ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչական պատերազմին, գրել է.
«Արտաքին հարաբերություններն ու անվտանգությունը (ներառյալ տեղեկատվականը) ո´չ կենացներ են և ո´չ էլ live-երում դատարկաբանելու թեմաներ։ Դա աշխատանք է` ծանր, դժվարին, համակարգված ու ամենօրյա։ Եվ երբ այդ աշխատանքը չի կատարվում կամ կատարվում է զուտ կատարվելու համար, արվում են չկշռադատված քայլեր ու հայտարարություններ, ապա դրա գրեթե երաշխավորված հետևանքը նյութականանում է շատ արագ և ստանում շատ շոշափելի բացասական դրսևորումներ։ Ցավոք, տեղեկատվական հակազդեցության բացակայությունն ու դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական ավերումը տալիս են իրենց դառն ու դաժան պտուղները։
Պատճառն արտաքին կարևորագույն ուղղություններով ու տեղեկատվական հակազդեցության աշխատանքների տապալումն է»:
Մենք մի հարց ուղղենք Արման Սաղաթելյանին, մանավանդ, որ ժամանակին ինքը PR-ի հարցերով էր զբաղվում. կարո՞ղ է ասել, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք քարոզչական ո՞ր պատերազմից ենք շահած դուրս եկել: Մինչև ինքը դա հիշի, մեկ այլ հարց տանք. իսկ ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե քարոզչական-տեղեկատվական դաշտում ով է հաղթում, ով է պարտվում: Որո՞նք են այն չափանիշները, որոնցով գնահատվում են տեղեկատվական պատերազմների արդյունքները:
Մի հարցի մենք կարող ենք պատասխանել. տեղեկատվական պատերազմի, քարոզչության հասցեատերը միջազգային հանրությունն է: Իսկ միջազգային հանրությունը նման պատերազմներում անպայման հաշվի է առնում հակամարտող կողմերի էությունը: Այսինքն, իրենք կարևորում են հակամարտող կողմերի քաղաքական համակարգերը, ժողովրդավարության աստիճանը, խոսքի, խղճի ազատության մակարդակը: Օրինակ, 1990-ականների՝ արցախյան պատերազմի ամենաթեժ տարիներին, միջազգային հանրությունը Հայաստանը համարում էր ժողովրդավարության կղզյակ, Ադրբեջանն էլ՝ բռնապետություն: Երբ Հայաստանի իշխանություններն առանձնապես փող չէին ծախսում տեղեկատվական պատերազմների համար, իսկ Ադրբեջանը՝ միլիոնավոր դոլարներ էր թափում:
Կամ՝ ԱՄՆ-ը ընդունում էր «Ազատության աջակցման» 907 հայտնի բանաձևը, որը մեծագույն ապտակ էր Ադրբեջանին, նրա նկատմամբ սահմանափակումներ էին մտցվում, Հայաստանին էլ աջակցում էին: Իրական հաղթանակը սա էր, այդ թվում՝ քարոզչական:
Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պատկերը էականորեն փոխվեց, Հայաստանը դադարեց ժողովրդավարական երկիր համարվելուց և նույն միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին սկսեց նույն հարթության վրա դիտարկել՝ երկուսին էլ համարելով ոչ ժողովրդավարական, ասիական տիպի քաղաքական համակարգ ունեցող երկրներ: Եթե ժամանակին Ադրբեջանի տեղեկատվական պատերազմին կարող էինք հակակշռել մեր ժողովրդավարության աստիճանով, ապա Քոչարյանի օրոք նույն նժարի վրա էինք, և այդտեղ Ադրբեջանը քարոզչական ոլորտում անում էր այն ամենը, ինչ ուզում էր: Դրան ինչո՞վ պետք է հակադարձեինք. 2008, 2003, 2008 թվականների կեղծված ընտրություններո՞վ, Պողոս Պողոսյանի սպանությա՞մբ, Մարտի 1-ի ոճրագործությա՞մբ, թե՞ «Կոնգրես» հյուրանոցով: 20 տարի տեղեկատվական պատերազմում խայտառակ եք եղել, դրանից հետո խոսելու տեղ ընդհանրապես չպետք է ունենայիք:
Կցանկանայինք վերջում հիշեցնել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, որը նա հայտնել էր «Պատերազմ, թե խաղաղություն՝ լրջանալու պահը» հոդվածում:
«Առասպել հինգերորդ. Ադրբեջանը շատ ակտիվ գործելով միջազգային ատյաններում և զանգվածային լրատվամիջոցներում, փաստորեն շահել է քարոզչական պատերազմը (որը հաճախ շփոթվում է դիվանագիտական հաղթանակի հետ)։
Միակ առասպելն է, թերևս, որ ամենևին հիմքից զուրկ չէ. Հայաստանի և Ղարաբաղի համեմատ Ադրբեջանն իսկապես մեծ աղմուկ է բարձրացնում միջազգային ատյաններում ու լրատվամիջոցներում։
Պատճառը, սակայն, պարզից էլ պարզ է ու միանգամայն բնական։ Էլ ի՞նչ էր մնում անելու Ադրբեջանին. նա տանուլ է տվել ռազմական առճակատումը, լիովին կորցրել է վերահսկողությունը Ղարաբաղի վրա, զրկվել է զգալի տարածքներից, ընկել շուրջ հինգ հարյուր հազար փախստականների ծանր ճնշման տակ։ Ադրբեջանի Նախագահն ու արտգործնախարարը ի՞նչ պատասխան պետք է տային իրենց ժողովրդին, եթե ոչ գիշեր-ցերեկ աղմուկ բարձրացնելով ձևացնել, թե խիզախորեն պայքարում են՝ Ղարաբաղն ու կորցրած տարածքները ետ նվաճելու համար։
Եթե անգամ ճիշտ է այն պնդումը, թե մենք իբր տանուլ ենք տվել քարոզչական պատերազմը, ապա պետք է գնահատել. ո՞րն էր ավելի նախընտրելի՝ պահել Ղարաբաղը և կորցնել քարոզչական պատերազմը, թե՞ կորցնել Ղարաբաղը և փայլուն հաղթանակ տանել քարոզչության ասպարեզում։ Պատմության մեջ մենք քարոզչական ու բարոյական այնքան հաղթանակներ ենք տարել, որ գուցե մեր քիմքին դա է պատշաճում։ Սա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է անտեսենք քարոզչական գործունեությունը և միջոցներ չձեռնարկենք չեզոքացնելու համար ադրբեջանական քարոզչության ազդեցությունը»: