«Հրապարակը» գրում է. «Մեզ հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ ինքը չի լինի ցուցակում, բայց ինչով կարող է՝ կաջակցի դաշինքին։ Դիտարկմանը, որ չթերագնահատելով որևէ մեկին, այդուհանդերձ տարակուսելի է, որ փորձառու և կարկառուն ՀՀԿ-ականների փոխարեն ցուցակի առաջին շարքերում են հայտնվել երիտասարդ ու անփորձ կուսակցականներ, Շարմազանովն ասաց․ «Եթե խոսքն Աննա Մկրտչյանի և Հայկ Մամիջանյանի մասին է, ապա Հայկ Մամիջանյանի ու Աննա Մկրտչյանի եղունգը սրանք՝ ամբողջ իշխանությամբ չարժեն»։
Սա ինքնամաքրմա՞ն տարբերակ է․ Շարմազանովն ասաց՝ բյուրեղանալու կարիք չկա, արդյունավետությունից ելնելով է այս որոշումը կայացվել»»։
«ՉԻ». Չէ, էլի, գոնե մի փոքր մանրամասնեք, թե այդ ի՞նչ են արել իրենց երիտասարդ կյանքում, որ ոչ միայն իշխանությունները, այլև փաստորեն նաև փորձառու Շարմազանովը և Աշոտյանը չարժեն նրանց եղունգը: Եթե, իհարկե, պետական գաղտնիք չէ: Կարո՞ղ է Սերժ Սարգսյանի սանիկ Հայկը պատերազմի ժամանակ գերգաղտնի հետախուզական-դիվերսիոն միջոցառում է իրականացրել թշնամու թիկունքում: Մանրամասներ պետք չեն, պարզապես ասեք, որ արել է: Գուցե Աննա Մկրտչյանը իր պաթոսախեղդ գրառումները կատարել է ուրի՞շ նպատակով: Գուցե դրանք գաղտնի ուղերձնե՞ր էին ադրբեջանական ընդդիմության համար, պարզապես մենք չենք հասկացել:
Ինչ արդյունավետության մասին է խոսքը, երբ երիտասարդները չունեն պետական աշխատանքի փոքր-ինչ փորձ: Գործողներն էլ այդպես վարվեցին՝ կարևոր պաշտոնների նշանակեցին ֆեյսբուքյան ակտիվին՝ հաշվի առնելով լայքերի քանակը: Պարզվում է՝ ՀՀԿ-ն, որն այդքան քննադատում է գործողներին, վերցրել է նրանց անհաջող փորձը:
Ինչ վերաբերում է հույսին, թե նրանք վարկաբեկված չեն, ուստի ավելի քիչ թիրախավորված կլինեն, ապա սին են այդ հույսերը: Նրանք չեն զբաղեցրել պետական պաշտոններ, չեն թալանել, բայց երիտասարդ տարիքից պաշտպանել են այն թալանչիներին, որոնք այսօր ընդգրկված չեն «ՊՈՒ»-ի ցուցակում: Դա նրանց ոչ պակաս խոցելի է դարձնում, քանի որ երիտասարդ տարիքում ապօրինությունները պաշտպանելը խոսում է նրանց տեսակի մասին: