Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվում անդրադարձավ Շուշիի, այնտեղ ադրբեջանցի փախստականների վերադարձի և 1992թ-ի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու մասին թեմային:
Վարչապետի պարզաբանումները իրարամերժ արձագանքներ ունեցան: Պատճառը թերևս այն է, որ նրա խոսքը ճիշտ չեն հասկացել: Մենք փորձենք պարզ, ավելի մարդկային լեզվով բացատրել, թե ինչ է նա նկատի ունեցել:
Բանը եղել է այսպես: Շուշին 17-րդ դարում հայկական է եղել, 18-րդ դարում՝ թյուրքական, 19-րդ դարում՝ ցարական, 20-րդ դարի սկզբում՝ թաթարական, սովետի ժամանակ՝ ադրբեջանական, 20-րդ դարի վերջերից՝ հայկական: Բայց 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը զինադադար կնքեց Ադրբեջանի հետ՝ նրան չենթարկելով կապիտուլյացիայի, իսկ 1996 թվականին Լիսաբոնի գագաթնաժողովում մենք ձախողվեցինք, ու Շուշիի ժողովրդագրական վիճակագրությունը սկսեց փոխվել, քաղաքն էլ մանրից դժգույն տեսք ստացավ:
Դրանից Ռոբերտ Քոչարյանը խիստ ազդվեց: Ամեն օր Ստեփանակերտի իր տան պատշգամբից տեսնելով Շուշիի դժբախտ տեսքը, էլ չդիմացավ, ու մի օր ընտանիքով տեղափոխվեց Երևան: Այստեղ նրան ոչ ոք չէր ճանաչում, դրա համար հայ ժողովրդին ծանոթանալու համար միանգամից Հայաստանի ղեկավար դարձավ, հետո տեսավ, որ այստեղ լավ է, ամեն օր տաք ջուր կա, մի 10 տարի Բաղրամյան պողոտայում վարձած տնից զբաղվում էր Ղարաբաղի հարցով: Առաջին 5 տարում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում շահեկան գործարքներ իրականացրեց. ծախեց կոնյակի գործարանը, ատոմակայանը, ԱրմենՏելը, «Հայգազը», վերացրեց «Հայկական ավիաուղիները»: Հաջորդ 5 տարում հմուտ դիվանագիտական մանևրների միջոցով «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը փոխեց «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձևի: Բայց Շուշին չկարողացավ մտցնել «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մեջ, դա թողեց Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանն էլ որոշեց 80-ականների ինքնաթիռով կապ հաստատել Արցախի հետ ու դառնալ առաջին ուղևորը, բայց քանի որ ինքը թմրանյութերից կախվածություն ուներ, Լավրովը նրան պլան առաջարկեց: Ինքը սկզբից ձևի համար մի քիչ չեմուչում արեց, բայց դե, ուրիշ պլան չկար, համաձայնվեց: Ու առաջացավ նոր բանաձև. «Լավրովի պլան՝ խաղաղության դիմաց»:
Սերժ Սարգսյանը որոշեց այդ պլանը քաշելու համար սահմանադրություն փոխել ու իրեն ցմահ ղեկավար նշանակել, բայց Նիկոլ Փաշինյանը ծածուկ քայլելով, եկավ ու ասաց. «Դու մենակ չես, մենակ չես»: Սերժ Սարգսյանն էլ վերցրեց ու այդ պլանը գցեց Փաշինյանի ջեբը՝ դրանով վերջապես ազատվելով պլանի ազդեցությունից: Հետո գնաց իր տուն:
Նիկոլ Փաշինյանն էլ երկրի ղեկավար դարձավ: Բայց քանի որ կյանքում պլան չէր տեսել, որոշեց Ղարաբաղի հարցում զրոյից սկսել ու երկու տարում հասցրեց աննախադեպ փաստերի թիվը հասցնել հարյուրի:
Այդ ընթացքում Մոսկվայի «1000 ու մի մանրուք» առևտրի կենտրոնից երկու հատ ՍՈւ կործանիչ գնեց: Այդ կործանիչները մի լավ հատկություն ունեին. բավական բարձր էին թռչում: Ու երբ Փաշինյանն այդ ինքնաթիռով երկինք բարձրացավ, այնտեղից տեսավ Շուշին՝ իր բոլոր 50 դժգույն երանգներով, ու հասկացավ, որ եթե պատերազմ չսկսվի, կպարտվենք, իսկ եթե սկսվի, էլի կպարտվենք, բայց գոնե այդ Շուշիից կպրծնենք:
Ու այդպես էլ արեց. պատերազմը սկսվեց, ռուսները օրումեջ առաջարկում էին ընդունել իրենց ծրագիրը, բայց Փաշինյանը համառեց, մինչև Շուշիի հարցը չլուծվի: Բայց... որպեսզի մարդիկ հանկարծ սխալ չհասկանան, որ ամբողջ խնդիրը Շուշիի մեջ է, դրա համար համաշխարհային հանրության ուշադրությունը շեղող քայլ արեց ու Հադրութի հարցն էլ լուծեց: Բայց Լավրովի պլանի դոզան այնքան ուժեղ էր, որ դրա ազդեցությամբ Լաչինի ու Քելբաջարի շրջաններն էլ հանկարծ դժգույն տեսքերով աչքին երևացին: Այսինքն, մի հարվածով մի դյուժին նապաստակ խփեց: Ամեն ինչ պարզ էր և հանճարեղ:
Ահա թե ինչ էր ուզում ասել Փաշինյանը: Այստեղ ի՞նչ կար չհասկանալու: