...

Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախնական տարբերակը

Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախնական տարբերակը

Մեր տեղեկությունների համաձայն, Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախնական տարբերակը շատ ավելի անկեղծ ու անմիջական է եղել, սակայն առավոտյան կարդալով նախորդ երեկոյան իր իսկ գրած տեքստը՝ Փաշինյանն այնուամենայնիվ որոշել է խմբագրել այն։ Բայց տեքստի նախնական տարբերակը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Սիրելի հայրենակիցներ։

Ես վերջերս իմացա, որ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագիրը մեր անկախության մասին է։ Կառավարությունն ամեն օր ժամը 9․00-ից 18․00-ը պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար՝ բացի շաբաթ-կիրակի և տոն օրերից։ Անկախությունը մեզ համար անվտանգություն է, դրա համար էլ անձամբ ես ՀՀ-ում տեղաշարժվում եմ անվտանգության առնվազն 300 աշխատակիցների ուղեկցությամբ։

Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ, և մենք մինչև վերջ կարգավորելու ենք այդ հարաբերությունները՝ քանի դեռ Հայաստանում կան դժգույն-դժբախտ բնակավայրեր, ամայի սարեր, լճեր և ճանապարհներ։

Անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ ամեն օր հոգ պիտի տանես ու բյուջեի հաշվին այցելես ֆիթնես-սրահ, Անկախությունը նման է Ալենչոյի ծառայողական մեքենային, որն ունենալով նույնիսկ՝ ամեն օր հոգ պիտի տանես ու գումար դուրս գրես «զապչաստի» համար։

Անկախությունն ազատություն է, և մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է ազատ տեղաշարժի իր իրավունքն իրացնելու և արտագաղթելու համար։ Անկախությունը կրթություն է, և քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան Երևանի կենտրոնում, միշտ էլ վտանգ կա, որ ամենահեռավոր գյուղից որևէ կիսագրագետ կհասնի իշխանության, և ազգովի կտրտմենք։

Անկախությունն իրավակարգ է, օրենքի առջև բոլորի հավասարություն։ ՀՀ բոլոր քաղաքացիները պիտի հավասար հնարավորություններ ունենան՝ իրենց բիզնեսների գլխին վարչապետի եղբորը տնօրեն նշանակելու հարցում։

Անկախությունն աշխատանք է։ Այնպիսի աշխատանք, որի համար ժողովրդի ծառաները պիտի արժանապատիվ պարգևավճարներ ստանան։

Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին և ՀՀ սոցիալական քաղաքականությանը, որի իմաստը հետևյալն է․ ով ունի՝ նրան կտրվի, իսկ ով չունի՝ նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի։ Եվ հետևաբար, ունենանք բիզնեսներ՝ կունենա՛նք բիզնեսներ, ունենանք իշխանություն՝ կունենա՛նք իշխանություն, ունենանք Անկախություն՝ կունենա՛նք Անկախություն։

Սիրելի ժողովուրդ։

Զուր չէ ասված, որ եթե տեխնիկական կանեփի հատիկի չափ հավատ ունենանք՝ սարեր կշրջենք կամ դրանք հանձնելով՝ կբացենք խաղաղության դարաշրջանը։ Եվ ուրեմն՝ կեցցենք մենք, կեցցեն մեր երեխաները, կեցցեն մեր մոտիկները, որ դեռ ապրում են Անկախ Հայաստանում՝ անկախ ամեն ինչից»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   70173 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ