...

Նոր այլանդակություն

Նոր այլանդակություն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում հայտարարել է. «Մեր հանձնաժողովի աշխատանքային խմբով եղանք մեր սահմանների արևելյան հատվածում: Գիտեք, որ սահմանների երկարությունը և բովանդակությունը փոխվել են: Զինված ուժերը չեն կարող ամբողջ ծավալով, այդ ծավալի աշխատանքի մեջ և՛ ծառայությունը տանի, և՛ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Ես կարծում եմ՝ մեր հասարակության ինչ-որ շերտեր՝ ուսանողներ և այլն, որ ասում են՝ մենք բանակի կողքին ենք, դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ և գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողներն էլ կարողանան իրենց առջև դրված մարտական խնդիրների վրա կենտրոնանան»:

«ՉԻ». Տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբներին, այն ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում երկաթուղային ինչ-որ ճանապարհների կառուցման, բարեկարգման խնդրին, ասաց, թե պետք է այդ աշխատանքներին ներգրավել բանակի զինվորներին՝ որպես ձրի, էժան աշխատուժ: 

Այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ: Թեպետ, բոլորս էլ գիտենք, որ մեր բանակի զինվորներին տարիներ շարունակ գեներալները, բարձրաստիճան սպաները բանեցրել են իրենց բիզնեսների համար, ծառայության ընթացքում օգտագործել նրանց աշխատուժը:

Իսկ հիմա հասել ենք նրան, որ որպես ձրի աշխատուժ արդեն սովորական քաղաքացիներին են մտադիր օգտագործել, առաջին հերթին՝ ուսանողներին: Անդրանիկ Քոչարյանը չի ասում՝ եկեք մարդ վարձենք, գնան, սահմանում ինժեներական աշխատանքներ կատարեն, պոստերն ամրացնեն և այլն: Սա ինչ-որ նոր այլանդակություն է:

Այսինքն՝ այնքան էլ նոր բան չէ: Սովետի ժամանակ ուսանողներին ամռանը հավաքում, կամավոր-հարկադիր հիմունքներով ուղարկում էին կոլխոզներ՝ կարտոֆիլ հավաքելու: Այսինքն՝ կոլխոզների անարդյունավետ և թերի գործը ուսանողների հաշվին էին դզում-փչում: Երևի Անդրանիկ Քոչարյանին կոլխոզներում ուսանողներ բանեցնելու գաղափարը շատ է դուր եկել: Դե հա, Հայաստանը մի հատ կոլխոզի եք վերածել, հույսներդ դրել եք ձրի աշխատուժի վրա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ