Տարատեսակ խմբեր ու խմբակներ, լուսանցքային կուսակցություններ ու գործիչներ այս օրերին իրար հրմշտելով՝ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը։ Որպես կանոն, հրաժարական պահանջողների հանրային վարկանիշը 0-ից մի փոքր է բարձր, մի մասինն էլ՝ ընդհանրապես մինուսական (հանուն արդարության ասենք, որ այս իմաստով բացառություն է օրերս հրաժարականների «շքահանդեսին» միացած ԲՀԿ-ն, որի վարկանիշային տոկոսները, սակայն, որևէ կապ չունեն քաղաքական կշռի ու վարկանիշի հետ)։ Սակայն իրենց համար սա փույթ չէ։ Իրենք գտել են հարմար պահը, օգտվում են համավարակի առաջացրած դժվարություններից ու առաջ են քաշում իրենց պառակտիչ, ազգակործան ծրագիրը։ Այլ կերպ ասած՝ պատերազմ են հայտարարում կորունավիրուս կոչվող անտեսանելի թշնամու դեմ պատերազմող ժողովրդին ու իշխանությանը։
Ինչո՞ւ են ակտիվացել լուսանցքայինները, այդ ակտիվացման համար կա՞ն օբյեկտիվ նախադրյալներ, որո՞նք են այն հիմքերը, որոնք դեռ մի քանի ամիս առաջ այս ու այնտեղ ծվարած այդ ուժերին համարձակություն են տվել հրապարակավ հեղափոխական ու ժողովրդի ընտրյալ իշխանությանը տապալելու կոչեր անել։
Նրանց ակտիվացման թե պատճառները, թե հիմքերն ու նախադրյալները մեծավ մասամբ պետք է փնտրել իշխանության մեջ։ Չէ, խոսքը այն պատճառների ու հիմքերի մասին չէ, որոնք՝ որպես հրաժարականի դրդապատճառ, մատնանշում են լուսանցքայինները։ Խոսքը բոլորովին հակառակի մասին է։
Իր գործունեությամբ, ավելի ճիշտ անգործությամբ, հենց իշխանությունն է այս շրջանակներին հնարավորություն տվել ոչ միայն մնալ ջրի երեսին, այլև իրենց հռչակել ժողովրդի փրկիչ ու պետությունը կործանումից «փրկելու» ցինիկ հայտարարություններ անել։ Նրանց կոչերի ցինիկությունն այն է, որ երկու տարի առաջ ժողովուրդը պետությունը իրապես փրկեց իրենց ու իրենց քաղաքական հայրերի պետականակործան գոյությունից ու գործունեությունից։
Ներկայիս իշխանության գործունեություն-անգործությունը իրենց քայլերի կիսատ-պռատության մեջ է, ինչն էլ կանաչ ճանապարհ է բացել լուսանցքայինների ագրեսիվ ակտիվացման առաջ։ Հեղափոխական իշխանությունը ավարտին չի հասցրել որևէ համակարգային բարեփոխում, չի կատարել հեղափոխական խոստումների գերակշռող մասը, արմատապես չի փոխել այն համակարգերը, որոնք բարենպաստ պայմաններ էին ստեղծելու քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական կյանքը ժողովրդի համաձայնությամբ հռչակած ուղենիշների վրա դնելու համար։
Դատեք ինքներդ. հեղափոխությունից երկու տարի հետո փոփոխված չեն Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատելու օրենսդրությունը։ Գործնական ու օրենսդրական քայլեր չեն կատարվել քաղաքական կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ։ Արդյունքում՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավական ու բարոյական իրավունք չունեցողները կուսակցություններ են բացում, քաղաքական հայտարարություններ անում, իշխանությունը գրավելու ծրագրեր մտմտում։ Էլ չասած՝ տարիներով հաճախորդի պաշտոնում աշխատած գրպանային կուսակցությունների մասին, որոնց ներկայությունը շարունակում է ապականել քաղաքական դաշտը։
Դատա-իրավական բարեփոխումների ոդիսականը դեգերում է կես ճանապարհին, անցումային արդարադատության ծրագիրը ի դերև եղավ, դատավորների վեթինգը տարբեր ձևափոխումների ենթարկվելով՝ ըստ էության ջրվեց-գնաց։ Ու ունենք այն, որ որոշ դատավորներ շարունակում են պահպանել իրենց կապերը նախկինների հետ՝ ծառայելով ու սպասարկելով նրանց շահերը։
Կոռուպցիայի դեմ պայքարն ու պետությունից թալանվածը ետ բերելու ծրագրեր-խոստումները մնացել են հռչակագրային մակարդակում։ Որևէ կոռուպցիոների, թալանչու գործ դեռևս դատական լուծում չի ստացել։ Փոխարենը՝ նրանցից շատերը շատ սահուն քայլերով հեռանում են Հայաստանից, թաքնվում դրսերում ու այնտեղից հաթաթա տալիս գործող իշխանությանը։ Հաթաթա են տալիս նաև ներսում գտնվող կոռուպցիոներներն ու պետական միջոցները խաղատներում մսխածները։
Սրանք գործող իշխանության կիսատ-պռատ գործունեության, դանդաղկոտության, թավշյա գործելակերպի, վախվորած, անվճռական քայլերի ընդամենը մի քանի կետերն են, դրանք շատ ավելի են ու մշտապես ավելանում են։ Ու քանի այդպես է, քաղաքական սրիկաները շարունակելու են պղտորել հանրային-քաղաքական կյանքը։
Համլետ Կիրակոսյան