Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ու հայտարարել, թե ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձը պիտի «շոշափելիորեն» բարձրանա, բայց յուրաքանչյուր աշխատող պիտի համապատասխանի որոշակի ստանդարտների։ Պարզ ասած՝ ով ուզում է բարձր աշխատավարձ ստանալ, պիտի ատեստավորվի և ապացուցի, որ արժանի է այդ աշխատավարձին։
Գաղափարն, իհարկե, լավն է, բայց կարելի էր սկսել այն պաշտոնյաներից, որոնց գործունեության արդյունքում Հայաստանն արդեն չորսուկես տարի է գտնվում է պերմանենտ արտակարգ իրավիճակներում։ Եվ որպես առաջին քայլ կարելի էր ատեստավորել Նիկոլ Փաշինյանին ու պարզել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք նրա «մասնագիտական, ծառայողական հմտություններն ու գիտելիքները» պետության ղեկավարի ստանդարտներին։ Իսկ ահա իշխող խմբակցության պատգամավորների ատեստավորումը կարելի է իրականացնել պարզեցված ընթացակարգով։ Եթե կարողանում են երեք փորձից սեղմել անհրաժեշտ կոճակը, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև քացի տալ շեֆին հարց տվողներին, ուրեմն ամեն ինչ կարգին է, նրանք արժանի են ամսական 600 հազար դրամ աշխատավարձին, նույնքան «շոշափելի» պարգևավճարին ու 250 հազար դրամ «կոֆեի-բանի փողին»։