...

Նիկոլ Փաշինյանի հարցաքննության սղագրությունը

Նիկոլ Փաշինյանի հարցաքննության սղագրությունը

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ արդեն կա դատախազի ցուցումը, և Նիկոլ Փաշինյանն անպայման հարցաքննվելու է «պատերազմը կարող էինք կանխել, որի արդյունքում կունենայինք նույն արդյունքը, իհարկե՝ առանց զոհերի» հայտարարության առիթով։ Եվ ահա, անակնկալներից խուսափելու համար, քննչական կոմիտեում տեղի է ունեցել հարցաքննության գլխավոր փորձը, որին մասնակցել է նաև անձամբ Փաշինյանը, և որի ձայնագրությունը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։ Եվ այսպես․

- Բարև ձեզ, պրն վարչապետ, համեցեք․․․

- Նստի՛, նստի։ Էդ նկարը պատից իջացրու։ Մի քիչ ճիշտ չի, որ իմ նկարի տակ նստած՝ ինձ հարցաքննես։

- Դե ուղղակի քանի որ տեսագրություն չի լինելու․․․

- Հաստա՞տ չի լինելու։ Արա՛, բա էդ դեպքում խի՞ ա նկարս մի հատ, խի՞ ա պուճուր։ Լավ, էդ հետո՛ կխոսանք։ Իմիջիայլոց՝ պարոն վարչապետը ո՞րն ա, պիտի ասես ժողվարչապետ։ Ժողովրդի կողմից եմ, չէ՞, ընտրվել։

- Իհարկե, իհարկե։ Պարզապես այդ դեպքում Ձեր կարգավիճակը պիտի լինի ժողկասկածյալ, որովհետև ժողովրդի կողմից եք կասկածվում․․․ 

- Ինչի՞ մեջ եմ կասկածվում։

- Դե, էն որ ասել եք «պատերազմը կարող էինք կանխել, որի արդյունքում կունենայինք նույն արդյունքը, իհարկե՝ առանց զոհերի»։

- Ես տենց բան չեմ ասել։

- Պրն վարչապետ, դա այնքան էլ լավ պատասխան չէ։ Տեսագրությունները կան։ Գուցե ասեք, որ չե՞ք հիշում, ու բժշկի տեղեկանք ներկայացնեք․․․

- Հիշելը՝ իսկականից չեմ հիշում, նախորդ օրը Իջևանում հարսանիքի էի։ Իսկ կլինի՞ ոչ թե բժշկի տեղեկանք բերեմ, այլ թամադայի։ 

- Դե, դա իրավական փաստաթուղթ չի համարվի։ 

- Լավ, դե բերեք սենց պատասխանեմ։ Ես պատերազմը չեմ կանխել, որպեսզի ժողովրդի ուսերին լրացուցիչ սոցիալական բեռ չդնեմ։ Եթե կանխեի՝ ինձ ասելու էին «դավաճան», իսկ դրա համար առնվազն 300 հազար դրամ տուգանք է սահմանված։ Ես ո՞նց կարող էի 3 միլիոն մարդու տուգանել, մեր ժողովուրդը տուգանքի մատերիա՛լ չի։

- Պրն վարչապետ, այդ պատասխանը կապ չունի այն մեղադրանքի հետ, որ հազարավոր մարդիկ զոհվել են Ձեր սխալ որոշման պատճառով։

-Ի՞մ։ Էս լրիվ դերի մեջ ե՞ս մտել, արա՛։ Ոչ թե իմ, այլ ժողովրդի՛ սխալ որոշման։ Ժողովուրդն է, չէ՞, ինձ ընտրել։ Չստացվե՞ց, որ ժողովրդի սխալ որոշման արդյունքում են եղել այդ զոհերը։ Ի դեպ, չե՞նք կարող ժողովրդին ներգրավել որպես մեղադրյալ կամ գոնե կասկածյալ։

- Ցավոք՝ ոչ, որովհետև ժողովուրդն արդեն չորս տարի է, ինչ բազմաթիվ այլ գործերով անցնում է որպես տուժող։ Լավ, պրն վարչապետ, մենք հարցերն ու պատասխանները կմշակենք, նախօրոք կտանք Ձեզ, որ կարողանաք ճիշտ առոգանությամբ կարդալ։ Բայց մի հարց էլ կա՝ խափանման միջոցը․․․

- Հի-հի․․․ գրեք «ստորագրություն Երկիր մոլորակից չբացակայելու մասին»։ Չէ, չէ, մի րոպե։ Գրեք «ստորագրություն վարչապետի կաբինետից չհեռանալու մասին»։ Էդ դեպքում կստացվի, որ դատարանի որոշմամբ՝ հրաժարական տալու իրավունք չունեմ, չէ՞։ Մեռնեմ օրենքին․․․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   11400 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ