանտինը մինչև գետինը խոնարհվում է և ասում. «Տեր իմ, ձեր հրամանը տեղ գտավ ԲլոկՆյութում»:

Ներս է մտնում Էդմոն Լուսավորիչը. «Արքա՛, մենք տառապել ենք այս օրվա համար, քո  սուրբ օժանդակությամբ անցել ենք փորձությունների միջով, հարվածներ կերել, դիմակազերծ եղել, բայց հավատարմությունն առ քեզ պահպանել ենք: Այժմ և հավիտենական»:

Ինքը խոժոռվում է, բայց ճար չկա, պատմուճանի ծալքերից ինչ-որ ծրար է հանում և հանձնում Էդմոնդին: 
Հաջորդը Գագիկ Բարգավաճն է. վերջինս իրեն է փոխանցում մի վանդակ, որտեղ մի կորյուն է: «Ուրեմն, Գագիկ Բարգավաճն այն տղան է, որը ձեր տիտղոսին համապատասխան ընծա է տալիս. որպես արքա, ընդունիր քեզ վայել նվերը՝ կենդանիների արքային»: 

Այդպես հաճախորդները հերթով մոտենում են, հավատարմության երդում տալիս ու հեռանում: 
Եվ ահա, սկսվում է արարողության կուլմինացիան. իր գլխին են դնում Զանգեզուրի մաքուր պղնձից պատրաստված թագը՝ զարդարված Ֆաբերժեի ադամանդներով ու պարուրված կարմիր թելով:

Եվ այն պահին, երբ նրան պաշտոնապես պետք է հայտարարեն լեգիտիմ օծված արքա, պալատ է մտնում սուրհանդակը՝ Արթուր Վանեցին: Սա մոտենում է իրեն և ականջին ասում. «Նիկողայոս Հետադարձն է ինձ ուղարկել, որ քեզ փոխանցեմ, որ հռովմեական պայմանավորվածությունները խախտում ես և եթե դու գոնե սիմվոլիկ չհրաժարվես գահից, ինքը երկրի հակառակ կողմից լեգեոններ կարգած, քայլելով գալիս է այստեղ՝ քեզ գահազրկելու»:

Ինքն անմիջապես թագը հանում է, վզից կախում Վատիկանի Մագիստրի օրդենը և բացականչում. «Մենք տեղափոխվել ենք խավարից լույս: Կողոսացիս 1։13: Մեր արքայական շարժումն անկասելի է: Զի՛ժամն է միավորվել՝ ընդդեմ լայվի իշխանության: Ակն ընդ ական, բիզնես ընդ օֆշոր, նկուղ ընդ պադվալ»: 

Այդ պահին Գալուստ Իմաստունը ձեռքով փակում է իր շուրթերն ու հայտարարում. «Թագադրվել դեռ չի նշանակում թագավոր լինել»: 

Արթնանում է խոհանոցում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ