...

Նախկինների պլան Բ-ն խելագարություն է

Նախկինների պլան Բ-ն խելագարություն է

Ռոբասերժական ու միշիկական շրջանակներին որոշ ժամանակ էր պետք հասկանալու, որ հրապարակային եղանակներով իշխանությունը վերադարձնելու իրենց հույսերը սին են, որ իրենց ետևում հանրություն ու հանրային աջակցություն չկա։ Եվ ահա նրանք անցել են պլան Բ-ին՝ պալատական հեղաշրջման գաղափարին, որտեղ որպես գլխավոր դերակատարներ նկատի ունեն ոչ թե իրենց, այլ իշխանության ներկայացուցիչներին։ Այլ կերպ ասած՝ նպատակ են դրել իշխանափոխություն իրականացնել իշխանության ներսի մարդկանց ձեռամբ։

Երկու օր է՝ այս շրջանակները ուղերձներ են հղում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու ու իրենց թիմից նոր վարչապետ ընտրելու մասին։ Այս ծրագիրը ինտենսիվորեն զարգացնում են Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Աշոտյան-Շարմազանով զույգը, անադեկվատի միաբանները, այս ողջ կոդլին սպասարկող խիստ «անկախ» վերլուծաբանները, գրդոնչի լրատվամիջոցները։

Երկու կարծիք լինել չի կարող, որ այս գործընթացը շատ համակարգված է ու կառավարվում է մեկ կենտրոնից, որը կարող է գտնվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Առավել հավանական է երկրորդ տարբերակը։
Պատահական չէ, որ օրեր առաջ արդեն նշված լրատվամիջոցները նախապատրաստում էին ծրագիրը ու տեղեկություններ էին հաղորդում իբր «Իմ քայլը» դաշինքի ներսում առաջացած ճաքերի, որոշ պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանից դժգոհության և խմբակցությունից դուրս գալու մասին։ Հետո էլ ավելի առաջ գնացին ու արդեն սկսեցին գրել, թե իշխանության ներսում որոշակի շրջանակներ ակտիվորեն քննարկում են Սահմանադրությանը համապատասխանող սահուն իշխանափոխության տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե գնալով խորանում է հասարակության դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից:

Ինչքանո՞վ է իրատեսական նախկինների այս ծրագիրը։ Ընդունված է ասել, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Իրոք, դա այդպես է։ Բայց սա այս դեպքը չէ։

Իհարկե, բնավ չի կարելի բացառել, որ հնարավոր է «Իմ քայլը» խմբակցությունից ինչ-որ մաս պոկվի, մանավանդ, եթե հաշվի առնենք այդ խմբակցության տարերային ձևավորումը, կազմի խայտաբղետ պատկերը, բազմերանգ լինելը։ Խնդիրն այն է, թե ի՞նչ գործընթացների արդյունքում կարող է նման բան տեղի ունենալ, առավել ևս՝ ի՞նչը կարող է դրդել խմբակցության որոշ պատգամավորների հեռանալ իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանից ու փնտրել այլ առաջնորդություն։

Ահա, այս հարցերի պատասխանները գտնելու ճանապարհին ամբողջությամբ սառույցին կգրվեն միշիկավանեցյանական ու ռոբասերժական՝ պալատական հեղաշրջման երազելի ծրագրերը։ Որովհետև միայն քաղաքականապես տհասները կարող են տուրք տալ մերժված նախկինների դրդմամբ ու պատվերով պալատական հեղաշրջում իրականացնելու խելահեղ ծրագրին ու արկածախնդրությանը, արդյունքում՝ հանրության գործուն դիմադրությանն ու պարսավանքին արժանանալու ռեալ ճակատագրին։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ