...

Փաշինյանի մասին դատում են ռոբասերժական գործելակերպի տրամաբանության մեջ

Փաշինյանի մասին դատում են ռոբասերժական գործելակերպի տրամաբանության մեջ

Քրեաօլիգարխիկ համակարգի մերժված ու ջարդոտված սայլին լծված իրավաբաններն ու իրավապաշտպանները հրապարակային հարց են բարձրացնում, թե՝ տեսնես Հայաստանի իշխանությունը ՄԻԵԴ-ին ի՞նչ է խոստացել, որ Հրայր Թովմասյանի ու ընկերների դիմումի վերաբերյալ մերժողական որոշում է կայացվել:

Ինչպես երևում է՝ նման հարց բարձրացնողներն այդպես էլ չեն ըմբռնել մեր իրականության մեջ տեղի ունեցած փոփոխությունները, մնացել են հին իրականության մտածողության մեջ ու շատ երևույթների մասին դատում են անցյալի կարծրատիպային պատկերացումներով։

Մինչ այդ կարծրատիպերին անդրադառնալը, մի փաստագրում անենք. զուտ մասնագիտական առումով այդ իրավաբանները գոնե պետք է լավ իմանային, որ ՄԻԵԴ-ը միջազգային թերևս եզակի կառույցներից է, որի օբյեկտիվությունն ու անառաչությունը անքննելի է ու երբեք «պայմանավորվածություններով» որոշումներ չի ընդունում։

Այժմ կարծրատիպերի մասին։ Մի առիթով գրել ենք, որ մերժված ռեժիմի ներկայացուցիչների ու քարոզիչների՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությունների ու մեղադրանքների սնանկությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նրանք փորձում են նմանեցնել, հավասարության նշան դնել ներկայիս ու ռոբասերժական իշխանությունների միջև ու ըստ այդմ էլ կառուցել իրենց ասելիքը։ Այսինքն՝ նախկին իշխանության գործելակերպը վերագրում են նորերին ու դրա համաձայն էլ կարծրատիպային դատողություններ անում Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության ու քայլերի վերաբերյալ։

Հիմա, երբ այդ մարդիկ ասում են՝ «տեսնես Հայաստանի իշխանությունը ՄԻԵԴ-ին ի՞նչ է խոստացել», առաջնորդվում են հենց այդ կարծրատիպով, քանի որ շատ լավ գիտեն, որ ռոբասերժական իշխանությունները մշտապես գործել են այդ տրամաբանության մեջ։ 

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արտաքին խաղացողներին ու դրսի կառույցների հետ միշտ եղել են առևտրի մեջ, իրենց ներքին չեղած լեգիտիմության հաստատման դիմաց պետություններին ու միջազգային կազմակերպություններին Հայաստանի շահերից չբխող խոստումներ են տվել, ոչ հայանպաստ նախաձեռնություններ իրականացրել, որոշումներ ընդունել, հանձնել ռազմավարական համակարգեր, զիջել երկրի ինքնիշխանությունը։

Հանձնելու էպոպեան իրականացվել է ինչպես ամեն մի կեղծված ընտրություններից հետո, այնպես էլ դրանց միջանկյալ ժամանակահատվածներում։ 

Ռուսական հովանավորության դիմաց, դավաճանական «Գույք պարտքի դիմաց» ծրագրով, Ռոբերտ Քոչարյանը ջրի գնով Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ռազմավարական համակարգերը ու օբյեկտները՝ մեր երկիրն ամբողջությամբ կախման մեջ դնելով Ռուսաստանից։ Սերժ Սարգսյանը հետո շարունակեց այդ ծրագիրը՝ գազային ստրկական, ստորացուցիչ պայմանագրով։

2008 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո, միջազգային ասպարեզում լեգիտիմություն ձեռք բերելու համար, արտաքին խաղացողների պահանջով Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ «ֆուտբոլային դիվանագիտությանը» ու հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, որոնք շատ կետերով դեմ էին հայկական շահերին։ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» խայտառակ ավարտ ունեցավ։
Իրենց պաշտոնավարման քսան տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ երկրի շահերը հանել են վաճառքի՝ իրենց իշխանությունը, թալանածը, կուտակածը պահպանելու դիմաց։

Ներկայիս իշխանությունը երկրի շահերից չբխող «խոստումների» և «պայմանավորվածությունների» դաշտում գործելու որևէ հիմք ու պատճառ չունի։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1037 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ