Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի տարբերություն ներկայիս դիլետանտ, ապաշնորհ քաղաքական ղեկավարության, մեր Զինված Ուժերը շարունակում են ամեն օր փառքով, պատվով ու բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքներն ու մարտունակության զարգացման խնդիրները»:
«ՉԻ». Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ այս կարգի անհեթեթություններն իրենք չպետք է գրեն: Հազարավոր ֆեյքեր և հարյուրավոր հաստիքային ստատուսչիներ ունեն, թող նրանք նման զավեշտներ տարածեն: Ի վերջո, հանգամանքների բերումով փոխնախարար է աշխատել և քաղաքական գործիչ է իրեն համարում, անպայման չէ անել գրառում, որը մտածող մարդկանց մոտ բացի նողկանքից ուրիշ արձագանք չի կարող առաջացնել:
Ի վերջո, պարոն նախկին փոխնախարար, 2016 թվականին ո՞վ էր դիլետանտ՝ քաղաքական ղեկավարությո՞ւնը, թե՞ բանակի հրամանատարությունը: Նման ժառանգությամբ այսպիսի հայտարարություններ չեն անում:
Նման անհեթեթություններ տարածում էին դաշնակները 90-ականների սկզբին, թե իբր հայկական բանակը հաղթում է՝ ի հեճուկս երկրի ղեկավարության: Այսինքն՝ երկրի քաղաքական ղեկավարությունը անում է ամեն բան, որ պարտվենք, բայց բանակը, միևնույն է, հաղթում է: 30 տարի անց իշխանությունից զրկվածները ուրիշ ավելի խելացի բացատրություն չեն գտել և կրկնում են դաշնակների 30-ամյա «նավթալինոտ» կեղծիքները:
Աշխարհի որևէ քաղաքագիտական կամ ռազմական տեսության մեջ նման հիմարության չեք հանդիպի: Բայց տոտալ մերժված հանրապետականներին դա չի հուզում: Մաղձը հաղթում է բանականությանը: