Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Доктор смерть»-ը գնում է արձակուրդ էն դեպքում, երբ կորոնավիրուսը պատերազմ էին համարում իր շեֆերը: Բա պատերազմը պրծա՞վ, թե՞ արդեն պատասխանատվությունից փախչելու ժամանակն է: Ամիսներ շարունակ պնդում էինք, որ տվյալ մարդը քայքայում է առողջապահական համակարգը, չի կարողանում կազմակերպել հստակ պայքար վիրուսի դեմ և ի՞նչ, նոր են հիշել հատկացվող գումարների և դրանց վատնման մասին, երբ հազարից ավել մարդ մահացավ, նոր են հիշում, որ խնդիր կա»:
«ՉԻ». Եվ սա ասում է մեկը, որը 2000-ականների սկզբից անդամագրվել է բոլոր համաժողովրդական շարժումներին և վճռական պահերին թռել: Մեկը, որը քաղաքական կենսագրության սկզբում հայհոյում էր Քոչարյանին, իսկ հիմա դարձել է նրա ջերմեռանդ պաշտպանը:
Առողջապահության համակարգի մասին մտահոգվողը մի անգամ ձայն չհանեց, որ իր ներկայիս պատրոնները տասնամյակներ շարունակ քանդեցին, վաճառեցին և յուրացրեցին հիվանդանոցները: Ձայն չհանեց, որովհետև այդ թալանի փշրանքներից նաև փայ էր հանվում քաղաքական գործունեության իմիտացիայով զբաղվողների համար:
Այո, կորոնավիրուսի դեմ պայքարը նաև պատերազմ է: Պատերազմ է նրանց դեմ, որոնք իրենց ճղճիմ քաղաքական նպատակների համար քարոզում էին դիմակ չկրել և չենթարկվել սահմանափակումներին: Եվ Արսեն Թորոսյանի մեղքը չէ, որ իրավապահ մարմինները չկարողացան Բաբայանի այսօրվա «գաղափարական» շատ ընկերների պատասխանատվության ենթարկել: Եվ շատ բնական է, որ հանցագործներն առաջինն են գոռում՝ բռնեք գողին: