...

Ո՞ր բեռնափոխադրողներն են վնասում ճանապարհները

Ո՞ր բեռնափոխադրողներն են վնասում ճանապարհները

Ճանապարհները վնասող բեռնատարները կկշռվեն

Այսուհետ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն: Կառավարության այս նոր մտադրությունը պարզապես քմահաճություն չէ: Ծանրաքարշ բեռնատարները լուրջ վնասներ են հասցնում ավտոճանապարհներին, պետությունն էլ ստիպված գնում է վերահսկողության:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անհրաժեշտ է համարում լուծել ծանր բեռնված մեքենաների խնդիրը: Ըստ նրա՝ այն մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ հետևանքներ են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները:

Այժմ քննարկում են՝ որ ավտոմեքենաների կշռման և ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաև Հայաստանում:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սրտնեղում է, թե իրենք միլիարդներ են ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ էլ մի քանի հազար ավելի աշխատելու նպատակով այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում:

Միջազգային բեռնափոխադրողները խախտում անել չեն կարող

Միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերությունների բեռնատարները ճանապարհները չեն վնասում՝ շտապեց մեղքն իրենցից գցել «Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Նրա պնդմամբ՝ Հայաստանի ճանապարհների վնասման գործում մեղավոր են միայն տեղական բեռնափոխադրում իրականացնողները, քանի որ միջազգային բեռնափոխադրում կատարող ընկերությունները աշխատում են միջազգային ընդունված ստանդարտներով և ավել բեռ տեղափոխելու դեպքում տուգանվում են:

«Մեր բեռնատարները նախ Երևանում կշռվում են, բարձում են 20-21 տոննա՝ կախված իրենց մեքենայի կշռից: Վրաստանում կամ Մոսկվայում այդ բեռնատարները, եթե թույլատրելիից ավել բեռ ունենան, տուգանվում են: Մոսկվայում բեռնատարը՝ վարորդը նստած ղեկին, բեռով հանդերձ, պետք է լինի 40 տոննա, եթե այդքանից 100 կգ ավել եղավ, 1000 դոլար տուգանում են: Մենք չենք կարող «պերեդոզ» անել, դա բացառվում է: Խոսքը վերաբերում է ոչ միջազգային բեռնափոխադրողներին»,- «ՉԻ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Համբարձումյանը:

Նկատում է՝ տարիներ շարունակ ներքին բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաները չեն ստուգվել, ժամանակն է նաև այս խնդիրը լուծել: «Հայաստանի Միջազգային փոխադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու են բեռնատարներն այդքան բարձում և անցնում թույլատրելիի սահմանը:

«Մեր մեքենաներն ունեն 5 սռնի: Այդ 40 տոննա բեռը բաժանվում է 5-ի, ամեն սռնու վրա ընկնում է 8 տոննա, ամեն անիվի վրա՝ 4 տոննա: Իսկ այդ 30 տոննա բարձողները 2 սռնի ունեն, տեսեք՝ ինչ քաշ է կազմում, այդ դեպքում ճանապարհների հերը կանիծվի։ Ճանապարհների փչացնելը կախված է սռնիների քանակից ու բեռնվածքից։ Դրսում չափանիշներ են դրված, թե մի սռնու վրա ինչքան քաշ պետք է ընկնի: Եթե Մոսկվայում մի սռնու վրա 6-7 տոննայից ավել բեռ ընկավ, տուգանում են: Մեզ մոտ այդ հարցը խիստ կանոնակարգված է, մենք խախտում չենք կարող անել»,- հավաստիացրեց նա:

Կշռվել չեն ուզում

Միջազգային փոխադրողներին էլ հակադարձում են տեղական փոխադրողները: «Օպտիմալ» տեղական բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Լևոն Օհանյանի պնդմամբ՝ իրենց բեռնատարները ճանապարհները չեն քանդում: Մեքենաների քաշը 10 տոննան չի գերազանցում:

«Տեղականը «վաբշե» ավել չի բարձում: Ապրանք դուրս տանող ավտոներն են այդքան ծանր, տեղական այդքան ծանր ի՞նչ մեքենա ունենք»,- նկատեց նա:

Թեև ընկերության տնօրենը վստահեցնում է, որ տեղական բեռնափոխադրողները չեն վնասում ճանապարհները, բայց դեմ է, որ բեռնատարները կշռվեն:

«Տո չէ ՜, ինչ կշռել, ի՞նչ ենք աշխատում, որ մի հատ էլ կշռեն: Հենց կշեռք դրեցին, ոչ մեկն էլ գործի դուրս չի գա: Այդ բեռնատարներն էլ ոչ ոք չի քշելու: Մարդիկ, եթե քիչ բարձեցին, ո՛չ իրենցից են ապրանք ուզելու, ոչ՛ էլ իրենց է ձեռ տալու, որ այդպես քշեն»,- մատնանշեց նա:

Մինչ տեղական և միջազգային փոխադրողները միմյանց են մեղադրում, շուտով կշեռքի սլաքի ուղղությունը ցույց կտա ճանապարհը վնասողին:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ