...

Քոչարյանին դատում են Դավիթ Շահնազարյանի պատվերով

Քոչարյանին դատում են Դավիթ Շահնազարյանի պատվերով

Այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով 36 հոգի հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Ակնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է։ Ավելին՝ վերջին օրերի կալանավորումներն ազդակ դարձան առ այն, որ իշխանություններն իրենց տարատեսակ նպատակներին հասնելու համար կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և ունակ են դիմել ռեպրեսիաների դատապարտելի միջոցին։

Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։

Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»:

Սա՝ հայտարարության տեքստի հիմնական հատվածն է: Ներկայացրել են որպես մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հայտարարություն:

Նայում ես ստորագրողների անունները, նմուշի համար գոնե մի հոգի չկա, որ ափսոսանք հայտնես, որ ինքն էլ է ստորագրել: «Բազազ» մականունով նախկին ոստիկանության բարձրաստիճան ծառայողն է ստորագրել՝ Ռոբերտ Մելքոնյանը, որը Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առանձնակի դաժանությամբ ու ֆանատիզմով էր ջարդում ընդդիմադիրներին՝ չխնայելով ոչ մեծ, ոչ երեխա, ոչ կին: Գառնիկ Իսագուլյան, Արամ Հարությունյան, Ռուբիկ Հակոբյան... բոլորը այս կարգի դեմքեր են, մեկնաբանելու կարիք էլ չկա:

Բայց որ Դավիթ Շահնազարյանն է ստորագրել... Իհարկե, նախկին ԱԱԾ պետի վերջին շրջանի գործունեությունը ենթադրում էր, որ մի օր նրան էլ ենք տեսնելու Քոչարյանի աջակիցների թվում, բայց միևնույն է, հավատներս չի գալիս, որ մարդու ուղեղում կարող են այնպիսի տեղաշարժեր լինել, որ 180 աստիճանով կերպարանափոխվի, արժեզրկի իրեն, իր անցած ճանապարհը, կենսագրությունն ու կանգնի ծանրագույն հանցագործություններ կատարած ոճրագործի կողքին:

Մենք չենք մտահոգվում այսպիսի որակումներ տալու համար, քանի որ դրանց հեղինակը հենց Դավիթ Շահնազարյանն է: Դավիթ Շահնազարյանը, որը 1998թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարեց, որ Քոչարյանը զավթել է իշխանությունը, իրավունք չուներ մասնակցել ընտրություններին, քանի որ ՀՀ քաղաքացի չի հանդիսացել և 10 տարի անընդմեջ չի բնակվել Հայաստանում, հիմա Քոչարյանին համարում է ՀՀ 2-րդ նախագահ: 1998-ին հայտարարում էր, որ Քոչարյանին երբեք չի ասի ՀՀ նախագահ: 

Ավելին, Դավիթ Շահնազարյանը 35 հոգու հետ միասին ստորագրել է մի հայտարարության տակ, որտեղ սևով սպիտակի վրա նշված է. «Մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար: Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում»:

Հիմա ցույց տանք, թե ժամանակին ինչ է ասել Դավիթ Շահնազարյանը Քոչարյանի մասին: 2008թ. օգոստոսի 7-ին նա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է բառացիորեն հետևյալը, մեջբերում ենք. «Եթե ուզում եք մենք լուծենք մեր հարցերը, լուծենք։ Քոչարյանին կալանավորեք, մեղադրանք առաջադրեք, ամենածանր պատիժով պատժեք, դրանից հետո կտեսնենք: Հաագայի միջազգային քրեական դատարանը 3 տիպի հանցանքներով է գործ հարուցում՝ ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մասշտաբային կամ կանոնակարգված հետապնդում խաղաղ բնակչության հանդեպ։ Այս ճանապարհով է Ռոբերտ Քոչարյանը ճանապարհվելու դեպի Հաագայի դատարան»: Սա էլ՝ հղումը, որ չասեն, թե հնարում ենք:

Մի զարմացեք. սա Դավիթ Շահնազարյանն է ասել: Այն ժամանակ ուրիշ ստորագրահավաք էր նախաձեռնել՝ մարտի 1-ի դեպքերի համար Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանի առաջ պատասխանատվության ենթարկելու համար: Հայտարարում էր, որ Քոչարյանը նստելու է որպես մարտի 1-ի կազմակերպիչ, մեջբերում ենք այս ասուլիսից. «Մեր իշխանությունները գուցե մինչ այդ իրենք որոշեն կալանավորել երկրորդ նախագահին»:

Հիմա հեռակա հարց ենք ուղղում Դավիթ Շահնազարյանին. 2008-ին պահանջել եք կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, այս իշխանությունները կալանավորել են, պահանջել եք դատել՝ դատում են: Բա էլ ի՞նչ եք ուզում: Ձեր իսկ պատվերն են կատարում իշխանությունները: Մի հատ կողմնորոշվեք, ո՞ր ստորագրահավաքի դեպքում եք անկեղծ եղել: Պատասխանը բոլոր դեպքերում իր օգտին չի լինելու: Այսքանից հետո քանի կոպեկ արժե այն հայտարարությունը, որին նա միացել է: Եթե այսպիսի ստորագրահավաքին միանում են անսկզբունքային, բարոյազուրկ անձինք, դա ևս մեկ անգամ խոսում է Քոչարյանի պաշտպանության նախաձեռնությունների որակի մասին: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ