«Վերնատուն» ակումբի անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «2020թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Ն.Փաշինյանն ի պաշտոնե արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կառուցողական է՝ քաղաքական և բարոյական բացահայտ օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի:
Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին: Սույն հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին: ՀՀ գլխավոր դատախազությունը դրա հիման վրա պարտավոր է օրենքով սահմանված կարգով անհապաղ նախաձեռնել նյութերի նախապատրաստում ու քրեական գործի հարուցում, որի շրջանակներում պետք է քրեական հետապնդում հարուցվի վարչապետ Փաշինյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով»:
Մենք չգիտեինք, որ քաղաքական հայտարարություններն այլևս պետական դավաճանություն են համարվում:
Դավիթ Շահնազարյանն իր ցնդաբանություններում արդեն այնքան է խորացել, որ ստիպված ենք իրեն հիշեցնել, որ առաջին մարդը, որը Ռոբերտ Քոչարյանին Արցախի հարցում մեղադրել է դավաճանության մեջ, հենց ինքն է եղել: Այո, երբ Քոչարյանի նախաձեռնությամբ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, Դ. Շահնազարյանը դա որակել է որպես դավաճանություն և ծանր հարված Հայաստանին ու Արցախին: Բայց դատի չի տվել Քոչարյանին, այլ 20 տարի քնելուց հետո հիշել է, որ վերջինս «հերոս» է և քաղբանտարկյալ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն 2010թ. մարտին հայտարարեց հետևյալը. «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը»։
Գառնիկ Իսագուլյանը, նա, որի կողքին է հայտնվել Դավիթ Շահնազարյանը, 2011թ. հայտարարեց. «1998 թվականին Հայաստանը, Ադրբեջանի վախը չեզոքացնելու համար, բանակցությունների ֆորմատից դուրս թողեց ԼՂՀ-ին, և Հայաստանը ներկայացրեց թե՛ իրեն, թե՛ ԼՂՀ-ն: Սրանից հետո էլ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվեց, և Ադրբեջանը Հայաստանին միջազգային հանրությանը ներկայացրեց որպես ագրեսոր, ԼՂ խնդիրը` որպես կոնֆլիկտ երկու կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ մոռանալով, որ հիմնական հակամարտող կողմը ԼՂՀ-ն է»:
ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը 2009-ին հայտարարեց. «Ղարաբաղյան կողմը ամբողջությամբ անտեսված է բանակցային գործընթացում, այնինչ մինչև 1998 թվականը միջնորդների բոլոր առաջարկներն ուղարկվում էին Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ, և բանակցությունները ունեին եռակողմ ձևաչափ»:
Սա՝ Քոչարյանի մասով: Մեղրին հանձնելու նրա պատրաստակամության մասին Դավիթ Շահնազարյանի տեսակետների մասին ընդհանրապես չենք խոսում:
Իսկ Դավիթ Շահնազարյանը չի՞ պատրաստվում դատի տալ Սերժ Սարգսյանին, որը հայտարարեց, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Դա Նիկոլ Փաշինյանը չի ասել, այլ՝ Սերժ Սարգսյանը: Ախ, հա՜, լսել ենք, հետո Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու հույսեր էր փայփայում, Աղդամի ժամանակը չէր: Ի դեպ, մենք այն ժամանակ Սերժ Սարգսյանի այդ հայտարությունը դավաճանություն չէինք որակել՝ այն համարելով քաղաքական հայտարարություն, ոչ ավելին:
Ավելին, 2016թ. նոյեմբերին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովին, որտեղ բառացիորեն ասել էր հետևյալը. «2008 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում, և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք Մայենդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, համաձայն որի ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է»:
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է ասել Սերժ Սարգսյանը. 7 շրջան թողնում էին Ադրբեջանին: Դավիթ Շահնազարյանը սրա մասին էլ գիտեր: Ծպտուն չի հանել: Իսկ հիմա կախվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից: