...

Որ վերջում էլ կրակեն Հայաստանի գլխին

Որ վերջում էլ կրակեն Հայաստանի գլխին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն այսօր ասել է. «Արևմուտքը 1998-ին շատ ակտիվ աջակցեց այն ուժին, իշխանությանը, որը, թվում էր, թե ավարտված էր: Այդ մարդը հրաժարական տվեց, թվում էր, թե իրենց տնտեսական հիմքերը ահագին ջարդվեցին իրենց ունեցած օլիգարխներով, հատկապես հոկտեմբերի 27-ից հետո նորերը եկան և հներին հաղթեցին, սակայն իրականում այդ հների գաղափարախոսական ազդեցությունը մնաց: Ու Արևմուտքը հենց դրա վրա էր խաղադրույք կատարում»:

Սրա ասածները դեռ մի կողմ դնենք: Նկատեցինք, որ այսօր մի ֆլեշմոբ է տարածվում սոցցանցերում: Տարբեր մարդիկ, տարբեր հայացքներով, գրում են. «Ես՝ Էսինչ Էսինչյանս, Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը Հայաստանի Հանրապետության կամ Արցախի որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել և չեմ պատրաստվում տալ։ 

Ընդհանրապես որևէ գործչի կամ քաղաքական ուժի նման մանդատ չեմ տվել։

Աշխարհի որևէ կետում Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք»:

Հուզիչ ֆլեշմոբ է, բայց այն կիսատ է: Բոլոր սթափ, գիտակից, հավասարակշռված մարդիկ մի հատ էլ ֆլեշմոբ պետք է կազմակերպեն հետևյալ թեմայով. «Ես՝ Էսինչ Էսինչյանս, այսօր իշխանական և ընդդիմադիր դաշտը գրաված ուժերին Հայաստանի և Հայաստանի ընդդիմության անունից զառանցելու մանդատ չեմ տվել և չեմ պատրաստվում տալ։ Աշխարհի որևէ կետում այս որակի ընդդիմությունը չունի իմ անունից խոսելու իրավունք»:

Օրինակ, սա ի՞նչ է: Մենք իշխանությանը մանդատ չենք տվել՝ երկիրն այս օրը գցելու համար, բայց մենք ընդդիմությանը մանդատ ենք տվել, որ ամեն օր նման ապուշություններ դուրս տա՞ն: Ախպեր ջան, մի խոսեք, էլի, Հայաստանի ընդդիմության անունից: 

Ուզո՞ւմ եք խոսել, խոսեք ծովից ծով Հայաստանի, Մեծ Հայքի, Միացյալ Հայաստանի, Արևմտյան Հայաստանի, Քուռ-Արաքսյան Հանրապետության, Ռուսաստանի հետ Միության, դաժե Կիլիկյան Թագավորության անունից էլ կարող եք խոսել, բայց մենակ թե ոչ՝ Հայաստանի Հանրապետության: Դա ձերը չի, ձեր խելքի բանը չի:

20 տարի բզկտել եք Հայաստանի Հանրապետությունը, դուք ո՞ր օրվա հայրենիք, Արցախ, Սյունիք փրկողն եք: Այս իշխանությունները հենց ձեր տված մանդատով են գործում ու շարունակում ձեր արածը: 

Հիմա էլ առաջին պլան եք բրդում տարատեսակ ծաղրածուների, իբր դրանց պակասություն կար քաղաքական դաշտում: Մենք Էդգար Էլբակյանի խոսքերը չենք մեկնաբանելու: Անիմաստ է, ժամանակի անտեղի կորուստ: Հետո՝ մեկնաբանելու բան էլ չկա: Մեյդան են գցել, ասել են՝ բլթցրու, սա էլ բլթցնում է: Հայկ Բաբուխանյանի ջահել տեսակն է, ու այս տեսակով ընդդիմությունը հայրենիք պիտի փրկի՞:

Հայաստանի և Արցախի ճակատագրով իրապես մտահոգ մարդիկ ջան, համարեք, որ Նիկոլը գնաց: Չգիտենք՝ տապալվեց, փախավ, կորավ.... Այդ վակուումը լցնող լինելո՞ւ է: Այսօր Ազատության (սրանց դեպքում ճիշտ կլինի ասել՝ Թատերական, բոլոր առումներով ավելի համապատասխան է) հրապարակից ու մամուլի ակումբներից պաթոսախեղդ անողները իրավիճակ են փոխելո՞ւ, թե՞ գալու են, մի հատ ստուգողական կրակոց արձակեն Հայաստանի Հանրապետության գլխին, գործը ավարտված համարեն, գնան: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ