...

Նիկոլ Փաշինյանը կվերադառնա՞ արձակուրդից, թե՞ ոչ

Նիկոլ Փաշինյանը կվերադառնա՞ արձակուրդից, թե՞ ոչ

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում վերջին երկու օրերին։ Թվարկենք ամենաընդհանուր գծերով։

Երևանում ամբողջ թաղամասեր կամ հոսանք չունեն, կամ ջուր, կամ գազ։ Քաղաքը թաղված է աղբի մեջ, որովհետև աղբամաններն օրերով չեն դատարկվում։ Տրանսպորտը համարյա չի գործում։ Զբոսայգիներից շատերում ոռոգման ջուրն օրերով միացված է՝ այնպես, որ շրջակայքը ճահիճ է դառնում, ջուրն էլ անիմաստ հոսում-լցվում է փողոցները։ Անձրևաջրերը լցվում են մետրոյի կայարան։

Սևանի ափին հրազենով մարդ են սպանում, ընդ որում՝ մասնակիցներից մեկը Հայաստանում վաղուց հետախուզվում է, այսինքն՝ իրավապահները նրան վաղուց «փնտրում էին», բայց «չէին կարողանում գտնել»։

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան ժամանողների անձնագրային ստուգման համար արհեստականորեն ահռելի հերթեր են առաջացնում և զուգահեռաբար առաջարկում «արտահերթ ստուգվելու» համար 9 հազար դրամ վճարել։

Ինչ-որ մեկի տխմար որոշման արդյունքում 40 հազար բնակիչ ունեցող Չարենցավան համայնքի անձնագրային սեղանը «կրճատում են», ու մարդիկ ստիպված են լինում ցանկացած տեղեկանքի համար հասնել Հրազդան և ժամերով ու անգամ օրերով հերթ կանգնել։

Մի խոսքով՝ Հայաստանն արագացված տեմպերով դառնում է բառիս բուն իմաստով բնակության համար անպիտան երկիր։ Հիմա սրա անունը կդնեք «քաոս», թե «բարդակ»՝ էական չէ, բայց սովորաբար նման կոլապսները տեղի են ունենում այն երկրներում, որոնց ղեկավարը գիշերով անսպասելիորեն հավաքում է փասա-փուսան ու փախչում անհայտ ուղղությամբ։

Հա, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը մի ամսով արձակուրդ է վերցրել ու եվրոպական տարբեր քաղաքներում հեծանիվ է քշում։ Հետաքրքիր է՝ կվերադառնա՞, թե՞ այնուամենայնիվ կծլկի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3284 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ