...

Նիկոլ Փաշինյանի ելույթի չմոնտաժված տարբերակը

Նիկոլ Փաշինյանի ելույթի չմոնտաժված տարբերակը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթի որոշ հատվածներ հանրությանն են ներկայացվել միայն խնամքով մոնտաժվելուց հետո, իսկ մի քանի պարբերություններ ստիպված են եղել նկարահանել երկրորդ անգամ։ Խմբագրության տրամադրության տակ են հայտնվել մի քանի հատվածներ այդ ելույթի առաջին՝ չմոնտաժված տարբերակից, որոնք էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Սիրելի հայրենակիցներ։ Արդեն չորրորդ օրն է Արցախի գազամատակարարումը դադարեցված է, և ես արդեն սկսում եմ կասկածել՝ գուցե ադրբեջանցիները դիտմա՞մբ են անում։ Մենք խաղաղության դարաշրջանը բացում ենք՝ նրանք փակում են, մենք բացում ենք՝ նրանք փակում են․․․ Այս դժնի ժամանակներում մենք պիտի միակամ լինենք, և ես արդեն իսկ պետական կառավարման բոլոր մարմիններին հանձնարարել եմ սոցկայքերում ջղայն սմայլիկներ դնել Իլհամ Ալիևի լուսանկարների տակ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Ազատի Սարգսյանը, մենք ֆաշիստներ չենք։ Ավելին՝ մեզ համար ընդունելի են Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջները։ Մենք նույնիսկ առաջարկել ենք զորքերը հայելային ետ քաշել։ Ճիշտ է, նրանք մեզ ուղարկել են երեք տառի ուղղությամբ, բայց մեզ համար դա նույնպես ընդունելի է՝ այո, մենք պատրաստ ենք բանակցել ՄԱԿ-ի սկզբունքների շրջանակներում։

Սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ ամբողջ աշխարհը գտնվում է սոցիալական բարդ իրավիճակում, բայց Հայաստանում վիճակը դեռ մի բան էլ բոլորից լավ է։ Ամբողջ աշխարհում սննդամթերքը թանկանում է, իսկ Հայաստանում՝ էժանանում։ Ինձ հաճախ քննադատում են, թե ինչո՞ւ է բարձրացվում միայն ոստիկանների, դատավորների ու դատախազների աշխատավարձը, իսկ թոշակները չեն բարձրացվում։ Միանգամից պատասխանեմ՝ նախ, այդ բարձրացումները ձեզ համար են արվում, և երկրորդ՝ որովհետև թոշակառուները շատվոր են, և թոշակների բարձրացումը բյուջեի համար շատ ծանր բեռ կլինի, իսկ վարչապետը, օրինակ, մի հատ է․․․ Բայց ուզում եմ ասել նաև, որ վստահ եղեք՝ ձեր բոլորի նպատակներն իմ գլխում են, ձեր բոլորի երազանքներն իմ սրտում են, ձեր բոլորի իղձերն իմ լյարդում են, ձեր բոլորի մտահոգություններն իմ ենթաստամոքսային գեղձում են, ձեր բոլորի հոգսերն իմ երիկամներում են։ Եվ պատահական չէ, որ մարտ ամսին տպագրված ՀԴՄ կտրոնների ընդհանուր երկարությունն ավելացել է շուրջ 45 կիլոմետրով։

Սիրելի հայրենակիցներ։ Մեր պետականության նավը, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ արդեն նավակը, գտնվում է փոթորկահույզ ծովում, և մենք պիտի ճշգրիտ քայլերով հասնենք խաղաղ հանգրվանի։ Ու դա պիտի անենք առանց էմոցիաների՝ գտնվելով ադեկվատ վիճակում։ Բայց սա չի նշանակում, թե եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք։ Ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության դարաշրջանին դեմ են միայն Ադրբեջանն ու Հայաստանի ընդդիմությունը։ Բոլորին փռելու եմ ասֆալտի՛ն, ծեփելու եմ պատերի՛ն, քյաբաբ առ քյաբաբ հե՛տ եմ բերելու, թա՛փ եմ տալու․․․ Հասկանալի է՝ խոսքն Ալիևին չի վերաբերում, որովհետև մենք հարևան երկրի ներքին գործերին միջամտելու իրավունք չունենք։ Դրա փոխարեն ես մտադիր եմ հարցնել նրան՝ ի վերջո ճանապարհների ապաշրջափակումը նրան պե՞տք է, թե՞ ոչ։ Եթե պետք է՝ հենց հիմա կարող է օգտվել։ 

Իսկ այժմ անցնենք օրակարգի չզեկուցվող հարցերին։ Էն լրացուցիչ 147 միլիարդից 40-ը բերեք արագի մեջ․․․

Ցավոք՝ տեսագրությունն այստեղ ընդհատվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ