...

Փաշինյանը ձեռք բերեց գաղափարախոսություն

Փաշինյանը ձեռք բերեց գաղափարախոսություն

Նիկոլ Փաշինյանը երկու տարի է՝ ինչ ասում է, որ իրենք չունեն իզմեր և գաղափարախոսություն: Կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և կառավարության քայլերը հուշում են, որ այնուամենայնիվ կառավարությունը հարում է որոշ իզմերի:

Ներկայումս կառավարությունն իր քայլերի հետևանքով կարող է այսուհետ կոչվել զուսպ, չափավոր հեղափոխական ուժ: Այսպիսի հետևության մասնավորապես կարելի է գալ կառավարության քաղաքական դիրքորոշումներից բանկեր-քաղաքացի հարաբերությունների վերաբերյալ:

Այսօր ամենասրված հարցերից մեկը քաղաքացիների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների հանդեպ վարկային պարտավորություններն են: Հեղափոխությունից առաջ Փաշինյանն ասում էր, որ պետք է վերանայել բանկային տոկոսները, իսկ վարկային կազմակերպությունների վաշխառուական գործունեությունն ընդհանրապես դադարեցնել: Երկու տարվա ընթացքում դա այդպես էլ մնաց իբրև խոստում:

Հիմա ճգնաժամ է, շատ լուրջ ճգնաժամ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների համար, քանի որ, ըստ էության, մասնավոր սեկտորը գրեթե կանգնած է կամ մոտ է կանգնելուն: Ինչ է ասում կառավարությունը՝ ի պատասխան քաղաքացիների մտահոգության: Ասում է՝ գնացեք և բանկերի հետ լեզու գտեք, մենք խառնվելու անհրաժեշտություն չենք տեսնում: Մի կողմ դնենք, որ հազարավոր քաղաքացիների միաժամանակյա այցերից բանկեր տեխնիկապես շատ մեծ խնդիրներ են առաջանալու: 

Պետությունը չի ցանկանում սոցիալական պատասխանատվություն ստանձնել իր քաղաքացիների նկատմամբ: Մինչդեռ դա արեց ամենևին ոչ հեղափոխության արդյունքում իշխանության եկած Վրաստանի այսօրվա կառավարությունը՝ քաղաքացիներին երեքամսյա վարկային արձակուրդ տվեց: 

Ըստ էության, նման դիրքորոշում արտահայտելով՝ Փաշինյանի կառավարությունը որդեգրում է ծայրահեղ լիբերալ գաղափարախոսություն կրող ուժի քաղաքական վարքագիծ: Եվ որքան էլ այսուհետ Փաշինյանը հայտարարի, որ իրենք հեռու են իզմերից, նման քաղաքականությունը նրանց դասում է վերոհիշյալ գաղափարախոսության ջատագովների և կրողների շարքին: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2056 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ