Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշում է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի, ինչը նախկիններին գրեթե հունից հանել է։ Երեկ ֆեյսբուքի իր էջում ուշագրավ գրառում է արել նաև նախկինների կարկառուն ներկայացուցիչ, ԼՂՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը․ «Մեր երկրում Սահմանադրական ընթացակարգերի նկատմամբ միշտ եղել է ընդգծված հարգանք։ Ի սկզբանե։ Ի պատիվ Շարժման առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային միակ հանրապետությունն էր, որն անում էր ամեն հնարավորը՝ ամենայն մանրամասնությամբ պահպանելու ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ անկախություն հռչակելիս»։
Ինչպես տեսնում ենք, սույն պարոնը չի ասում՝ շարժումն ով էր ղեկավարում և ով էր պահպանում ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ անկախություն հռչակելիս։ Այս մասին մի փոքր ավելի ուշ։
Շարունակելով միտքը՝ մարդու իրավունքների նախկին պաշտպանը գրել է․ «Եվ հիմա խաչ է քաշվում նաև այդ ֆունդամենտալ արժեքի վրա (այսինքն՝ սահմանադրությունում փոփոխությունը համարում է խաչ քաշել ֆունդամենտալ արժեքի վրա- Ջ․Ա․)։ Ու դա այնպիսի մեծ հարված է մեր պետության իրավական անվտանգությանը, որ դժվար է անգամ հաշվարկել թե՛ հետևանքները, թե՛ դրանք չեզոքացնելու հնարավորությունները»։
Ընթերցողի համբերությունը չչարաշահելու համար անցնենք պարոն Մելիքյանի վերջին և ամենատարօրինակ մտքին՝ այն է․ «․․․Որևէ մեկը լրջորեն մտածե՞լ է՝ ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց»։
Փորձենք հասկանալ։ Սկսենք վերջից։ Մի փոքր մեզ նեղություն տանք և վերհիշենք 90-ականների սկիզբը, ինչպես պարոն Մելիքյանն է ասում՝ լրջորեն մտածենք, թե ինչու մեզ հաջողվեց խուսափել քաոսից 90-ականների սկզբին, իսկ մեր հարևան հանրապետություններին չհաջողվեց։ Իսկապես մենք լրջորեն մտածել ենք և եկել ենք եզրակացության, որ Սահմանադրությունը մի օր քնից արթնացել, ՀԱԲ-ն է զինաթափել, հաջորդ օրն էլ հայտնաբերել է «Դրո» ահաբեկչական կառույցը և պարագլուխներին ուղարկել այնտեղ, որտեղ որ պետք է լինեին ու երկիրը հեռու պահել քաոսից։ Իսկ եթե իրավաբանական գիտությունների թեկնածուն լրջորեն մտածեր, ապա անպայման կիմանար, որ 90-ականների սկզբին անկախ Հայաստանը չուներ իր սեփական Սահմանադրությունը և, ինչպես ինքն է ասում, ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը մեր հարևան հանրապետություններն էլ են ունեցել։ Սակայն պարոն Մելիքյանը չի ասում հիմնականը. թե այդ ժամանակահատվածում ով է ղեկավարել երկիրը։ Սա գիտե՞ք ինչին է նման, որ երբ բանակի ծնունդ են նշում, բայց բանակի ստեղծման ակունքներում կանգնած Լևոն Տեր-Պետրոսյանի անունը չեն տալիս: Հիմա էլ նույնը։ Ծանոթ ձեռագիր է։ Բայց դե ոչինչ, էլի համարձակվել և հիշել է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման փառահեղ տարիները՝ առանց «ցրտի ու մթի» որակելու: Սա առաջին դեպքն է, որ Քոչարյանի աջակիցներից մեկը նման բան է հիշում։
Իսկ հիմա փոքրիկ «սպռավոչկա» պարոն Մելիքյանին։ Հայաստանը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանը ղեկավարում էր Աբուլֆազ Էլչիբեյը, իսկ Վրաստանը՝ Զվիադ Գամսախուրդիան։ Գամսախուրդիայի արկածախնդրության պատճառով Վրաստանը չխուսափեց քաղաքացիական պատերազմից, Թբիլիսիի սրտում՝ Ռուսթավելի փողոցում արյուն հեղվեց, Էլչիբեյի անհեռատես քաղաքականության պատճառով Ադրբեջանը նույնպես չխուսափեց քաղաքացիական պատերազմից, ինչին ուղեկցեց Ղարաբաղի պատերազմի պարտությունը՝ տարածքների կորստով։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի փայլուն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության արդյունքում խուսափեցինք քաղաքացիական պատերազմից, և Ղարաբաղի պատերազմում էլ հաղթանակ գրանցեցինք ու հաղթական զինադադար կնքեցինք։ Սրանք փաստեր են, որոնց պետք է մայր ԲՈՒՀ-ի դասախոս պարոն Մելիքյանը լրջորեն վերաբերվի: Վերջապես սերունդ է կրթում: Իհարկե, ինքը պատմություն չի դասավանդում, բայց իմանալը չի խանգարի։ Մի տեղ պետք կգա, էլի։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ սահմանադրությունում փոփոխությունը խաչ քաշել է ֆունդամենտալ արժեքի վրա, ու դա այնպիսի մեծ հարված է մեր պետության իրավական անվտանգությանը, որ դժվար է անգամ հաշվարկել թե՛ հետևանքները, թե՛ դրանք չեզոքացնելու հնարավորությունները՝ սա արդեն պարզագույն դեմագոգիա է։ Սահմանադրությունում ընդամենը մի փոքր սխալների ուղղում է արվելու։ Իսկ ինչո՞ւ պարոն Մելիքյանը լրջորեն չի մտածել և չի հիշում 2005թ և 2015թ Սահմանադրության փոփոխությունները։ Մի դեպքում Քոչարյանի անձեռնմխելիությունն էին ապահովում, մյուս դեպքում կառավարման մոդելը փոխեցին միայն Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար։ Իսկ անկախություն հռչակելիս, որ Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային միակ հանրապետությունն էր, որն անում էր ամեն հնարավորը՝ ամենայն մանրամասնությամբ պահպանելու ԽՍՀՄ սահմանադրաիրավական ընթացակարգերը՝ ԳԽ նախագահը և շարժման առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյան էր։ Եվ անկախությունն ամրագրեցինք հանրաքվեով։ Այս պարագայում նույնպես պարոն Մելիքյանը լրջորեն չի մտածել։ Իհարկե, մելիքյանները ուզեն, թե չուզեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան պետական գործչի ավանդը հայոց պետականության կայացման գործում անուրանալի է, և պատմաբաններն իրենց խոսքը կասեն, ու ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Իսկ պարոն Մելիքյանին չի խանգարի լրջորեն մտածելը։
Ջավահիր Այվազյան