...

Որպես ի՞նչ գնային Հրապարակ

Որպես ի՞նչ գնային Հրապարակ

Երեկվանից բավական ակտիվ քննարկվում է այն թեման, որ Հայաստանի նախկին երեք ղեկավարները չեն մասնակցել Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Սրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ, արձագանքներ տեսանք: Մի մասը համարում է, որ ճիշտ են արել, մի մասն էլ քննադատում է նախագահներին՝ համարելով, որ դրանով նրանք ցույց տվեցին իրենց ապազգային էությունը, չարությունը, որ նախանձ են, և այլն:

Եկեք տրամաբանորեն մոտենանք հարցին: Որպես ի՞նչ պիտի նախկին նախագահները հրավերն ընդունեին: Ինչի՞ համար մասնակցեին այդ միջոցառմանը: Ասում են՝ դրանով ցույց կտային, որ պետականությունն իրենց համար վեր է ամեն ինչից, որ դրանով իրենց զորակցությունը կհայտնեին Հայաստան պետությանը, ոչ թե իշխանությանը, դա հանրային միասնության քայլ կլիներ:

Ուրեմն, բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի անհաղթահարելի հակասություններ կան Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Տարիների պատմություն ունեն այդ տարաձայնությունները: Բայց երբ 2020 թվականին սկսվեց պատերազմը և ճակատում ծանր վիճակ էր ստեղծվել, երեք նախագահները՝ մի կողմ թողնելով իրենց տարաձայնությունները, հանդիպում կազմակերպեցին: Առաջին անգամ էին երեքով հանդիպում, աննախադեպ բան էր: Գիտեին՝ ինչ է կատարվում Արցախում ու ինչ է սպասվելու մեզ: Ու իրենց ծառայություններն առաջարկեցին Նիկոլ Փաշինյանին: Իրենց փորձը, գիտելիքները, կապերը: Առաջարկեցին իրենց լիազորել, որ գնան Մոսկվա, բանակցություններ վարեն, փորձեն կանխել վերահաս պարտությունն ու հետագա դժբախտությունները: Այսինքն՝ այդ իրավիճակում իրենց պատրաստակամությունն էին հայտնել աջակցել Նիկոլ Փաշինյանին: Չեն գնացել, Նիկոլին առաջարկել հրաժարական տալ, իշխանությունը հանձնել, Սերժը չի ասել՝ ինձ իշխանությունից քցել է, Ռոբերտը չի ասել՝ ինձ դատել է, Լևոնը չի ասել՝ ինձ ուրացել է: Անձնական, քաղաքական, գաղափարական բոլոր տարաձայնությունները մի կողմ էին դրել: Նրանց առաջարկը Նիկոլ Փաշինյանին նաև աշխարհին ուղղված ազդակ էր, որ հայությունը միասնական է: 

Հիմա երեք նախկին նախագահների այս քայլը պետականության հանդեպ մտահոգության օրինակ չէ՞ր: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. մերժեց նրանց առաջարկը: Ասաց՝ գնացեք, դուք ձեզանով ինչ ուզում եք, արեք: Ձեռառնոցի էր: Հետոն արդեն տեսաք՝ ինչ եղավ: 2-3 շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պարտության ակտը: Հիմա այստեղ ո՞վ է եղել միասնականության, պետականության կողմնակիցը, իսկ ո՞վ՝ մեծամիտն ու ինքնահավանը:

Դե եթե դու մի անգամ գնացել, մարդուն առաջարկել ես միասնական լինել, առաջնորդվել բացառապես պետականության շահերով, մերժում ես ստացել, դա ծանր հետևանքներ է ունեցել, դրանից հետո երկրորդ անգամ որպես ի՞նչ գնաս, կանգնես այդ մարդու կողքին: Ի՞նչ սրտով պիտի Հրապարակ գնային: Թանգարանի էքսպոնա՞տ են, ի՞նչ են, սիրունության համար այնտեղ շարվեին: Երբ պատերազմը դեռ չի ավարտվել, երբ արդեն Հայաստանի մեջ տեղից տեղ գնալն է վտանգավոր, երբ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, օրումեջ գնում, ռուսների առջև լալիս ենք, թե մեզ բան են ասում: Ու մարդիկ, որոնք Հայաստանն այս օրն են գցել, ակնկալում էին, որ նախկին ղեկավարները այս ամենի վրա աչք փակեի՞ն: Ասեին. լավ, ինչ եղել, եղել է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ