Հայկական ֆեյսբուքահայության շրջանում տոն է կամ սուգ: Ուրախություն կամ զայրույթ: Ոգևորություն կամ դեպրեսիա: Մի խոսքով, խառն է վիճակը: Պատճառը Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ճանաչումն էր: Վայ, երբ Պուտինն իր ուղերձի սկզբում սկսեց պատմական էքսկուրսներ անել, թե Լենինը ոնց է արհեստականորեն ստեղծել Ուկրաինան, որ այդպիսի երկիր մինչև Սովետը չի եղել, որ միայն իշխանությունը պահելու համար ահագին տարածքներ փոխանցվեցին Ուկրաինային, մեզ մոտ շատերը ուրախացան, թե հեսա Պուտինը նույն ձևով հիշեցնելու է, թե 1920-22 թվականներին ոնց է Լենինը Ղարսը, Ղարաբաղը տվել թուրքերին ու ադրբեջանցիներին: Մարդիկ էլ կային, որ Վիլսոնի քարտեզներն էին հանել դարակներից, որ Պուտինին ցույց տան, թե Լենինի ղալաթների պատճառով մենք ինչից ենք զրկվել:
Դրա համար զարմանալի չէր, որ Պուտինի ելույթից հետո ֆեյսբուքահայության շրջանում խորը դեպրեսիա սկսվեց: Էլի սկսեցին մարդկային արդարության ճակատին թքել, էլի խոսեցին հայերի հանդեպ չուզողության մասին:
Այսինքն՝ շատ-շատերը, այդ թվում՝ մենք, նայել ենք, բավական լուրջ մարդիկ, նախկին պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լուրջ-լուրջ Պուտինին մեղադրում էին, որ վերջինս կողմնակալություն է անում. Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների անկախությունը ճանաչում է, իսկ ահա Արցախինը՝ ոչ: Մարդ կա գրել էր, որ եթե 2020թ. սեպտեմբերի 28-ին Ռուսաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, պատերազմ չէր լինի, հիմա մենք ընտիր վիճակում կլինեինք: Որ ճանաչեր... որ Բաքվի վրա էլ մի հատ ատոմային ռումբ գցեր, ընդհանրապես Ադրբեջան պետությունը կվերանար:
Մարդիկ էլ կային, որ Պուտինից պահանջում էին վերականգնել պատմական արդարությունը և Ղարաբաղի հարցը լուծել հայերիս համար ցանկալի ձևով:
Արդեն քանի դար է, դաս չենք քաղում: Այդպես չի լինում, որ ուրիշները զբաղվեն մեր իղձերի իրականացմամբ: Որ միայն մենք կարող ենք հետամուտ լինել մեր շահերին: Որ ոչ ոք մեր տեղը մեր հարցերը չի լուծելու: Իսկ եթե սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր տեղը մեր հարցերով պիտի զբաղվի, ապա պատրաստ պիտի լինենք նոր կորուստների, որովհետև մեր տեղը մեր հարցերով զբաղվելը գին ունի: Մի դեպքում դա պետականության կորուստն է, մեկ այլ դեպքում՝ տարածքային... Ոնց որ 1920 թվին եղավ, ոնց որ՝ 2020-ին եղավ:
Էդ որ Պուտինին հիմա խարազանում եք, բա Միացյալ Նահանգներին էլ քննադատեք, ասեք՝ ինչի՞ Արցախի հարցում նույն քաղաքականությունը չի իրականացնում, ինչ՝ Կոսովոյի:
Հիմա մենք այնպիսի վիճակում ենք, որ կարող է իսկապես միայն Պուտինը որոշի մեր ապագան: Ոչ միայն Արցախի, այլ նաև՝ Հայաստանի: 20 տարի այս վիճակին են բերել: Մենք շանս ունեինք մեր առջև ծառացած մեծ խնդիրը լուծել, մենք չօգտվեցինք այդ շանսից, հիմա Պուտինը մեր տեղը կլուծի: Կամ՝ Էրդողանը, Բայդենը, էական չի:
Ի դեպ, այսօր Պուտինը Ալիևի հետ է հանդիպում: Դա էլ նկատեցինք, որ շատերը հիստերիկ գրառումներ են անում, որ կարող է՝ Ալիևը ավելի քիփանա Պուտինի հետ, ավելի դաշնակից դառնա, փոխարենը Պուտինը նրան с барского плеча ինչ-որ դաբրոներ տա՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար: Կամ մի նոր բան: Կարող է, և այդպես էլ լինի: Կարող է՝ և չլինի: Չգիտենք: Գուցե որպես կանխարգելիչ քայլ արժե տեղադրել ոչ թե Հիսուսի, այլ Պուտինի 33 մետրանոց արձանը:
Հ.Գ. Կուկլաչովը էն հայտնի կատուներ վարժեցնող դեմքն է, հանգը բռնում էր, շատ մի տանջվեք: